Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էի, որ ամիսներ անց պատերազմ կլինի, խայտառակ պարտություն կկրենք, ինձ ձեռ էին առնում». Բագրատյանը թվարկեց սխալները

Նոյեմբեր 25,2020 15:15

«Բանակի տեխնիկայի 85%-ը չկա, ջարդված է: Ես գաղտնիք չեմ ասում, որովհետեւ ադրբեջանցիք հաշվում են, իրենց տարածքում է մնացել: Թնդանոթները, զրահատեխնիկան…»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով պատերազմում հայկական կողմի ռազմատեխնիկական բացթողումներին՝ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հիմա ապուշները կասեն՝ տվյալներ ես ասում…Սա պարտություն չէ, այլ ջախջախում: Մենք հիմնականում՝ 80%-ով, պարտվել ենք ԱԹՍ-ներին: Հատկապես նեղություն են պատճառել «Բայրաքթարները»: Մի տեսակը հետախուզում է, մյուսը՝ խփում: «Բայրաքթարների» առաջին խմբաքանակն Ադրբեջանը ստացել է մայիսին, բայց դեռեւս հունվարին, երբ Իսրայելից գնեց «Լորա»-ները, պետք է մտածեինք…դա հզոր զենք է, որին ուղեկցում են անօդաչուները»,-նշեց Բագրատյանը:

Նա ասաց. «Այդպես էլ չհասկացա, թե «Սու»-երն ինչո՞ւ առանք մենք: Դրանք կործանիչ ինքնաթիռներ են: Մենք կործանելու բան չունեինք, պաշտպանել էր պետք: Բացի այդ, «Սու»-երը պետք է կոմպլեկտով լինեն՝ տասը հատ, որ կարողանան իրար պաշտպանել, այսինքն, ունեն հակաօդային պաշտպանություն: Դրանք ոչ միայն չօգտագործվեցին, այլեւ պահվում էին, որ չգային տեղում խփեին ոչնչացնեին ԱԹՍ-ներով: Այդ ինքնաթիռների գումարը հերիք կլիներ 15 «Պանցիր» առնելու համար կամ յոթ հատ «Տոռ» հակաօդային պաշտպանության դիվիզիոն գնելու համար»:

Անդրադառնալով պատերազմի օրերին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցներին՝ Բագրատյանը համոզմունք հայտնեց. «Պատերազմի ժամանակ խուճապ պետք չէ ստեղծել, բայց ճշմարտությունն է պետք ասել: Ջաբրայիլը (հայերեն՝ Ջրական) հանձնված էր քսան օր, իսկ իրենք չէին ասում: Դեռեւս մարտին եմ ասել, նկատի ունենալով Ադրբեջանի կողմից «Բայրաքթարների» գնումը, որ մեզ խայտառակ պարտություն է սպասվում: Իսկ ինձ ասում էին՝ դու թուրքերի կողմից ես… հուլիսին, երբ Ադրբեջանը փորձարկեց «Բայրաքթարները» Տավուշում, մենք մի հատ խփեցինք ու ուրախությունից պայթեցինք, չէինք հասկանում գլխներիս գալիքը: Մյուս սխալը: Չգիտես ինչու եւ ում խելքով, ստեղծվում է կենտրոնացված ՀՕՊ, մինչդեռ ցրել էր պետք: Կենտրոնացված ՀՕՊ համակարգը ամսի 27-ին՝ յոթ անց կես, ոչնչացված էր Շուշիում: Ամբողջ Արցախում «Տոռ»-ի ընդամենը հինգ դիվիզիոն ունեինք: Պետք էր երեսունն ունենալ: Ասացի, որ չորս-հինգ ամիս անց պատերազմ է սկսվելու, սկսվեց երեք ամիս անց: Ինձ ձեռ էին առնում: Բա հիմա ո՞նց չկախես պատասխանատուներին: Պաշտպանության նախարարի տեղակալներից մեկն ինձ ձեռ էր առնում, թե՝ չես հասկանում, մի խոսա…հիմա ո՞վ հասկացավ»:

Հրանտ Բագրատյանը նաեւ շեշտեց, որ եղած զենքերի օգտագործման ռազմավարություն չի եղել. «Այդպես էլ «Սկադ»-երը, «Իսկանդերները» չօգտագործվեցին, մենք կապիտուլյացիայի ենթարկվեցինք: Օրինակ՝ չգիտես ինչու հարվածել ենք Գյանջայի (հայերեն՝ Գանձակ) խաղաղ մասին, ինչո՞ւ չենք խփել նավթամուղին: Հետո ինձ ասում են, որ նավթամուղին չխփելու համար «Բրիթիշ Պետրոլիում»-ը շատ էր խնդրել ՀՀ նախագահին… եթե մենք խփեինք նավթամուղին, ամեն ինչը կկանգներ, մեր ռազմավարական գործընկերը կուրախանար: Մյուս սխալը: Արտակ Դավթյան, որը նախորդել է Օնիկ Գասպարյանին, որը ձախողել է ողջ պատերազմը…ողջ պատերազմի պատասխանատուն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է: Արտակ Դավթյանը ցրում է ՄՈԲ ռեսուրսի զորամասերը, եւ ստացվեց այնպես, որ սպա չկար: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ ՊՆ դարձած Վաղարշակ Հարությունյանի քիթը վառոդի հոտ չի տեսել: Օնիկ Գասպարյանն էլ չի ուղղում Արտակ Դավթյանի սխալը, Փաշինյանն էլ «հայբուդուր»-ով է զբաղված…խելքը կհերիքե՞ր բանակով զբաղվել, ինչո՞ւ չասաց՝ Արտակ, էս ի՞նչ արիք»:

Հրանտ Բագրատյանը նաեւ հիշեցրեց. «Նախորդ պատերազմում հաղթեցինք, որովհետեւ իմ վարչապետության ժամանակ պատերզմի 11-րդ օրը որոշեցինք 8000 ֆիդայի հանել ռազմաճակատից եւ մտցնել կանոնավոր զորք: Իսկ էս մարդը ջոկատներ է կազմում, եւ այդ ջոկատների ծաղկեփունջը դարձավ «Էրատո» ջոկատը…պատերազմում ի՞նչ ջոկատ, արա՜…պատերազմում զորամասեր են պետք: Մինչեւ ֆիդայականությունից չհրաժարվենք, միշտ պարտություն ենք կրելու»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30