Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռաբլուր մտնողը պիտի գիտակցի, որ էդքան երեխեքն անիմաստ չպիտի զոհվեին». Տիգրան Միքայելյան

Նոյեմբեր 25,2020 16:09

«Երբ գնացինք առաջնագիծ, առաջնագծում կանգնած մարդկանց պատմածով, առաջնագիծը այդքան լիքը չէր: Այն դիրքը, որը ես եմ փոխել, ընդամենը եղել է 6 հոգի, մենք մտել ենք 13 հոգի: Դիմացի դիրքը` ադրբեջանական, ըստ քարտեզի 165 մետր էր, բայց իմ կարծիքով 80-85 մետր էր մեզանից հեռու: Կռիվ եղել է, դիրքից-դիրք կրակոցներ եղել են, բայց ես իմ աչքով ինչ տեսել եմ թե ինչ է կատարվում Ջաբրաիլում, Հադրութում եւ Մարտակերտի շրջանում… էտեղ ահավոր էր: Թուրքը կարողացել է երկու ժամ, ինչ զենք ուներ, էնպես կրակ բացեր մի տարածքի վրա, որ ուղղակի գետինը կարմրում էր: Դրանից հետո, թե էնտեղ մարդ կմնար, թե չէ`ասել չեմ կարող»,- այսօր, «Հենարան» մամուլի ակումբում իր մտորումները բարձրաձայնեց բժիշկ-համաճարակաբան Տիգրան Միքայելյանը (Եռաբլուրում, որդու գերեզմանին պառկած հայտնի լուսանկարի հերոսը-Ն. Գ.): Նա սեպտեմբերի 27-ից, կամավորական հիմունքներով մեկնել է ռազմաճակատ: Ու մինչ ինքը փնտրում էր Պավլիկ Մանուկյանին, ում հավատում է, որ նրա ջոկատով մեկներ, կինը զանգահարում եւ տեղեկացնում է, որ մինուճար որդին արդեն մեկնել է`ՄՈԲ-ի կազմում:

Ինքն էլ է մեկնել, Ասկերանում է եղել, երկրորդ գծում: Երկրորդ օրը հրամկազմին փորձել է համոզել, որ իրենց առաջին գիծ տեղափոխեն, երիտասարդներին բերեն երկրորդ գիծ: Ասել են, որ առաջնագծում ամեն ինչ նորմալ է, երկրորդ գիծը պետք է ուժեղացնել`խրամատներ փորել, կրակակետեր եւ այլն: Տասն օր հետո արդեն առաջնագիծ տեղափոխվելու հրաման են ստանում: 13-րդ վաշտում է եղել, 84 հոգի են եղել, եղել են մարդիկ, ովքեր 5-6 երեխաներ են ունեցել, բայց եկել են, քանի որ «հայրենասեր տղաներ» են. «Բոլորս եկել էինք նրա համար, որ կարողանանք կռվող երեխաների կողքը կանգնել, որովհետեւ, երբ ապրիլյանի ժամանակը, երեխեքը շատ էին վախեցած, ՄՈԲ-ը կանգնեց երեխեքի կողքը, դա կարեւոր էր`զոհեր քիչ ունեցանք: Մեր բոլորիս խնդիրն էր՝ գոնե մի ձևով օգտակար լինենք կռվող տղերքին: Մեզ մոտ ընդամենը սնարյադներ էին գլխավերևով իջնում ներքև՝ 25-30 մետրի վրա ընկնում էին, բայց մենք սովորել էինք այդ ամենին… Իմ ասելիքն իմ տղայի կորուստը չէ, իմ ասելիքն այն է, որ ես պատերազմից բերել եմ տղայիս դին և եկել եմ այստեղ ասելու, որ մենք Աղդամը չենք տվել: Ոչ մի զինվոր չի պարտվել, կարող է պարտվել է գեներալը, դավաճանը, բայց ոչ զինվորը: Զինվորին ընդամենը պետք էր հարձակվել, սակայն հարձակման հրաման մեզ, չգիտեմ ինչո՞ւ, այդպես էլ չեն տվել: Մեզ ասում էին, որ պետք է մնանք մեր տեղերում: Ես ծանոթ եմ նաև մարդկանց, ովքեր պահել են Ջաբրայիլը, Հադրութը և նրանք ասում են, որ եղել են բաց տարածքներ, որտեղ զինվոր չի եղել, բայց ես ասում եմ այն, ինչ եղել է Աղդամում»:

Իր հրամանատարը եղել է Սասուն Գրիգորյանը՝ «հրաշալի հրամանատար և հրաշալի մարդ». «Մենք խնդրում էինք, որ մեզ փոխարինեն թեկուզ 5 օրով, որովհետև շատ հոգնած էինք: Մեզ ասում էին, որ չկան փոխարինողներ, մենք էլ մտածում էինք, որ երևի բոլորին տանում են թեժ գծեր՝ Հադրութ, Ջաբրայիլ… Բայց ես հետ եմ եկել, տղայիս հողին եմ հանձնել, բոլորի հետ զրուցում եմ ու հասկանում մի բան`բոլորին զինկոմիսարիատից գրանցել են ու չեն կանչել: Ինչո՞ւ չեն կանչել, կարող է մի 10 հոգի փախել է, բայց մնացած բոլորին ինչո՞ւ չեն կանչել: Ես դեռ չեմ պարտվել, ես սպասում եմ հրամանատարիս առաջին կոչին: Հողն արյունով են պահում, մի ստորագրությամբ հող հանձնելով ոչինչ չի ավարտվում, թշնամին թուրք է, ես նրան լավ եմ ճանաչում: Եռաբլուր մտնողը պիտի գիտակցի, որ էդքան երեխեքն անիմաստ չպիտի զոհվեին: Ամսի 29-ին ես տղայիս դիակի հետ ևս 32 դի եմ բերել, ամսի 29-ին ու էդպես եղել է երեւի ամեն օր: Ես խնդրում եմ էս ղեկավար են, ով են, թարգեն կռիվներն ու դավիները, ավելի շատ մտածեն գերի մնացած երեխեքի մասին»:

Տիգրան Միքայելյանը ցավում է, որ «ազգ» հասկացությունը փոխարինվել է «ժողովուրդ» հասկացությամբ: Ըստ նրա, դրանով արդեն շատ բան է բացատրվում: Նա վատ է զգում, որ մարդիկ իրենց առօրյայով են ապրում եւ բոլորի հագին ռազմական հագուստ չի: Նա առաջարկում է ոչ քաղաքականություն վարել, այլ ռազմաքաղաքականություն. «Տվեք կռվող տղաներին, թող գնան`սաղ հետ բերեն: Ի՞նչ կապ ունի՝ ով ինչ է ստորագրել, ինչ չի ստորագրել: Խնդրենք ռուսին, թող զենք-զինամթերքը տա: Այսօր բոլոր տղաներն էլ պատրաստ են`գնան ինչ կա-չկա հետ բերեն: Թուրքը չպիտի վայելի էդ հողերը»:

Բանախոսի համոզմամբ, վարձկաններն այդքան էլ վախենալու չեն, որ նրանց «բոբո» են սարքել. «Ամենավտանգավորը «սնարյադն» է: Պրեմյաներ են ուզում… հա, ասեմ, որ պարգեւատրվեցի իմ ամբողջ էնտեղ լինելու ժամանակի համար`115 հազար դրամ. շնորհակալ եմ պետությանս, շատ ջոմարդ պետություն ա, շնորհակալ եմ, որ մարդիկ նստած`«կնոպկա» սեղմելու համար «պրեմյա» են ուզում… Ես համաձայն եմ, թող մեր երկիրն իրանց «պրեմյա» տա, բայց «սնարյադի» ձեւով…»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30