Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյան. «Այո, մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա». «Անկախ»

Նոյեմբեր 25,2020 12:05

«Անկախ»-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։

-Օրերս ԵՊՀ գիտխորհուրդն ընդունեց հայտարարություն՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Կիսու՞մ եք ձեր գործընկերների մոտեցումը, և հնարավո՞ր է, որ Ակադեմիայում նույնպես տեղի ունենա նույն օրակարգային հարցով քննարկում:

-Մենք Ակադեմիայի նախագահությունում այդ հարցն արդեն քննարկել ենք և շուտով հանդես կգանք հայտարարությամբ։ Օրակարգում եղել է երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու հնարավորությունները։ Մենք դատապարտել ենք, որ գիտության ոլորտն այս տարիներին ուշադրությունից դուրս է մնացել, թերֆինանսավորվել է, որի հետևանքով նաև երկրի պաշտպանական համակարգում հնարավոր չի եղել կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այո, մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա։

-Բայց պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք Սփյուռքում ծավալվող հսկայական աշխատանքի թե՛ քարոզչական, թե հումանիտար աջակցության առումով։ Ցավոք, նոյեմբերի 9-ից հետո այդ տրամադրությունը վերափոխվեց համատարած հիասթափության, և հիմա շատերը նույնիսկ հետ են վերցնում Համահայկական հիմանդրամին փոխանցված գումարները՝ տեսնելով ինչ-ինչ կասկածելի գորընթացներ հիմնադրամի շուրջ։

-Այո, շատ տարօրինակ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարների մի մասը գնացել է կառավարություն՝ անհայտ խնդիրների և ծրագրերի լուծման ուղղությամբ։ Եթե դա ունեցել է պաշտպանական նշանակություն, ապա հիմնադրամի կանոնադրությունը դա արգելում է։ Եթե բյուջեի դեֆիցիտ լրացնելու համար է գնացել, ապա նորից արգելվում է։ Մենք դրանով կորցնում ենք վստահությունը ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում։ Մեր հիմնարկի բոլոր աշխատողներն իրենց փոքր աշխատավարձից ներդրումներ են արել այդ հիմնադրամին։ Բոլորն են արել։

-Այսօր խոսում են ժամանակավոր կառավարության ձևավորման մասին, որը դուրս կհանի երկիրն այս ճգնաժամից և կայուն վիճակում արդեն կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ի՞նչ չափորոշիչներով ղեկավար կամ ղեկավարներ են անհրաժեշտ նշված խնդիրները լուծելու և Ղարաբաղյան հակամարտության գործընթացը մեր օգտին փոխելու տեսանկյունից։

-Այն մարդը, որը կշարունակի բանակցությունները, պետք է հիանալի տիրապետի պատմությանը, միջազգային իրավունքին, դիվանագիտությանը, որպեսզի կարողանա բանակցություններում մեր դիրքերը բարելավել։ Բայց դրան զուգահեռ պետք է մեր երկրի տնտեսությունը հանել այս վիճակից։ Առանց հզոր տնտեսության մենք երբևիցե չենք կարողանալու լուծել մեր պատմական խնդիրները։ Պետք է այդ բոլոր հարցերին տիրապետել, փորձ ունենալ։ Չի կարելի, որ անփորձ մարդիկ երկիրը ղեկավարեն։ Անփորձ մարդը նույնիսկ մի փոքր հիմնարկ չի կարող ղեկավարել։ Ցավոք սրտի, մենք այս երկուսուկես տարվա ընթացքում համոզվեցինք դրանում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30