«Ես չգիտեմ այնպիսի պատերազմ, երբ չի սահմանափակվել լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեությունը, եւ այդ սահմանափակումներն ուղեկցել են այդ ողջ գործընթացին: Այլ հարց է, որ պետությունը պետք է այդ սահմանափակումները շատ ավելի հստակ ձեւակերպի, պահանջները` ինչ է ինքն ակնկալում,որպեսզի կամայականություններ քիչ իրականացվեն կամ առհասարակ չիրականացվեն:
Պրակտիկան ցույց է տվել, որ շատ ավելի ժողովրդավար երկրներում, երբ պատերազմական գործողություններ են ունենում,այն ինֆորմացիան, որ ներկայացվում է հասարակությանը, անցնում է ինչ-ինչ խողովակներով, որոշակի գրաքննություն է անցնում»,- Մեդիա կենտրոնի կազմակերպած «Ռազմական դրություն. սահմանափակ ազատության ԶԼՄ-ներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ինչ վերաբերվում է Հայաստանում մտցված սահմանափակումներին, նրա խոսքով. «Ի տարբերություն հակառակորդի, մեզ մոտ չփակվվեց ֆեյսբուքը: Ադրբեջանում ֆեյսբուքը փակվել էր, առհասարակ որեւէ ինֆորմացիա չէր տրամադրվում: Մինչդեռ, մեզանում ինֆորմացիայի առումով, շատ ավելի բաց վիճակ էր, այլ հարց է, որ այդ ինֆորմացիան որպես կանոն կրում էր բացառապես քարոզչական բնույթ եւ շատ հաճախ չէինք պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում»:
Աշոտ Մելիքյանը կարծում է, որ ռազմական դրության շատ կետեր իշխանությունները չիրականացրեցին, խոսքը հատկապես հավաքների մասին է. «Հավաքները տեղի են ունեցել եւ տեղի են ունենում»: Նա կարծում է, որ այս պայմաններում ռազմական դրության այն սահմանափակումերը, որոնք գործում են ֆորմալ առումով, պետք է հանել, իհարկե, շատ կարևոր է նաև լրատվամիջոցների պատասխանատու աշխատանքի փաստը։
Կարդացեք նաև
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, երբ ռազմական դրություն է մտցվում, այդ թվում նաեւ սահմանափակումներ ենթադրող դրույթներ` տեղեկությունների տարածման առումով, անհրաժեշտ է պատասխանել ավանդական մի քանի հարցերի. «Ո՞րն է սպառնալիքը, ինչպես ես պատրաստվում չեզոքացնել այդ սպառնալիքը, եւ արդյոք այն միջոցները, որ պատրաստվում ես կիրառել, արդյունավետ աշխատելու են: Սպառնալիքն, իհարկե, ակնհայտ էր` պատերազմի ժամանակ ապատեղեկատվությունը կարող է եւ խուճապ տարածել, եւ անդրադառնալ ռազմաճակատում տեղի ունեցածի վրա:
Այստեղ կարծես թե խնդիր չկար եւ այո սահմանափակումներ կամ կոնկրետ արգելափակող գործողություններ պետք է լինեին: Երկրորդ` ինչ ես պատրաստվում անել: Կարծում եմ հիմնական ջանքերը պետք է ուղղված լինեին նրա վրա, որ արգելափակվեր այն տեղեկությունների տարածումը, որոնք կարող էին վնաս հասցնել երկրի, պետության շահերին եւ անվտանգությանը: Այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են, բոլորովին դրան միտված չէին: Մենք տեսնում էինք, որ նույնիսկ հայկական դոմեյնում սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր տարածում էին ցանկացած տեղեկություն պետական գաղտնիք պարունակող, խուճապ առաջացնող, բանակի գործողություններին վնասող եւ հասարակությանը ապատեղեկացնող: Սակայն, ես չգիտեմ որեւէ ակնհայտ դեպք, երբ այդ կարգի տեղեկությունների տարածումը արգելափակվել է, այն դեպքում, որ դրա համար բազմաթիվ հնարավորություններ կան»:
Բորիս Նավասարդյանի խոսքով. «Երբ մենք խոսում ենք սահմանափակումների մասին, պետք է կազմակերպչական և տեխնոլոգիական ռեսուրսներ ունենանք արգելափակելու վտանգ ներկայացնող տեղեկատվությունը, և այդ սահմանափակումների ցանկացած կիրառում պետք է լինի մասնագիտացված մարմնի կողմից»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ