Կառավարության շենքի առջեւ հացադուլ հայտարարած մեր քաղաքացիների թիվը հասավ 4-ի:
2008 թվականին խաղաղ պայմաններում թշնամու գնդակից դիքում զոհված զինվորի մայր Անահիտ Կիրակոսյանի խնդրանքը Ռուսաստանին է: Որպես զինվորի մայր նա խնդրում է Ռուսաստանի իշխանությանը, որպեսզի նրանք օգնեն մեր բոլոր գերի ընկած, անհետ կորած զինվորներին ու քաղաքացիներին գտնեն եւ շուտափույթ ետ վերադարձնեն իրենց ընտանիքներ, քանի որ յուրաքանչյուր րոպեն նրանց համար կարող է ճակատագրական լինել: «Նրանք այսքան օր ցրտի, գուցե, անձրեւի ու ձյան տակ են, սոված, ծարավ… չեմ ուզում մտածել, գուցե, շրջապատված են վայրի կենդանիներով»:
Հարցին, թե իր պահանջները ինչո՞ւ չի ներկայացնում Հայաստանի, նախագահին, վարչապետին, կամ կառավարությանը, տիկին Կիրակոսյանը պատասխանեց. «Ես այդ կարգի մարդկանց չեմ ճանաչում: Ես կարծում եմ՝ մենք չունենք իշխանություն: Մի քանի օր է՝ հետեւում եմ այս պատերազմում իրենց զավակներից, ամուսիններից, հայրերից ու եղբայրներից ոչ մի տեղեկություն չունեցող ծնողների բողոքին: Նրանք հուսահատ են ու այդ հուսահատությունը ինձ էլ է պատում: Եվ ես հասկացա, եթե ոչ ես, ապա ո՞վ պետք է ներկայանա այս ակցիայով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ