Վաղը ԱԺ արտահերթ նիստ է գումարվում, որի օրակարգում է լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին»:
Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի համաձայն, ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է վերացվել, դա կարող է անել կառավարությունը, կամ ԱԺ-ն՝ իր նախաձեռնությամբ:
Գորգիսյանը նշեց. «Նոյեմբերի 9-ին Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքված պայմանագիրը վերջ դրեց մարտական գործողություններին, դրանից հետո ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի ու ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները եղան,որ այլեւս անվտանգությունը կարելի է համարել ապահովված, հետեւաբար այն բոլոր հիմքերը, որոնք բերվել էին ռազմական դրություն հաստատելիս, այն է՝ ռազմական սպառնալիք կա ու զորահավաքի կարիք, վերացվել են»:
Հիմա, ըստ պատգամավորի, ոչ սպառնալիք կա, ոչ էլ զորահավաք: Բայց սահմանափակումները՝ խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժը, հավաքների ազատությունը, շարունակում են գործել: Երկքաղաքացիները չեն կարողանում երկրից դուրս գալ, սահմանափակումները նաեւ խանգարում են մեղմել ճգնաժամը, որն այսօր կա:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ այս հարցով պաշտպանական գերատեսչության՝ ՊՆ-ի հետ խորհրդակցե՞լ է, նրանց կարծիքը գիտի՞, արդյոք նպատակահարմա՞ր է այս ծավալով ամբողջությամբ չեղարկել ռազմական դրությունը, թե՞ կարելի էր մասնավորեցնել որոշ դրույթներ ու պահել այն, որը անհրաժեշտ է՝ Գորգիսյանը պատասխանեց, որ ամսի 10-ին ԳՇ պետի հետ են հանդիպել, այն ժամանակ ԳՇ պետն ասել էր, որ իրեն պետք է մոտ 7 օր ժամանակ, որ որոշակի անվտանգային խնդիրներ լուծեն, դրանից հետո, այսինքն՝ ամսի 17-ից հետո ընդունելի էր համարել ռազմական դրությունը չեղարկելու հարցը. «Դրանից հետո մենք ամսի 18-ին փորձեցինք իրականացնել, արագ ընթացակարգը պահանջում էր, որ ԱԺ խորհուրդը որոշում կայացնի ու մտնի օրակարգ, բայց քանի որ դա տապալվեց, ստանդարտ ընթացակարգով մենք արեցինք»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ԳՇ պետի հետ իրենց հանդիպման մասին տեղյակ է, գիտի նաեւ, թե ինչ է ասել նա, բայց կյանքը իր ուղղումներն է մտցնում. «Ռազմական դրությունը հանաք բան չի: Այսօրվա թե՛ Արցախի հանրապետությունում, թե՛ Հայաստանի խնդիրների լուծումը էապես կախված են թե՛ ռազմական գերատեսչության՝ ԳՇ-ի, թե՛ այսօրվա գնահատականի հետ: Մենք այսօր պետք է կայացնենք որոշում: Եթե նրանց գնահատականը չունենք…7 օր առաջ ԳՇ պետն ասել է հնարավոր է, դա այսօր չի նշանակում, որ պահն է, այսօրվա գնահատականն ունե՞ք»:
Գորգիսյանն ասաց, որ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններն ունեն, որ անվտանգության խնդիրները արդենիսկ լուծված են. «Լավրովի եւ Պուտինի հայտարարություններից հետո կարիք չի եղել»: Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դուք քարտեզը բնականաբար շատ լավ կարողանում եք կարդալ, տիրապետում եք, տեսնում եք, որ մեր տարածքների պահպանության ենթակա տարածքները անգամներ մեծացել են եւ երկարությունը սպասարկելու համար հատկապես ԶՈՒ կարողությունները պետք է վերահաշվարկ անենք: Ռազմական դրության ռեժիմն է թույլ տալիս դա: Պետք է բոլոր հանգամանքները հաշվի առնենք, ոչ թե՝ ՌԴ նախագահը սա ասեց, ասվեց, որ օդը փակ է եւ այլն»:
Կառավարությունն իրավասու է նախագծի վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնել, սակայն չի արել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ