«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմության քայլերն այս փուլում միտված չէին երկրում իրավիճակի կայունացմանը. «Հիմա անկախ քաղաքական, կուսակցական պատկանելությունից, բոլորիս միակ կետը պետք է լինի հայրենիքը: Եվ եթե բոլորս առաջնորդվենք պետական մտածողությամբ, ապա կարծում եմ, մենք որեւէ հանգրվանի կհասնենք»:
Հարցին՝ դուք քաղաքական բախումների վտանգ տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Այս փուլում չեմ տեսնում, որովհետեւ ես հասկանում եմ, որ որքան էլ կատարվածը ծանր կարող է լինի, ինձ համար սա անձնական ողբերգություն կարող եմ ասել՝ տարբեր մակարդակներում, եւ այն հանգամանքը, որ հայրենիք եմ կորցրել, եւ այն հանգամանքը, որ մի քանի հազար զոհված երիտասարդներ ունենք, այնուամենայնիվ, ես հասկանում եմ, որ կան նպատակներ ու կան այլ շահեր ու ցավոք սրտի ոչ բոլորն են խոսում՝ պետության շահից ելնելով»:
Հարցին՝ դուք պատրաստվո՞ւմ եք մանդատը վայր դնել եւ ներողություն խնդրել հանրությունից տեղի ունեցածի համար՝ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Պատասխանատվությունը բնականաբար ենթադրում է հետեւանքներ, սրանից որեւէ մեկը չպետք է ոչ խուսանավի՝անկախ նրանից՝ մանդատ կդնի ու կհեռանա՞, թե՞ ոչ: Իրողությունը կայացված է եւ այդ պատասխանատվությունը պետք է կրել, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով այս պահին իշխանությունը թողնել՝ հաշվի առնելով այն խնդիրների քանակը, որն ունենք, եւ հեռանալ, դա կրկնակի անպատասխանատու կլիներ»:
Նա ասաց, թե այս պահին ինչ խնդիրներ է ինքը լուծում՝ պահելով մանդատը. «Օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում՝ անհետ կորածների մասով, որպեսզի գործընթացը կրճատվի, Քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի փոփոխություն: Անհետ կորած, կամ մահացած ճանաչվելու դեպքում գործընթացը կարող է տեւել 2 տարի, ըստ գործող օրենքի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ պետական մարմինները անհետ կորածների, գերիների հարցերով գրեթե չեն զբաղվում, տեսնում ենք ինչ է կատարվում, մարդիկ անցնում են հակառակորդի սահման, գերի են ընկնում, սա անիշխանության դրսեւորում չէ՞՝ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ: Բնականաբար, օրվա իշխանությունը կրում է պատասխանատվություն գործընթացների նկատմամբ, բայց կապված այն տեղանքների եւ տարածքների հետ, որոնք անցնելու են հակառակորդի տիրապետության տակ, կա հստակ պայմանավորվածություն եւ սա Արցախի իշխանությունները վերահսկում են: Ինչ վերաբերում է գերիներին եւ անհետ կորածներին, արդեն երկրորդ օրն է՝ մեր կառավարության գործընկերների հետ, առաջին օրը՝ վարչապետի գլխավորությամբ, նախօրեին՝ փոխվարչապետի գլխավորությամբ, գերատեսչական տարբեր ներկայացուցիչների հետ անհետ կորածների, գերիների հարցերով ենք զբաղվում, մինչ ուշ գիշեր մենք աշխատում ենք: Որոշակի խնդիրներ ու դժվարություններ կան, որովհետեւ մենք հասանելիություն չունենք այն վայրեր, որտեղ գտնվում են մեր տղաների աճյունները: Եվ սա է խնդիրը, պետք է ռուս խաղաղապահների միջամտությունը»:
Նազելի Բաղդասարյանն ասաց, որ նախօրին գերիների փոխանակում եղել է, բայց թվեր չկարողացավ նշել. «Այնտեղ, որտեղ թեժ մարտեր են եղել, ականապատ տարածքներ են ու անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները նշում են, որ ի վիճակի չեն ֆիզիկապես գնալու եւ դիերը դուրս բերելու: Նախօրեից Կարմիր խաչի նոր ուժեր են բերել, որպեսզի կարողանան ականազերծել տարածքը, նոր դրանից հետո կարողանան դուրս բերել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ