Լրահոս
Օրվա լրահոսը

Պլատոնական Հայաստանը. որ կետին ենք հասել

Նոյեմբեր 25,2020 18:08

Լավ նորություն կա. եթե հետևենք Պլատոնի ռեժիմների հերթափոխին, ապա շուտով կարող ենք ունենալ արիստոկրատիա, բայց մինչ այդ հասկանանք, թե որտեղից ուր ենք հասել: Իսկ որտեղիցը ԽՍՀՄ-ի փլուզման սկիզբն էր:

ԽՍՀՄ-ը տոտալիտար ռեժիմի դասական օրինակ էր. մի կետից կառավարում, ընդդիմության բացակայություն, հլու հնազանդ քաղաքացիներ, կարգ ու կանոնի պահպանում: Ինչպես Պլատոնը նկարագրում է տիրանին, շատ հարցերում նման է ԽՍՀՄ-ին:

Ի թիվս այլ երկրներում սկսված բողոքի ցույցերի, մեզանում նույնպես սկսվեցին ցույցեր՝ ղարաբաղյան շարժման առաջնորդությամբ, քանի որ մարդիկ ամենուր ուզում էին ազատվել այդ տոտալիտար ռեժիմից, իմա՝ տիրան կոմունիստական կուսակցությունից: Հայաստանում դա զուգորդված էր Արցախյան հարցի հետ:

Թե՛ հասարակությունը, թե՛ արդեն իսկ ձևավորված ղարաբաղյան շարժման էլիտան որոշեց, որ իրենց մեջի արիստոկրատին պետք է ընտրեն իրենց ղեկավար. դա Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ով մեջների ոսկին էր. խելացին, գիտնականը, իմաստունը, տիրապետում էր 6-7 լեզվի, կարողանում էր բանակցել, վեր էր մանր-մունր բաներից: Ու Հայաստանը շատ կարճ ընթացքում վայելեց իր արիստոկրատ ղեկավարին, հպարտանում էր նրա գրագետ խոսքով, մինչև, ինչպես Պլատոնն է ասում, երկաթը կխառնվեր արծաթին, ոսկին պողպատին ու արդյունքում առաքինության և զգայական հատկանիշների հավասարակշռությունը կխախտվեր:

Փիլիսոփա թագավորին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին գահընկեց են անում թիմոկրատները՝ ռազմիկները, այսինքն՝ պատերազմում կռվածները՝ պատճառ բերելով, թե նա փորձում է հողերը հանձնել: Դա անընդունելի էր ռազմիկների համար. չէ՞ որ նրանք փառքի հասել էին հենց այդ տարածքների ձեռք բերման շնորհիվ: Ինչպե՞ս կարող էին թույլ տալ որևէ մեկին խլել իրենցից իրենց հպարտությունն ու հաղթանակը:

Թիմոկրատիան արիստոկրատիայի թերացումների արդյունքն է. այն ունի թե՛ արիստոկրատիայի, թե՛ օլիգարխիայի տարրեր: Այն առանձնանում է ուժով. արդյունքում առաքինությունը սկսում է երերալ: Թիմոկրատիային տիպիկ է սեփականություն դիզելու ցանկությունը, որը կարելի էր տեսնել Տեր-Պետրոսյանի ժամանակից ու հետագայում արդեն Քոչարյանի օրոք: Թիմոկրատիային բնորոշ է խիստ կարգ ու կանոնը. Չէ՞ որ ռազմիկներն են իշխանության ղեկին: Քաղաքացիները դառնում են հնազանդ: Ու ռազմիկների ախորժակը գնալով այնքան է բացվում, որ թիմոկրատիան աստիճանաբար վերածվում է օլիգարխիայի:

Սա սկսվում է Քոչարյանի կառավարման շրջանում ու էլ ավելի ամրապնդվում Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ: Օլիգարխայի ժամանակ երկրի ղեկավարներ դառնում են նրանք, ովքեր գումար ունեն: Նյութականության բարձրագույն աստիճանը հենց օլիգարխիայի ընթացքում է ամրանում: Օրենքները գրվում են ղեկավարների ու նրանց մերձավորների ունեցվածքի պահպանման համար, դրա համար մենք ունեինք օլիգարխիկ պառլամենտ: Խիստ միջոցներ էին կիրառվում ունեցվածքի պահպանման համար: Հասարակությունը բաժանվում է հարուստների ու աղքատների, ու այնքան է սրվում այդ բևեռացումը, որ հասարակությունը մի օր պայթում է ու իշխանության է գալիս դեմոկրատ ղեկավարը՝ մեր թավիշը:

Դեմոկրատիայում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իսկ ղեկավարները, որոնք ժողովրդի ներկայացուցիչներն են, սկսում են անել այն, ինչ ուզում են ու ինչպես ուզում են ու անգամ օրենքը խախտելով ու պատասխանատվության չենթարկվելով: Հիշենք հեղափոխական ու հետհեղափոխական շրջանում. անգամ հասարակությունն էր թույլ տալիս մանր-մունր խախտումները, քանի որ «մեր թագավորին» կարելի էր: Ու շատ կարճ ժամանակ անց նույն ժողովրդի փոքրիկ խմբեր սկսեցին փողոցներ փակել, բողոքել արդեն իրենց ընտրած ղեկավարից, քանի որ տեսել էին, որ փողոց փակելով կարող են իրենց ուզածին հասնել ու կապ չուներ՝ արդարացվա՞ծ էր դա, թե՞ ոչ:

Դեմոկրատիան օլիգարխիայի ծնունդն է, ու եթե շատ հարցերում օլիգարխը, ըստ Պլատոնի, ուներ չափավոր հատկանիշներ, ապա դեմոկրատին բնորոշ են անհագ ցանկությունները. Օրինակ՝ օլիգարխները հարկերը թաքցնում էին, բայց դա անում էին ծածուկ, դեմոկրատներն արդարացնում են իրենց պարգևավճարները ու դա անում են անթաքույց, օլիգարխները մարիխուանա ու այլ բաներ ծխում էին ժողովրդի աչքից հեռու, նույն դեմոկրատները կանգնում ասում են՝ եկեք օրինականացնենք ու նաև կարող էին եթերի դուրս գալ ոչ սթափ վիճակում…

Դեմոկրատին բնորոշ է արկածախնդրությունը, որը նրան ցնցումների մեջ է գցում ու նա սկսում է չկարողանալ կառավարել ու երկրում տիրում է անարխիա: Նայենք՝ ինչ է կատարվում հիմա. քաոսից դուրս գալու համար Փաշինյանն ամեն ինչ իր ձեռքում է կենտրոնացրել, որպեսզի կարողանա կարգ ու կանոն պահպանել: Անգամ արդեն սկսել է վախենալ, որ իրեն կարող են սպանել. գուցե մտածում է՝ արել է այնպիսի բաներ, որ մահվան է արժանի: Ոստիկանական ուժերն ու ԱԱԾ-ն գերագույնս կենտրոնացված են գերագույնի կողքին: Ու այսպես, դեմոկրատից ծնվում է տիրանը:

Ցիկլի ավարտ:

Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ուզում է ու ինչպես ուզում է. կալանավորում է իր ընդդիմադիրներին, երկիրը բաժանել է սև-սպիտակի, ատելությունը դարձրել կառավարման սկզբունք, իսկ ստախոսությունը՝ կառավարման ձև, իսկ իրականում անկարող է կառավարել: Պատերազմի խայտառակ կապիտուլյացիան հասցրեց անարխիայի. հիշենք առաջին շաբաթը:

Սա երկար չի կարող տևել ու եթե հետևենք Պլատոնին, նոր ցիկլ պետք է սկսվի, ու այդ ցիկլը պիտի լինի արիստոկրատիան: Պլատոնի արիստոկրատը իրականում տեխնոկրատն է: Եվ մեզ այսօր պետք են հենց տեխնոկրատներ ու բացարձակ կապ չունի, թե ինչ կուսակցություն կներկայացնեն, քանի որ արդեն քաղաքական կատեգորիա դարձած և՛ հների, և՛ նորերի մեջ կան ինչպես անընդունելի, այնպես էլ պրոֆեսիոնալ կադրեր: Մենք պետք է վերջ դնենք այս աղավաղված ու անարխիայի վերածված դեմոկրատիայի տնազին, հաղթահարենք մեր մեջ սերմանած հների վերադարձի վախերին ու թույլ չտանք, որ տիրանիան խորանա: Կամ կանենք, կամ կունենանք տիրան Նիկոլ գահին դեռ երկար ժամանակ: Ամեն ինչ մեր ձեռքերում ու մեր գործողություններում է:

Տաթեւիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30