Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բերման էր ենթարկվել: Լրագրողների հետ զրույցում պարոն Իշխանյանը ներկայացրեց միջադեպը: Ասաց, որ կառավարության շենքի առջեւով գնում էր Նալբանդյան փողոց, որպեսզի այնտեղից էլ բարձրանա իրենց գրասենյակ:
«Ոստիկանների մեջ կանգնած էր իմ ծանոթներից մեկը, որին բազմիցս աջակցել ենք բնակարանային եւ այլ հարցերով մեր գրասենյակում: Քրեական անցյալ ունեցողներից մեկն էր, նա կանգնած էր ոստիկանների մեջ`դեպի Տիգրան Մեծ պողոտա: …Երկար ժամանակ զբաղվում էինք այդ գործով, արդյունքներ չէին եղել: Ասացի` Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես հետաքրքրվում: Նա ամենախայտառակ հայհոյանքները տվեց եւ Ղարաբաղի, եւ իմ հասցեին:
Ես զայրացած շրջվեցի, հարցրի` ի՞նձ էիր ասում, հարձակվեց, սկսեց կոպիտ ձեւով քաշքշել ինձ: Այդ ժամանակ քաղաքացիներ եւ ոստիկաններ նրան քաշեցին մի կողմ, եւ ոստիկանությունը երկուսիս էլ բերման ենթարկեց: Ամենահետաքրքիրն այն է, որ բերման ենթարկելու որոշման մեջ գրված էր ծեծի ենթարկելու կասկածանքով: Այսինքն, ես ծեծի ենթարկելու կասկածանքով բերման եմ ենթարկվել»,-ասաց իրավապաշտպանը:
Ապա հավելեց. «Սա է իրականությունը, իսկ եթե խոսքը վերաբերվում է իմ կարծիքին, նախ ի՞նչ գործ ուներ այդ քրեական անցյալ ունեցող մարդը ոստիկանների կողքին: Երկրորդ՝ ես համարում եմ, որ սա սադրանք էր անձամբ իմ նկատմամբ: Ես զգուշացնում եմ հասարակական, քաղաքական գործիչներին, այդ թվում նաեւ ինձ է վերաբերվում այդ զգուշացումը, որ հավանաբար սադրանքներ առաջիկայում էլի կլինեն, պետք զգույշ լինել»:
Կարդացեք նաև
Ավետիք Իշխանյանը հավելեց, որ քրեական անցյալ ունեցող այդ մարդու հարցով տարիներ շարունակ զբաղվել են, գրություններով դիմել տարբեր գերատեսչությունների հավատալով, որ բնակարան է կորցրել: Նաեւ հիշեց Վահրամ Փափազյանի խոսքը. «Տեսնես այդ մարդուն ի՞նչ լավություն եմ արել»:
Իրավապաշտպանն ընդգծեց, որ վարչապետի կողմից խնդիր է դրված ցանկացած գնով իշխանությունը պահել. «Ցավով եմ ասում, որ նրա անօրինական հրամաններին ենթարկվում են իրավապահ կառույցները, որոնք դե յուրե գտնվում են նրա ենթակայության տակ, իսկ այդ կառույցների ղեկավարներից ում չի վստահում, ձեռնոցի պես փոխում է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ