«Պնդում եմ՝ Շուշիի հարցը մեծապես եղել է քաղաքական որոշում, քանի որ այն ժամանակ, երբ ստորագրվում էր համաձայնագիրը, Շուշիում մարտեր էին ընթանում, և քաղաքը հայկական զորքերի վերահսկողության տակ էր»,- Մոսկվա-Երևան տեսակամրջի ընթացքում հայտարարեց «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը:
Նա նշեց՝ չի պնդում, թե Շուշին հայկական զորքերի ամբողջական վերահսկողության ներքո էր, քանի որ ադրբեջանական զինված ուժեր ևս կային այնտեղ, բայց քաղաքի համար մարտեր էին ընթանում: Սեմյոն Պեգովը հավաստիացրեց՝ առաջնագծի զինվորների հետ կապ հաստատելով է իմացել այդ ամենը:
Նա պատմեց՝ նոյեմբերի 9-ին, երբ եկել է Շուշի, 2 կմ վերև՝ դիտակետի մոտ, 400 զինվորներ արդեն պատրաստ էին գնալ Շուշին մաքրելու: Սեմյոն Պեգովը մանրամասնեց. «Նվազագույնը երկու խումբ զինվորներ գտնվում էին Շուշիում: Սա էլ է նշանակում, որ Ադրբեջանը չի վերահսկել Շուշին: Երբ Ալիևը հայտարարեց Շուշին գրավելու մասին, քաղաքում մի 6 դիպուկահարներ էին, որոնք կարողացել էին մուտք գործել, կրակ բացել և նաև նեղ միջանցք բացել հետագա օգնության համար»:
Հարցին՝ իսկ ո՞վ էր ղեկավարում Շուշիի պաշտպանությունը, Սեմյոն Պեգովը դժվարացավ կոնկրետ անուն ազգանուններ հնչեցնել: Ասաց, որ այդ գործողությունները վերահսկում էր ԱՀ պաշպանության նախարարը, նոյեմբերի 7-ին հաստատ այնտեղ էր նաև ԱՀ պաշտպանության փոխնախարարը: Նա նշեց, որ նոյեմբերի 7-ին Շուշին դիպուկահարներից մաքրված էր: Այս առիթով ասաց. «Հետո մի շարք որոշումներ էին ընդունվում, որոնք ավելի շատ քաղաքական էին, քան ռազմական»:
Կարդացեք նաև
Զուգահեռ անցկացնելով Հադրութի հետ՝ Սեմյոն Պեգովն ասաց. «Հադրութում կային հստակ թույլ տրված սխալներ, որքան ոչ միայն հետախուզության թերացման, այլև համալրման հետ էին կապված: Քչերն էին մտածում, որ հենց Հադրութ կմտնեին դիվերսանտներ՝ այն էլ անտառներով: Հադրութը ռազմական առումով իրոք կորուստ էր: Մեկից ավելի շաբաթ կռվում էին Հադրութի համար: Հադրութ էին մտել դիվերսանտներ՝ հայկական համազգեստով, հայերեն էին խոսում: Սա էլ բարդացնում էր հայկական կողմի գործը: ԿՏՕ ռեժիմով էին մաքրում քաղաքը, որ հանկարծ սեփական անձանց չվերացնեն: Մի քանի օր քաղաքը ձեռքից ձեռք էր անցնում, բայց ադրբեջանական կողմի ռեսուրսներն ավելին էին, դրա պատճառով քաղաքն անցավ նրանց վերահսկողության ներքո: Հադրութը հաստատ Ալիևի հայտարարության օրը նրանց վերահսկողության տակ չի անցել, այլ մի տասը օր այդ հայտարարությունից հետո»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ