Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանը հացադուլ անող Կիմ Բալայանին՝ երեւի ամենամեծ մեղքի բաժինն էլ ես ունեմ

Նոյեմբեր 25,2020 14:39

«Բարձրագույն պաշտոնատար անձիք՝ հանձին ՀՀ գլխավոր դատախազի, ինչո՞ւ մինչեւ հիմա սահմանադրական կարգի տապալման հարցով Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չեն առաջադրում»,-այսօր ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին այսպիսի հարց ուղղեց Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը, որը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նույնպես հացադուլ է հայտարարել՝ միանալով Գեղամ Մանուկյանին եւ Գարիկ Ավետիսյանին:

Արթուր Վանեցյանն այցելել էր հացադուլ հայտարարած անձանց: Նրանք բողոքի ցույցն անում են կառավարության շենքի առջեւ:

Վանեցյանը Կիմ Բալայանի հարցին պատասխանեց. «Այն ինչ եղավ ստի 44 օրում, արդյունքը եղավ այն խայտառակությունը, որը մենք ունեցանք՝ կորցրինք մեր հայրենիքի՝ արցախյան հատվածի, գրեթե 70 տոկոսը եւ դա վերջը չէ, ամեն օր դեռեւս կորցնում ենք ու դեռ կորցնելու ենք: Մեր հայրենիքը վտանգի մեջ է: Այս ամեն ինչի հետ մեկտեղ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է մանիպուլացնել հասարակական կարծիքը եւ այսօր էլ նոր թեզ է գցել, որը ես կանվանեմ սրիկայություն: Ասում է՝ «հանրությունը չողջունեց իմ հրաժարականի՝ ընդդիմության պահանջը, դրա համար հրաժարական չեմ տալիս»: Սա հերթական՝ սեւ ու սպիտակի բաժանումն է, հերթական նախկին, ներկա բաժանումն է: Այսինքն՝ էլի հանրությունը կիսում է»:

Ըստ Արթուր Վանեցյանի, հիմա, եթե ինչ-որ իրավապահ մարմին, որն ի պաշտոնե պարտավոր է իրականացնել իրեն վերապահված լիազորությունները եւ պատասխանատվության կանչել այս կամ այն անձին՝ անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, փորձի նման բան անել, Փաշինյանը դուրս է գալու ասի՝ էս նախկինները, ռեւանշիստները եւ այլն. «Էլի մանիպուլացնելու է հասարակական կարծիքը եւ էլի մարդիկ փորձելու են բացատրեն՝ «փրկում են Նիկոլին նախկիններից» սուտ թեզը: Նիկոլն ի՞նչ է արել, հոգեբանորեն մարդկանց մեջ խղճի զգացում է առաջացրել՝ ինքը մեղք է: Էն որ ասում էր՝ նախապատրաստվում էին ինձ սպանել, ինքը շատ լավ գիտեր, որ ոչ ոք չէր նախապատրաստվում իրեն սպանել: Տարան մի օրով նստացրին ու բաց թողեցին: Մի հատ չեն կանչել քննության, մի հատ քննչական գործողություն չեն արել: Այսինքն՝ նպատակը ո՞րն էր, որպեսզի խղճահարություն առաջացներ: Եկան կառավարությունը գրավեցին, առանձնատունը գրավեցին, հիմա էլ ուզում են սպանեն: Էս մարդը չի հասկացել, որ պետք է այդ ընդդիմադիրի դերից դուրս գա եւ դառնա պետական գործիչ, պետականամետ մարդ, պետություն սիրող ու հարգող»:

Կիմ Բալայանն արձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չի վերադարձել իրատեսական կյանք, նա պոպուլիստական կյանքի մեջ է եւ այդ շնչով է շնչում: Նրա խոսքով, այն ինչ այսօր կատարվել է, բոլորը, այդ թվում եւ ինքը ունեն մեղքի մեծ բաժինը: Արթուր Վանեցյանը շարունակեց՝ երեւի ամենամեծ մեղքի բաժինն էլ ես ունեմ:

Կիմ Բալայանն ասաց, որ ինչքան շուտ հրաժարական տա Նիկոլ Փաշինյանն այնքան շատ կշահի ժողովուրդը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30