«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, որն այսօր այցելել էր կառավարության շենքի առաջ անժամկետ հացադուլ սկսած Գեղամ Մանուկյանին, Կիմ Բալայանին, լրագրողների հետ զրույցում ասաց. «Սա զուտ քաղաքական գործընթաց չէ, սա հայրենիքի փրկության գործընթաց է, եւ չկա հայ, որը կների երկիրը կործանման տարած վարչապետին: Նա պետք է գնա»:
Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ էլ ի՞նչ ապօրինի հրահանգներ է տվել վարչապետը՝ հիշեցնելով հանրահավաքին արված հայտարարությունը:
«Օրինակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասում է՝ հանձնարարում եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենին գնալ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգի, դա ապօրինություն է»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Վանեցյանի՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվեր այնպիսի գործերով, որ այսօր չկանգնեինք այսպիսի «արհավիրքի» առաջ:
«Հայրենիք» կուսակցության ղեկավարի խոսքով, փոխանակ հանձնարարի ԱԱԾ-ն «Բայրաքթարների» մասին տեղեկատվություն հավաքի, դրա կիրառման դեմ մի բան անեն, հանձնարարում է՝ սատանա բռնեն: Նրա խոսքով, վարչապետն իր այդ գործելակերպով նվաստացնում է պետական կառավարման մարմինների դերը. «Պետական կառավարման համակարգը հիմնատակ քանդել է: Դրա համար էլ անհայտ կորած ու գերեվարված զինվորների հարցով չեն զբաղվում: Ես չեմ ասում՝ չեն ուզում, չգիտեն՝ ոնց զբաղվեն»:
Ըստ նրա՝ հանրությունը պետք է գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանի կողքից հեռանալը պարտություն չէ. «Մի օր առավոտ հանրությունն արթնանալու է եւ հասկանալու է, որ սխալվել է»:
Անդրադառնալով վերջին օրերին ցուցարարներին անհասկանալի՝ չինական տարբերանշաններով հագուստով բերման ենթարկողներին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ եղան բազում ապացույցներ, որ այդ համազգեստով մարդիկ ոստիկանության հետ որեւէ կապ չունեն. «Դա կրիմինալի, օլիգարխների ներկայացուցիչներն են: Եթե նկատել եք, նրանց դիմակների տակ, շատ շատերը մորուք ունեն, բայց համակարգում չկա տենց մարդ»:
Արթուր Վանեցյանը դիմեց ուսադիր կրող, համազգեստ հագնող մարդկանց՝ կոչով, որ սթափվեն: Ասաց, որ ինքը որեւէ հակապետական քայլ չի հանում եւ նրանցից մեկն է:
Լրագրողների հետ զրույցում պարոն Վանեցյանն ասաց, որ եկել է իր ընկերներին ողջունելու ու քաջալերելու: Նա նշեց, որ նրանք ծայրահեղ քայլի են դիմել, բայց առողջությունը վնասել պետք չէ, պետք է դադարեցնել, սակայն որոշումը ըստ նրա՝ արդարացված է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ