Վանաձորի համայնքի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր Վանաձորում պանթեոն կառուցելու մասին հարցը: Պանթեոնում կհուղարկավորվեն ՀՀ եւ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողները, հասարակության եւ պետության նկատմամբ նշանակալի ծառայություններ մատուցած այլ անձինք:
Պանթեոնը կառուցելու նպատակով հողատարածք է հատկացվել Վանաձոր քաղաքի նոր գերեզմանատան տարածքում. «Պատերազմի առաջին իսկ օրից, երբ որ հասկացանք, որ զոհեր ունենք, այդ ժամանակ որոշեցինք մեր նահատակներին առանձին վայրում հուղարկավորենք, որպեսզի հետագայում ընդհանուր վերաբերմունք էլ ցույց տրվի՝ եւ՛ հիշատակման, եւ՛ մեծարման ու ոգեկոչման: Դրա համար գերեզմաններում տարածք ենք առանձնացրել, որպեսզի պանթեոն կառուցվի եւ հավուր պատշաճի մեր ընկերներին ու եղբայրներին վերաբերմունք ցույց տրվի, թեկուզ հետմահու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Քաղաքապետի խոսքով՝ այս օրերին վանաձորցի հերոսների հարազատներին առաջարկվել է, որ տղաներին հուղարկավորեն պանթեոնում: Նրանց մեծ մասը համաձայնել է, սակայն միայն մեկ պայմանով՝ պանթեոնը պետք է բոլոր հերոսների համար լինի միանման. «Պետք է կարողանանք հասնել նրան, որ բոլորը միանման գերեզմաններ լինեն: Որովհետեւ ես ծնողներ գիտեմ, որ ասել են, եթե գերեզմանները մեկը մյուսից տարբերվեց, ես իմ երեխային կտանեմ ուրիշ տեղ: Այսինքն, մարդիկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա զինվորական պատվո վայր է, որտեղ մեծարվելու են տղաները, որտեղ որ իրենց հիշելու են, միայն դրա համար են համաձայնել պանթեոնում հուղարկավորել: Թե չէ այդ ընտանիքների մեծ մասը ընտանեկան գերեզմաններ ունեն, հետեւաբար մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ բոլոր գերեզմանները միանման, նույն քարով ու գլխաքարերով լինեն»,- ասաց քաղաքապետը:
Պանթեոնի համար հատկացվել է 3450 քառ. մ տարածք: Այդտեղ նախատեսվում է կառուցել նաեւ մատուռ:
Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքների իրականացման համար ֆինանսավորման աղբյուրներ դեռեւս չկան, սակայն ձմռան ընթացքում բոլոր հարցերը կկարգավորվեն: Նրա խոսքով՝ շինարարական սեզոնի մեկնարկի հետ կսկսվեն նաեւ պանթեոնի կառուցման աշխատանքները:
Համայնքի ավագանին միաձայն կողմ քվեարկեց հարցին:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ