«Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է իր խնդիրների կատարումը: Շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը: Խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված օգնության տրամադրումը եւս շարունակվում է»,-այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ ներկայացնելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
«Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքները: Օրերի ընթացքում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 2000 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղի հայկական տարածքներ: Ընդհանուր առմամբ՝ մոտ 15000 բնակիչ է վերադարձել իր մշտական բնակության վայր»,-նշել է Իգոր Կոնաշենկովը: Նրա փոխանցմամբ՝ հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետներն ականազերծել են տարածքներ, հետազոտել 78 շենքեր, այս թվում՝ Ստեփանակերտի դպրոցներն ու խմելու ջրի մաքրման կայանը. «Արդյունքում հայտնաբերվել են 57 պայթյունավտանգ առարկաներ եւ ոչնչացվել: Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել նաեւ փորձառու բժիշկների հատուկ խումբ»:
Իգոր Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահների վերահսկողությամբ սկսվել է Քարվաճառի շրջանի անցումը ադրբեջանական կողմին. «Հնարավոր միջադեպերի բացառման համար հաստատվել են կապեր՝ հակամարտող կողմերի ղեկավարությունների եւ տեղական ադմինիստրացիայի հետ»
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ