Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե մենք ի վիճակի չենք ձեռք բերելու առաջարկվող ռազմական տեխնիկան, ապա մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող քաղաքական զիջումների տարբերակը. Սամվել Բաբայանի 2013 թ. նամակը Սերժ Սարգսյանին

Նոյեմբեր 25,2020 12:55

Հայաստանի Հանրապետության նախագահ
պարոն Սերժ Սարգսյանին

Հարգելի´ Սերժ Ազատի,
Ազգի շահերն ու Հայրենիքի ճակատագիրն են ինձ հարկադրում դիմել Ձեզ սույն ուղերձով: Մեր հարաբերություններն այսօր կապված են միմյանց ներուժի և ծառայությունների թերըմբռնման հետ: Սակայն, գնահատելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության առջև ծառացած սպառնալիքները, մենք պարտավոր ենք մի կողմ թողնել անձնական հավակնությունները, ղեկավարվել միմիայն բարձրագույն ազգային շահերով, հայոց պետության պաշտպանական ներզորության ամրապնդման նկատառումներով:

Վերլուծելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժն ու անցկացվող զորավարժությունները`գալիս եմ այն եզրահանգման, որ ներկայում մեր կողմի զորավարժությունների մարտավարությունը նշանակալիորեն զիջում է հակառակորդին և գտնվում է 20-րդ դարի մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի սպառազինության մեջ մտնող մարտական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում են նրա հարձակողական հնարավորությունները, և հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի 10 օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ ԼՂՀ Պաշտպանության բանակի:

Իմ կարծիքը հիմնվում է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության, մարտավարական պատրաստության և հագեցվածության մասին գնահատականի վրա: Ղարաբաղյան հակամարտության գոտում ենթադրաբար 2014 թվականի ապրիլ-մայիսին ռազմական գործողությունների վերսկսման անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ`

Ներկայում Ադրբեջանի իշխանությունները վերջնագիր են ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին՝ պահանջելով ստիպել Հայաստանին մինչև 2013թ. վերջը ստորագրել փաստաթուղթ ղարաբաղյան հարցում զիջումների վերաբերյալ` ընդսմին գիտակցելով, որ Երևանը չի կարող համաձայնել առաջարկված «փոխզիջման» տարբերակին:

ԵԱՀԿ շրջանակային փաստաթղթի համապատասխան նախագիծը Ձեզ է փոխանցվել ստորագրման և դրանում հայտարարված սկզբունքների համաձայն բանակցային գործընթացի հետագա շարունակման համար.

2013 թվականին ավարտվում են մի շարք արտասահմանյան պետությունների հետ Ադրբեջանի՝ սպառազինության և մարտական տեխնիկայի գնման ռազմական պայմանագրերի ժամկետները:

Մինչև 2014 թվականի փետրվարը պլանավորվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության բացում` Վրաստանի տարածքով:

Նույն 2014 թվականի փետրվարին Ադրբեջանը երկու ռազմական արբանյակներ կարձակի, ինչը իսրայելական արտադրության անօդաչու սարքերի հետ մեկտեղ էապես կավելացնի նրա ռազմահետախուզական հնարավորությունները:

Ըմբռնելով հայկական կողմի համար ստեղծված վիճակի ամբողջ կործանարարությունը` իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության: Մեզ մնում է ծայրահեղ սահմանափակ ժամանակ (փաստացի 10 ամիս) իրադրությունը փոխելու համար:

Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում փոխել հակառակորդի հավանական հարվածը կասեցնելու ուղղությամբ հայոց զորքերի նախապատրաստման մարտավարությունը` մարտական գործողությունների նախաձեռնությունը խզելու, անձնակազմի կորուստները նվազագույնի հասցնելու և միաժամանակ թշնամուն մարտի սեփական պայմանները թելադրելու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է ձեռք բերել արդիական սպառազինության և մարտական տեխնիկայի հետևյալ տեսակները (ցուցակը կցվում է), ինչի շնորհիվ մենք ի զորու կլինենք ինչպես հաղթելու հակառակորդին, այնպես էլ` հետաձգելու ռազմական գործողությունների սկսման ժամկետները:

Հակառակ դեպքում մենք մեծ կորուստներ կտանք և կստանանք նշանակալի նյութական ավերածություններ, ինչը կհանգեցնի ռազմական պարտության, Արցախում մեր ձեռքբերումների կորստյան, մի քանի հազար նոր փախստականների և տնտեսական կոլապսի Հայաստանում:

Եթե մենք ի վիճակի չենք ձեռք բերելու առաջարկվող ռազմական տեխնիկան` ժամանակի սահմանափակության հաշվառումով կամ այլ պատճառներով, ապա մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող քաղաքական զիջումների տարբերակը, որով հնարավոր կլինի խուսափել անիմաստ արյունահեղությունից, անթիվ-անհամար զոհերից, ազգային տնտեսության քայքայումից և ռազմական ամբողջական պարտությունից: Այսպիսի կարծիքը հիմնավորված է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակի օբյեկտիվ գնահատականով, ոչ թե պարտվողական տրամադրություններով:

Իմ առաջարկած ուղին, կարծում եմ, միակ ճշմարիտն է, որը թույլ կտա մեզ նվազագույն կորուստներով տանել 100%-անոց ռազմական հաղթանակ և հակառակորդին պարտադրել հայկական կողմի համար շահեկան պայմաններով քաղաքական փաստաթղթի ստորագրում: Ձեռք բերելով նշված սպառազինությունն ու մարտական տեխնիկան` մենք էապես (3-4 անգամ) կխնայենք մարդկային ռեսուրսը: Այսպիսով, սույն առաջարկությունը հաշվի է առնում մեր կողմի մարդկային հնարավորությունների սահմանափակությունը և չի պահանջում մասշտաբային զորահավաք:

Միաժամանակ առաջարկվող ռազմական տեխնիկայի մարտական հնարավորությունները կաթվածահար կանեն հակառակորդի նախաձեռնությունը, թույլ կտան զրկել նրան հարձակողական ունակություններից, վերահսկել կրակի խտությունը, ոչնչացնել օդուժի և հրետանու ոլորտում Ադրբեջանի ունեցած գերազանցությունը, ինչպես նաև ձեռնամուխ լինել ԼՂՀ Պաշտպանության բանակի հակահարձակմանը:

Ես պատրաստ եմ, Ձեր ներկայությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների և փորձագետների հետ համատեղ քննարկելու իմ առաջարկած` հայոց բանակի արդիականացման և ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վարման տակտիկայի տարբերակը, թե ինչպես կարելի է ռազմարվեստի տեսության և պրակտիկայի տեսանկյունից մղել առաջիկա պատերազմը: Վստահ եմ, որ ռազմական մասնագետները 100%-ով կհամաձայնեն իմ առաջարկություններին: Իսկ եթե նրանք ծանոթանան ձեռքբերման համար առաջարկվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցակի մարտավարատեխնիկական բնութագրերին, ապա իմ անձնական ներկայությունը կարող է կորցնել իմաստը:

Այսպիսով, իմ առաջարկությունները ոչ մի կերպ կապված չեն կարիերային աճի անձնական մտահոգությամբ, այլ թելադրված են դրության իրատեսական գնահատանքով և ազգի շահերով: Օբյեկտիվորեն գնահատելով Հայաստանի ֆինանսատնտեսական իրավիճակը`կարծում եմ նպատակահարմար է օգտագործել Ձեր` որպես Հայաստանի պետության ղեկավարի հեղինակությունը` համախմբելու հայկական Սփյուռքի և հայկական բիզնես-միջավայրի ֆինանսական ներուժը` վերը նշված խնդիրները լուծելու համար:

Հակառակ դեպքում, մեր կողմի պարտությունը հայկական բիզնեսի ներկայացուցիչների համար կհանգեցնի ֆինանսական և անձնական կորուստների:

Հիշյալ հիմնահարցերի լուծման ձգձգումն ու անվճռականությունը կանդրադառնան ազգային աղետով:

Հուսով եմ և ապավինում եմ ստեղծված իրավիճակի խորության Ձեր ըմբռնմանը և քաղաքական ողջամտությանը:

Սամվել ԲԱԲԱՅԱՆ
26 հունիսի, 2013թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30