Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք առողջության պահպանման գործում մագնեզիում հանքանյութի նշանակությանը․ այս հանքանյութը մարդու օրգանիզմի համար կարևորագույն դեր ունի։ Իզուր չէ, որ մագնեզիումը համարվում է կյանքի, էներգիայի ու լավ տրամադրության աղբյուր, այն նաև գեղեցկության համար պատասխանատու տարր է համարվում, քանի որ ապահովում է մաշկի, մազերի, ատամների ու եղունգների լավ վիճակը։
Մարդու առողջության պահպանման գործում մագնեզիումի (Mg) դերը շատ մեծ է․ այն անմիջական մասնակցություն ունի օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող կարևորագույն գործընթացներում, ինչպիսիք են՝ բջիջների ձևավորումը, սիրտ-անոթային համակարգի գործունեությունը, նյարդային համակարգի աշխատանքը, մկանների, ոսկրային համակարգի առողջությունը, գլխուղեղի աշխատանքը, մարսողությունը, առողջ էներգափոխանակությունը և այլն։
Օրգանիզմում մագնեզիումը մասնավորապես իրականացնում է հետևյալ գործառույթները․
- Կարգավորում է օրգանիզմի բջիջների նորմալ աշխատանքը, ՌՆԹ-ի ու ԴՆԹ-ի սինթեզի ժամանակ շինանյութի գործառույթ է իրականացում։
- Մասնակցում է նյութափոխանակության գործընթացին, խթանում սպիտակուցների, ածխաջրերի ու ճարպերի յուրացումը։
- Մագնեզիումը կարևոր դեր ունի մարսողական գործընթացում․ այն կարգավորում է աղիքների գալարակծկանքը՝ պերիստալտիկան, ակտիվացնում է քիմիական մեծաթիվ պրոցեսներում մասնակցող ֆերմենտների աշխատանքը։ Պատասխանատու է մոտ 300 ֆերմենտի համար։
- Այս հանքանյութը կարգավորում է օրգանիզմի էլեկտրոլիտային կամ ջրա-աղային հավասարակշռությունը, ապահովում օրգանիզմի թթվահիմնային բարենպաստ միջավայրը (pH հավասարակշռություն)։ Ինչպես հայտնի է, վնասակար սովորությունները, անառողջ սնունդն ու դեղամիջոցների օգտագործումը խաթարում են օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռությունը, իսկ երբ միջավայրն ավելի շատ թթվային է դառնում, առողջությանը վնասող բազմաթիվ խնդիրներ են առաջանում։
- Հիշյալ գործառույթներին զուգահեռ մագնեզիումը կարևոր դեր ունի օրգանիզմի դետոքսիկացիոն գործընթացներում, այն նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի, մասնավորապես քաղցկեղածին ազդեցություն ունեցող ծանր մետաղների աղերի դուրսբերմանը։
- Մագնեզիումի կարևորագույն դերը նյարդային համակարգի, մկանների աշխատանքի կարգավորումն է։ Այս հանքանյութը նպաստում է մկանային մանրաթելերի զարգացումը խթանող աճի գործոնի սինթեզին։ Մագնեզիումը վերացնում է ստորին վերջույթների ջղակծկումները, որոնց առաջացումն իրենց հերթին վկայում են օրգանիզմում մագնեզիումի անբավարարության մասին։
- Այս հանքանյութը կարևոր մասնակցություն ունի սիրտ-անոթային համակարգի գործունեության ժամանակ։ Այն անոթների աթերոսկլերոզի զարգացումը կանխարգելող հանքանյութ է։ Նպաստում է արյունատար անոթների պատերի թուլացմանը՝ կանխարգելելով առիթմիան և հիպերտոնիան, նվազեցնելով զարկերակային ճնշումը։ Օգտակար է երակների վարիկոզ լայնացման դեպքում։
Համարվում է, որ կալցիումի ու մագնեզիումի հարաբերակցությունն օրգանիզմում 1։1 է։ Երբ օրգանիզմում նկատվում է կալցիումի ավելցուկ և մագնեզիումի անբավարարություն, հնարավոր են մկանների անկանոն կծկումներ, որն անբարենպաստ ախտանիշ է սրտի աշխատանքի համար։ Կալցիում հանքանյութի ավելցուկն առանց մագնեզիումի համաչափ քանակի այնպիսի վտանգներ է պարունակում, ինչպիսիք են ինֆարկտը, սրտի կաթվածը, անգամ հանկարծամահությունը։
Կարդացեք նաև
- Մագնեզիումը պատասխանատու է ոսկորների, ատամների ամրության համար, այն կարևոր հանքանյութ է օստեոպորոզի զարգացման դեմ պայքարի գործում, քանի որ նպաստում է կալցիումի յուրացմանը, օգնում պահպանել ֆոսֆորի, ցինկի և կալցիումի հավասարակշռությունը։
Այս ամենից բացի մագնեզիումն ապահովում է․
- Օրգանիզմի էներգիան՝ ադենոզինեռֆոսֆատի ակտիվացման միջոցով:
- Կանոնավոր քունը՝ մագնեզիումի պակասի դեպքում մելատոնին հորմոնը չի կարողանում լիարժեքորեն իրականացնել իր գործառույթը։
- Բարձր տրամադրությունը և ռելաքսացիան։ Մագնեզիումը մասնակցում է մկանների թուլացման և սերոտոնինի՝ երջանկության հորմոնի սինթեզի գործընթացին։ Կանխում ու բարելավում է սթրեսային վիճակները, տագնապի, խուճապի գրոհները, նյարդային տիկերը, դեպրեսիվ դրսևորումները։
- Օգնում է ազատվել ասթմատիկ նոպաներից, քանի որ թուլացնում է բրոնխիալ մկանները՝ բարելավելով շնչառությունը։
Միևնույն ժամանակ՝
- Մագնեզիումը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։
- Թեթևացնում է երեխաների մոտ այսպես կոչված աճի ցավերը։
- Պայքարում է մաշկի պիգմենտային բծերի դեմ։
Օրգանիզմում մագնեզիում հանքանյութի անբավարարության մասին հուշում են․
Հակումը կոֆեինի, շոկոլադի, քաղցրի, ածխաջրային սննդատեսակների նկատմամբ, մկանների ջղակծկումները, տագնապի զգացումը, զարկերակային բարձր ճնշումը, փորկապությունը, քնի խանգարումները, սրտի առիթմիան։
Ինչպես նաև կարիեսը, ախորժակի կորուստը, տարբեր ուժգնության գլխացավերը, հոգնածությունը, անզորության զգացումը, տագնապային գրոհները, ստորին վերջույթներում թմրածության ու ծակոցների զգացումը, էներգիայի պակասը, դաշտանային ցավերը, նախադաշտանային համախտանիշը, դաշտանադադարի ցավոտ ընթացքը, գրգռվածությունը, տրամադրության փոփոխությունները, նեվրոզը, կենտրոնացվածության հետ խնդիրները, ինսուլինային ռեզիստենտությունը, մեջքի ցավերը, ցիստիտը, օստեոպորոզը, սինուսիտը, ցելիակիան՝ անհանդուրժողականությունը գլյուտենի նկատմամբ, երիկամային քարերը, տարատեսակ ալերգիաները, մաշկի յուրահատուկ հոտը և այլն։
Օրգանիզմում մագնեզիումի պաշարը համալրելով՝ կարելի է թեթևացնել հիշյալ վիճակները։
Մագնեզիումը անբավարարություն առաջացնող գործոններն են՝
Աղի, շաքարի, կոֆեինի բարձր պարունակությամբ մթերքների, ալկոհոլի օգտագործումը, կալցիումի ընդունումն առանց համապատասխան հետազոտությունների, սթրեսային վիճակները, որոշ դեղամիջոցների ընդունումը, երկվորյակ պտուղով հղիությունը և այլն։
Մթերքներ, որոնք առանձնանում եմ մագնեզիումի հարուստ պարունակությամբ
Քունջութ
Քունջութի սերմերը էներգիայի հրաշալի աղբյուր են, քանի որ մեծ քանակով օգտակար կիսաչհագեցած ճարպեր են պարունակում, ինչպես նաև բջջանյութ, երկաթ, կալցիում, մագնեզիում և ֆոսֆոր։ Այս բաղադրակազմը թույլ է տալիս քունջութը համարել ատամների ու ոսկորների լավագույն բարեկամ։
100 գ քունջութը 540 մգ մագնեզիում է պարունակում։
Հացահատիկի, վարսակի թեփ
Հարուստ են սննդարար նյութերով, հակաօքսիդանտներով, նվազեցնում են սրտային հիվանդությունների զարգացման վտանգը, կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը, նպաստում քաշի նվազեցմանը։
100 գ հացահատիկի թեփը 448 մգ մագնեզիում է պարունակում, վարսակինը՝ 235 մգ։
Ընկուզեղեն
Ընդեղենն ընդհանուր առմամբ գերազանց սնունդ է համարվում՝ ճարպերի, բջջանյութի ու սպիտակուցների, վիտամինների ու հանքանյութերի հրաշալի համադրության շնորհիվ։
Օրինակ՝ 100 գ քեշյու ընկույզը 270 մգ մագնեզիում է պարունակում, նուշը՝ 234 մգ, իսկ սոճու ընկույզը՝ 251 մգ։
Հնդկացորեն
Հնդկացորենը նույնպես բջջանյութի, հանքանյութերի ու հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է։ Այն ունի նյարդային համակարգն ամրացնող, ինչպես նաև քաղցկեղածին բջիջների զարգացումը կանխարգելող հատկություն։
100 գ հնդկացորենը 258 մգ մագնեզիում է պարունակում։
Արևածաղկի սերմեր
Արևածաղկի սերմերը վիտամինների ու հանքանյութերի գանձարան են համարվում, հարուստ են կալցիում, ցինկ, սելեն, մագնեզիում հանքանյութերով։ Դրանք նվազեցնում են օրգանիզմի բորբոքային գործընթացները, խոլեսթերինի մակարդակը և զարկերակային ճնշումը։
100 գ արևածաղկի սերմերը 317 մգ մագնեզիում են պարունակում։
Դառը շոկոլադ
Դառը շոկոլադն առանձնանում է երկաթի , մագնեզիումի ու ցինկի հարուստ պարունակությամբ։ Կակաոն նաև հակաօքսիդանտների լավ աղբյուր է, նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, զարկերակային ճնշման կարգավորմանը, բարելավում գլխուղեղի աշխատանքը։
100 գ դառը շոկոլադը 133 մգ մագնեզիում է պարունակում։
Մագնեզիումով հարուստ են նաև ոսպը, վարսակը, ավոկադոն, կանաչեղենը, հալվան, լոբին, ծովակաղամբը, կարմիր ձկնկիթը և այլն։
Մագնեզիումի ցուցանիշներն օրգանիզմում կարելի է բարձրացնել օրական 0,5-1 լ կանաչ բանջարեղենի թարմ քամած հյութով։
Մագնեզիումի խորհուրդ տրվող օրական նորման
1-3 տ․ — 80 մգ
4 -8 տ․— 130մգ
9–13 տ — 240 մգ
14–18 տ․ տղաներին — 410 մգ, աղջիկներին — 360 մգ
19–30 տ․ տղամարդկանց — 400 մգ, կանանց — 310 մգ
31–50 տ․ տղամարդկանց — 420 մգ, կանանց — 320 մգ
51 տ․-ից հետո տղամարդկանց — 420 մգ, կանանց— 320 մգ
Հղիության ընթացքում օրական 40 մգ-ով արժե ավելացնել մագնեզիումի օգտագործումը, իսկ մինչև մեկ տարեկան երեխաները մագնեզիումի բավարար քանակություն ստանում են կրծք կաթի միջոցով։
Օրգանիզմը մագնեզիումով հարստացնելու եղանակներից մեկն այսպես կոչված անգլիական աղով (մագնեզիումի սուլֆատ), ծովի աղով լոգանքներն են։
Դրանք թուլացնող ազդեցություն են գործում մկանների, նյարդային համակարգի վրա, ունեն դետոքսիկացիոն արդյունք։
Անգլիական աղով լոգանքները նպաստում են՝
- Զարկերակային ճնշման իջեցմանը,
- Մաշկի վրա առաջացած ծերունական բծերի նվազեցմանը,
- Արթրիտի պատճառով առաջացած ցավերի նվազեցմանը,
- Ջղակծկված մկանների թուլացմանը,
- Անհանգիստ ոտքերի համախտանիշի թուլացմանը,
- Անքնության հաղթահարմանը,
- Հիշողության բարելավմանը,
- Ծանր մետաղների դուրսբերմանն օրգանիզմից,
- Նյարդային համակարգի թուլացմանը,
- Ասթմատիկ նոպաների նվազեցմանը,
- Նախադաշտանային համախտանիշի դրսևորումների նվազեցմանն ու դաշտանի ժամանակ առաջացող ցավերի թուլացմանը,
- Տագնապի ու խուճապի գրոհների թեթևացմանը,
- Փսորիազի ու դերմատիտի դրսևորումների բարելավմանը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ