Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով կառավարության մի քանի անդամների՝ նախարարների ու փոխնախարարների պաշտոնազրկմանը, կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն այս քայլով իր խայտառակ պարտությունն Ադրբեջանին փորձում է բարդել «սրա, նրա վրա»։
«Ի սկզբանե փորձեց մեղադրել բանակին, հետո սկսեց մեղադրել անհատ անձանց, բայց տեսնելով, որ այդ էժանագին քայլերը մեծ արդյունք չեն տալիս, սկսեց նախարարներ, փոխնախարարներ փոխելով, ռոտացիաներ անելով հասարակության ուշադրությունը շեղել ամենակարևոր խնդրից՝ իր կողմից ստորագրված դավադիր կապիտուլյացիայից։
Ես նրան թևավոր խոսքով կպատասխանեմ․ «Ձուկը գլխից է հոտած, Նիկո՛լ, և հոտածը դու ես, ոչ միայն նախարարները… Պարտության վանող հոտը գալիս է քեզանից։ Նախարար փոխելով՝ որևիցե փոփոխություն երկրում չի լինի։
Հասարակության մի զգալի մաս ուղղակի շոկի մեջ է, որ երկիրը շարունակում է ղեկավարել մեկը, ով ծնկի է իջել Իլհամ Ալիևի առաջ, ով ստորագրել է նրա կողմից պարտադրված ղազագիրը։ Պատմության մեջ այսպիսի բան չի եղել, որ պարտություն կրած պետության ղեկավարը իր պարտության պատճառները փորձի բարդել սրա-նրա վրա՝ այնպիսի աճպարարություններով, ինչպիսին է՝ նախարար փոխելը, հաթաթա գալը, քաղաքականապես ոչ գրագետ զանգվածին առաջնագծից իջեցնելը և հասարակությանը նրանցով ահաբեկելը, զինվորականներին ահաբեկելը։ Նման քայլերով պատերազմում պարտված երկրում չի լուծվել հետպատերազմյան իրավիճակ։
Կարդացեք նաև
Մի կող թողնենք Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին կամ վարչապետին, ես ինքս լինելով ՀՀ քաղաքացի՝ վատ եմ զգում, որ իմ երկիրը հետագայում միջազգային հարթակներում պիտի ներկայացնի մեկը, որը ծնկի է իջել Իլհամ Ալիևի դիմաց, ով ստորագրել է նրա կողմից մեզ պարտադրված ղազագիրը, ով Արցախի տարածքի մեծ մասն առանց պատերազմի ուղղակիորեն սկուտեղի վրա նվիրել է ադրբեջանցիներին։
Ադրբեջանի դրոշի օրը Նիկոլ Փաշինյանը սկուտեղի վրա թուրքազերիներին նվիրեց Շուշին։ Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյանը օր թուրքազերիներին դարձյալ սկուտեղի վրա նվիրեց Մոնթե Մելքոնյանի կողմից ազատագրված Քարվաճառի շրջանը և Մռավի ամբողջ լեռնաշղթան։ Այս ամենում ես պատահականություն չեմ տեսնում, սա հատուկ ազգադավ ծրագիր է, որը իրագործվում է Նիկոլ Փաշինյանի կողմից»։
Գագիկ Համբարյանի ասելով, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը ինչպես է իրեն պատկերացնում միջազգային ասպարեզում, հանդիպումներն Իլհամ Ալիևի հետ, որը գրեթե ամեն օր իրեն հեգնում է, վրան ծիծաղում է ու վիրավորում։
«Որպես ՀՀ ղեկավար՝ ինչպե՞ս պետք է հանդիպի տարբեր պետությունների ներկայացուցիչների կամ ղեկավարների հետ, չի մտածո՞ւմ, որ բոլորին իրեն կամ խղճահարությամբ են վերաբերվելու՝ որպես պարտված լիդերի կամ զզվանքով՝ որպես պարտված, բայց աներես մարդու, որն ամեն գնով փորձում է պահել իշխանությունը։
Եթե ինքը չի հարգում իրեն, գոնե հարգի Հայաստանի Հանրապետությունը, գոնե հարգի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը և խաղաղությամբ թողնի ու հեռանա պաշտոնից։ Ուղղակի ամոթ է, որ թուրքի ղազագիրը ստորագրած անձը փորձ է կատարում մանիպուլյացիաներով, նախարարների փոփոխությամբ հասարակությանը համոզել, որ ամեն ինչ նորմալ է և լավ կլինի»,-ասում է Գագիկ Համբարյանը։
Մեր այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է՝ «Հայ հասարակությունը համաձայն է, որ այն իրավիճակում, երբ ստորագրվեց այդ փաստաթուղթը, որևէ իրական այլընտրանք չկար, որն ավելի լավը կլիներ մեզ համար», քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն հերթական կեղծ տեղեկությունը համարեց։
«Ինչպես բազմիցս է ստել ու կեղծել մինչ պատերազմը, այնպես էլ հիմա, դուք հասարակության անդամ լինելով՝ որևէ անգամ Նիկոլ Փաշինյանից իմացե՞լ եք, թե ինքն ինչ է պատրաստվում անել Ադրբեջանի հետ բանակցություններում: Դուք 2,5 տարի իմացե՞լ եք՝ ինքն ինչ է բանակցել։ Նիկոլ Փաշինյանը սկզբում ասում էր, թե ինքն իր սեփական կետից է բանակցում, հետագայում ասաց՝ ինչ ուզի, դա էլ կբանակցի, հետո ասաց՝ եթե ինքը հող հանձնի, թող իրեն այրեն հրապարակում։ Հենց որ պատերազմը սկսվեց և սկսեց տանուլ տալ, սրա-նրա վրա բարդեց իր բոլոր մեղքերը։ Օգտվելով այն հանգամանքից, որ հասարակության մի զգալի մասը քաղաքականապես շատ թույլ է, գրագետ չէ և լավ տիրապետելով մանիպուլյացիոն մեխանիզմներին՝ փորձ է կատարում սրա-նրա վրա բարդել։
Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը որևիցե մեկից ոչ մի բան չի ժառանգել, իր հայտարարությունները, որ ինքը բանակցային գործընթացը ժառանգել է, կեղծ է, որովհետև ժառանգել, նշանակում է Հայաստանի նախորդ իշխանությունների կողմից ստորագրված ինչ-որ փաստաթղթեր, որոնք պարտավորեցնում են Հայաստանի Հանրապետությանը դրանց հիման վրա քայլեր կատարել։
Հարց է առաջանում՝ արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ որևէ մեկ նախագահ, լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որևիցե փաստաթուղթ Հայաստանի անունից ստորագրե՞լ են, որ Նիկոլ Փաշինյանը պարտավորված զգա իրեն և ստորագրված փաստաթղթի հիման վրա ինչ-որ քայլեր ձեռնարկի։ Ո՛չ, չկա այդպիսի բան: Երկրորդը և ամենածիծաղելին, որ նիկոլականները տարածում են, թե նախկինները ծախել էին Արցախը, Նիկոլն էլ եկավ, չէր կարող չտալ։ Եթե նախկինները ծախել էին, Նիկոլ Փաշինյանը եկավ ու տվեց, ուրեմն ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը նախկինների հետ սերտ համագործակցում է։
Դուք Նիկոլ Փաշինյանի շուրթերից լսե՞լ եք, որ սա նախկինների ծախած հարցն է, և ինքը ստիպված Արցախի մեծ մասը զիջելու է։ Չեք լսել և չի էլ ասելու, այն անձինք, որոնք այդ թեզն են առաջ տանում, որ նախկինները ծախել են, Նիկոլն ինչ անի, թող իրենց հարց տան, իսկ ի՞նչ պիտի աներ Նիկոլը, եթե ինքը չի համագործակցում նախկինների հետ և չի տանում այդ գիծը, ուրեմն պիտի բարձրաձայներ, ՖԲ-ով ուղիղ եթեր մտներ ու իրենով զմայլվածներին ասեր՝ գիտեք սիրելի ժողովուրդ, նախկինները ծախել են և այս վիճակը ստեղծվեց։ Չի եղել նման բան, իսկ եթե ինքը հլու-հնազանդ առաջ է տանում այդ գիծը, ուրեմն ինքը նախկինների հետ համագործակցում է։
Այս պատերազմը սեպտեմբերի 27-ից տանուլ էր տրվում, հենց այդ օրը Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային Ժողովում մեսիջ էր, որ ինքը տանելու է ի վնաս ՀՀ-ի և Արցախի։ Նա Ազգային Ժողովի ամբիոնից գուժեց՝ «եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարում», ինքը մտածում էր, որ մենք, չգիտես ինչու, եթե պարտվեք, մեզ մենք պարտված չենք համարելու։ Նիկոլ Փաշինյանի պես գործչի պատճառով մենք պարտվել ենք և որպեսզի փրկվի Հայաստանը, պիտի հրաժարական տա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ