Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոնի հակահարվածներն ընդդեմ Մոսկվայի ու Անկարայի՝ ղարաբաղյան սեպարատ գործունեության

Նոյեմբեր 25,2020 12:15

Մոսկվան հայտնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին երկրորդ պլան մղելու Անկարայի ու Բաքվի երազանքն իրագործողի դերում

Ֆրանսիայի Սենատն՝ այսօր նոյեմբերի 25-ին, կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւի օրինագիծը: «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Ռետայոն Թվիթերի իր միկրոբլոգում հայտնելով լուրը օրեր առաջ նշել էր. «Միայն Արցախի Հանրապետության անկախությունը կարող է հուսալիորեն երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու ազատությունները եւ պաշտպանել թուրքական իսլամիստական էքսպանսիայից»: Նկատենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընդունած բանաձեւերը խորհրդատվական բնույթ ունեն, գործադիրը դրանք ընդունում է ի գիտություն եւ պարտավոր չէ կատարել, եւ սա հիմք է տալիս շատերին ենթադրելու, որ հավանականությունը մեծ է, որ բանաձեւը կընդունվի:

ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի ակտիվությունն ու հետեւողականությունը հայության շահերի պահպանման առումով նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունից հետո բավական ցցուն է: Իհարկե, մեր տարածաշրջանում Ռուսաստանի շահերն առավել ցայտուն են, եւ Ռուսաստանի առաքելությունը եռակողմ հայտարարությունից հետո միանգամայն սպասելի էր: Ի վերջո՝ Ռուսաստանը մի քանի անգամ է փորձեր ձեռնարկել իր հովանու ներքո ղարաբաղյան խնդրի շուրջ նշանակալի համաձայնությունների գալ, որոնք ձախողել է ադրբեջանական կողմը:

Ֆրանսիայի արձագանքը մինչ այսօր էլ ցույց է տալիս, որ Փարիզը «ձեռքը զարկերակին» է պահում: Նոյեմբերի 24-ին «Ամերիկայի ձայնի» աղբյուրը Ֆրանսիայի նախագահականում նշել է, որ Փարիզը պնդում է, որ միջազգային դիտորդություն սահմանվի, որպեսզի ապահովվի փախստականների վերադարձն ու օտարերկրացի, հատկապես Սիրիայից վարձկանների վերադարձն իրենց երկիր, ինչպես նաեւ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ «Մենք հասկանում ենք, որ ռուսական կողմը թուրքական կողմի հետ բանակցություններ է վարում հնարավոր բանաձեւի շուրջ, որը մենք չենք ցանկանում», – ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան։

Փարիզը համարում է, որ ԼՂ-ի հակամարտությունում հրադադարի համաձայնագրի իրականացումը պետք է տեղի ունենա միջազգային դիտորդության ներքո։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է որոշակի դեր հատկացվի Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման գործում։

Օրեր առաջ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց ունեցան, քննարկեցին մասնավորապես՝ ռուս խաղաղապահների հարցը։ Հաղորդագրությունում նշված էր նաեւ, որ Լավրովը ֆրանսիացի գործընկերոջը պարզաբանել է ռուս խաղաղապահների մասնակցության պարամետրերը եւ հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքը: Լավրովը նկատել է, թե Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը չպետք է նեղանան Ռուսաստանից, եւ որ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբում համանախագահ երկրներ, մասնակցություն են ունեցել, եւ ստորագրված հայտարարությունում հաշվի են առնվել պատերազմի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի արած բոլոր հայտարարությունները։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք անդամներից երկուսը՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, հայտարարել են, որ Ռուսաստանից հստակություն են ակնկալում Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանների վերաբերյալ: Հարցը Փարիզում քննարկել էին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Իսկ ԵՄ-ն՝ օրերս տարածած հայտարարությունում նշեց, որ ռազմական գործողությունների դադարեցումը ընդամենը առաջին քայլն է ԼՂ-ում երկարատեւ հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ Ըստ Բրյուսելի՝ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման համար՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Նոյեմբերի 17-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն եւս նշել է, որ հարկ է շուտափույթ կերպով վերսկսել բանակցային գործընթացը՝ ՄԽ-ի շրջանակներում. «Կարգավորման հիմքում պետք է լինեն Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթները՝ ուժ կիրառելու կամ դրանով սպառնալու բացառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ մարդկանց իրավահավասարություն»։

Հստակ է, որ Վաշինգտոնը եւ Փարիզը պարզաբանումներ են ակնկալում ռուս խաղաղապահների, Թուրքիայի դերակատարության եւ ԼՂ-ի կարգավիճակի հետ կապված հարցերում, ինչը Անկարային ու Բաքվին ակնհայտորեն դուր չի գալիս: Նկատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փլուզման եզրին է, մինչդեռ սա միակ ձեւաչափն էր, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, որոնք, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունեն վերջին տարիներին՝ համագործակցում էին: Խիստ բացասական կլինի Արցախի համար, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբում տարբեր խնդիրները դառնան Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա հակասությունների հարթակ:

Մոսկվան, ի դեմս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նշում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է եւ քննարկվելու է ապագայում։ Օրեր առաջ Մոսկվա էին ժամանել Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները, նրանք համատեղ հայտարարություն այդպես էլ չտարածեցին, ինչը իր հերթին վկայում է այն մասին, որ Մոսկվա-Փարիզ-Վաշինգտոն փոխհարաբերություններում կան տարաձայնություններ:

REUTERS-ն օրերս հղում անելով իր աղբյուրներին, գրեց, թե Ֆրանսիան ուզում է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում ունենա միջազգային վերահսկում, եւ մտավախություն ունի, որ Ռուսաստանն ու Թուրքիան դուրս կմղեն Արեւմուտքը ղարաբաղյան վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններից։ REUTERS-ը նշել էր, որ Փարիզը համառ է լինելու հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության հարցում։

Նկատենք, որ Ֆրանսիան այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբում միակ պետությունն էր, որը հստակ շեշտում է Սիրիայից Թուրքիայի միջոցով մեր տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների վերադարձը Սիրիա: Այս օրերին տարբեր աղբյուրներ հաղորդում են Ադրբեջանին վերադարձված շրջանները ահաբեկիչներով եւ նրանց ընտանիքներով լցնելու թուրքական իշխանությունների մտադրությունների մասին, իսկ սա նոր սպառնալիք է նախ՝ Արցախի ու Հայաստանի, ինչպես նաեւ՝ ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Նոյեմբերի 21-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելեց «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված էր սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված, տուժած արցախահայության կարիքներին։ Սա եւս լրացուցիչ քայլ էր ի ցույց դնելու Ֆրանսիայի աջակցությունը հայությանը: Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը նոյեմբերի 22-ին Երեւան ժամանեց, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին կժամանի։ Մակրոնն այդ օրը նշեց․ «Ֆրանսիան պահանջում է, որպեսզի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման արդյունքում հրադադարի պայմանները գործեն նաեւ շրջանի հայկական հոգեւոր պատմամշակութային ժառանգության հանդեպ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար»։ Նա վերահաստատեց՝ «Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարությունը միջազգային վերահսկման շրջանակում ներառելու Ֆրանսիայի ցանկությունը»։

Օրեր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն Փարիզում էր: Ֆրանսիական Le Figaro օրաթերթի հետ զրույցում նա հստակ ընդգծել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ «ԱՄՆ-ը Ֆրանսիայի եւ ՌԴ-ի հետ հանդիսանում են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ, որի գլխավոր նպատակը ԼՂ-ում հակամարտության կարգավորումն է։ Հենց այդ շրջանակներում պետք է կարգավորվի իրավիճակը», շեշտել էր Փոմփեոն՝ հատուկ ընդգծելով, որ Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճի կապակցությամբ։ «Նախագահ Էմանյուել Մակրոնը եւ ես համակարծիք ենք, որ Թուրքիայի վերջին գործողություններն ագրեսիվ էին», – ասել էր պետքարտուղարը՝ մատնացույց անելով ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, ինչպես նաեւ Անկարայի ռազմական գործողությունները Լիբիայում եւ Միջերկրական ծովում. «Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պետք է համատեղ աշխատեն՝ համոզելու Էրդողանին, որ նման քայլերը չեն բխում իր ժողովրդի շահերից»:

Ակնհայտ էր, որ Փոմփեոն Մակրոնի եւ Լը Դրիանի հետ մանրակրկիտ քննարկումներ էր ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, Փարիզն ու Վաշինգտոնը Մոսկվայից հստակություն են ակնկալում Ղարաբաղում հաստատված հրադադարի եւ պայմանավորվածությունների, ինչպես նաեւ այդ գործընթացում Անկարայի դերակատարության վերաբերյալ։

Խիստ կարեւոր էր նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ Եվրոպական հարցերի նախարար պարոն Ժան-Իվ Լը Դրիանի տարածած հայտարարությունը, որում նա շեշտել էր, որ երկու կողմերի միջեւ բանակցությունները պետք է անհապաղ վերսկսվեն, դրանք պետք է թույլ տան նաեւ սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նկատելով, որ ռազմական գործողությունների դադարեցումը չափազանց կարեւոր է, սակայն միաժամանակ ընդգծել էր, որ ակնկալում են. «Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները խստիվ պահպանվեն եւ որ նրա հարձակումներն անմիջապես դադարեցվեն։ Այս համատեքստում դիմում ենք Թուրքիային չձեռնարկել ոչինչ, ինչը կարող է հակասել մեր գերակա նպատակին»։

Փարիզի համար առաջնահերթ է կողմերի միջեւ բանակցությունների վերսկսումը։ Ֆրանսիան ստանձնել է լիարժեք դերակատարություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության համար։ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո նաեւ Ելիսեյան պալատը մամուլի հաղորդագրություն տարածեց, որում հստակ նշեց, որ Ֆրանսիան անցնում է համաձայնագրով նախատեսված պայմանների վերլուծությանը եւ ակտիվորեն կշարունակի Ռուսաստանի հետ խորհրդակցությունները՝ «Հայաստանի շահերը պաշտպանող եւ հարգող քաղաքական կայուն լուծման հանգելու համար»: Ֆրանսիան խստորեն պահանջեց Թուրքիայից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ սադրանքները, զսպվածություն ցուցաբերել եւ չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք խարխլում են կողմերի միջեւ եւ Մինսկի խմբի շրջանակում կայուն համաձայնության բանակցման հնարավորությունը:

Պուտինն ու Էրդողանը նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի շրջանակներում շարունակում են փոխգործակցությունը, եւ այս սեպարատ գործունեությունը, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբին երկրորդ պլան մղելու Անկարայի ու Բաքվի վաղեմի երազանքն է, չէ՞ որ նրանք տարիներ շարունակ բողոքում էին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության գործունեությունից: Այժմ պատերազմական գործողությունների դադարով՝ Անկարան լուծեց Մոսկվայի հետ բանակցելու իր մանդատի հարցը, գումարած՝ Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի ստեղծման ու գործունեության հարցերն են հիմա օրակարգում: Սա մի իրավիճակ է, որը լրջորեն հարված է հասցնում ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը, որը պետք է զբաղվեր հետաքննության մեխանիզմների կյանքի կոչելու հարցերով, մինչդեռ այժմ դա քննարկվում է Մոսկվա-Անկարա հարթությունում:

Հիշեցնենք, որ Փարիզը բավական կոշտ հայտարարություն արեց Թուրքիայի հասցեին: Ժան-Իվ Լե Դրիանն ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստում, նշեց, որ Թուրքիան պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կնքած զինադադարի պայմանները, հակառակ դեպքում ԵՄ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:

Դեկտեմբերին ԵՄ երկրները կանցկացնեն հերթական գագաթաժողովը, որում կքննարկվի Թուրքիայի պահվածքը: Միության 27 երկրներ որոշում են կայացրել, որ եթե Թուրքիան չփոխի իր վարքագիծը, ապա դրա դեմ միջոցներ կձեռնարկվեն, ներառյալ՝ պատժամիջոցները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցնում՝հենց հայ -ռուսական հարաբերություններում մեկ փոքր ճեղք է գոյանում,անմիջապես այնտեղ են խցկվում թուրքերը:Այդպես էր նաև հարյուր տարի առաջ…..:Իսկ Մակրոնի պահվածքը նման է էլի հարյուր տարի առաջ Ֆրանսիայի կառավարության պահվածքին՝Կիլիկիան հանձնեց թուրքերին,որպեսզի հետո փրկի Մուսա Լեռան հայ պաշտպաններին՝հայերից շնորհակալության արժանանալով….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30