Էրդողանի՝ Արցախի մասին հայտարարության տողատակերն ու Հայաստանին հղված «ուղերձը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խմբակցության նիստին անդրադառնալով արցախյան հարցին, Հայաստանին համագործակցության «ուղերձ» է հղել։
Էրդողանը հանդես գալով «փրկչի» դիրքերից, ելույթում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում 30 տարվա «անարդարության վերականգնմանը» նպաստել է Թուրքիան և հավելել, որ հենց «Թուրքիայի աջակցության շնորհիվ է Ղարաբաղում ավարտվել հայերի օկուպացիան», և իր դիտարկմամբ՝ «հաղթանակի կերտման գործում» հաջողության մեծ չափաբաժինը պատկանում է իր երկրին։
Ինչպես արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Էրդողանի՝ Ադրբեջանին անվերապահ աջակցելու վերաբերյալ նախկին հայտարարությունները, այնպես էլ սա ևս մեկ անգամ փաստում են ռազմական և դիվանագիտական դաշտում Ադրբեջանին Թուրքիայի կողմից զգալի աջակցության մասին։
Թուրքիայի ղեկավարը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ «որոշ համանախագահ պետությունների», որ դեռ մինչև երեկ ասպարեզում չկային, և որ վերջիններիս՝ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի մասին հայտարարությունները, ըստ նրա՝ «որևէ արժեք չունեն»։ Նա, «որոշ համանախագահ պետություններ» ասելով, նկատի է ունեցել Ֆրանսիային և վերջինիս մեղադրել Հայաստանին «բացահայտ աջակցելու մեջ»։
Նա, անդրադառնալով նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մանրամասներին, ասել է, որ քննարկել են, թե այս գործընթացի շրջանակում ինչպիսի քայլեր կարող են ձեռնարկել։
Կարդացեք նաև
Էրդողանը համոզմունք է հայտնել, որ մասնավորապես Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղությունը գերակա դարձնելու քայլեր են ձեռնարկում։ Պետք է նշել, որ այս հայտարարության տողատակում Էրդողանը փորձում է «ամբաստանել» Հայաստանին տարածաշրջանում ապակայունություն տարածելու և խաղաղության հաստատման ուղղված իրենց ջանքերը վնասելու համար։ Նա միևնույն ժամանակ ակնարկել է, որ այդ գործընթացը, որում ներառված են վերոհիշյալ երեք պետությունները, էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու «շանս» ունեն և շարունակելով միտքն, ասել է․ «Այսինքն՝ բացի 3 երկրից, տարածաշրջանից 4-րդ և 5-րդ երկրների մասնակցությամբ Ղարաբաղյան խաղաղության գործընթացը կարող ենք հասցնել այլ մակարդակի»։ Թուրքիայի նախագահն այս հայտարարությամբ փորձել է «համագործակցության ուղերձ» հղել Հայաստանին ու Իրանին։
Այնուհետև Էրդողանը Թուրքիային դիտարկելով արցախյան հարցի կարգավորմանը նպաստող որպես «իրական կողմ» և ելույթը շարունակելով որպես կովկասյան տարածաշրջանի «լիիրավ դերակատար», հայտնել է, որ հաղորդակցության հարցում այս գործընթացը կարող են կարգավորել թե երկաթուղու, և թե ցամաքային ճանապարհով՝ կապելով և՛ արևմուտքն արևելքին, և՛ հյուսիսը հարավին և՛ այդպիսով, «ապահովելով իրենց ադրբեջանցի եղբայրների վերադարձը» Արցախ։
Իհարկե, այս ուղերձի առաջին մասում Թուրքիայի նախագահը համագործակցության ակնարկ է անում Հայաստանին և Իրանին, իսկ երկրորդ մասում ընդգծում Թուրքիայի վճռականությունը պանթյուրքիստական ծրագրերի իրագործման, տարածաշրջանում առաջատար էներգափոխադրող երկիր դառնալու հարցում, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական ցանցի աշխարհագրությունն ընդլայնելու և տարածաշրջանում ամուր արմատներ գցելու անհրաժեշտությունը։
Էլեն ՔՈՔՉՅԱՆ