ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Մուշիկիվաբոյին Հայաստանի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ Թուրքիայի կողմից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավվածության հանգամանքի վրա՝ նշելով, որ նրանց ներկայությունը Ադրբեջանում այսօր լուրջ սպառնալիք է հանդիսանում միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար:
Երկուստեք կարևորվել է Ադրբեջանի ինքնիշխանության տակ անցած Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությունը և նշվել գերիների, պատանդների ազատման և անհետ կորած անձանց վերադարձի առաջնայնությունը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին համավարակի պայմաններում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կայուն գործունեությունն ապահովելու համար: Նա ափսոսանքով նշել է Հայաստանի նախագահության ընթացքում հյուրընկալման համար նախատեսված որոշ միջոցառումների համավարակի պատճառով չեղարկման հանգամանքը:
Կարդացեք նաև
Տիկին Մուշիկիվաբոն իր զորակցությունն է հայտնել ՀՀ վարչապետին, կարևորել է Հայաստանի դերը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և հավաստիացրել, որ կգործադրի ամեն ջանք ՖՄԿ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամրապնդելու համար: Նա իր երկրի՝ Ռուանդայի նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ