Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքական կողմում ակնկալում են օր առաջ խոսքից անցնել գործի. Պուտինը և Էրդողանը հերթական հեռախոսազրույցն են ունեցել Ղարաբաղի շուրջ

Նոյեմբեր 25,2020 09:41

«Ազատություն». Երեկ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հերթական հեռախոսազրույցն են ունեցել Ղարաբաղի շուրջ։ Ընդ որում, ներկայացնելով զրույցի մանրամասները, պաշտոնական Մոսկվան ու Անկարան միմյանցից տարբերվող շեշտադրումներ են անում։

Ըստ Կրեմլի, «Պուտինը Էրդողանին տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետորեն ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և քաղաքացիական բնակչության անվտանգությունը»: «Ընդգծվել է փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային ու կրոնական կոթողների պահպանման հետ կապված անհետաձգելի խնդիրները լուծելու գերակայությունը», – ասված է հաղորդագրությունում։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ շարունակվող աշխատանքների շուրջ, հաղորդում է Ռուսաստանի նախագահական նստավայրը։

Եվ եթե Կրեմլը համատեղ կենտրոնի մասին հիշատակում է հաղորդագրության վերջում, ապա Անկարան հենց դրանից է սկսում՝ ընդգծելով, որ թուրքական կողմում ակնկալում են օր առաջ խոսքից անցնել գործի։ «Նախագահ Էրդողանը նշել է՝ սպասում են, որ Ռուսաստանի հետ ստեղծվելիք հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոնը ամենակարճ ժամանակում կսկսի իր աշխատանքները», – հայտարարել է Թուրքիայի նախագահական պալատը։

Փաստացի, այս մասին հուշագիրը երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են դեռ երկու շաբաթ առաջ, մինչև օրս, սակայն, կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ և հստակեցնել՝ ինչպես են իրականացնելու այդ գործառույթը, և կամ ով ինչ լիազորություններ է ունենալու։ Ավելին, հղում անելով Թուրքիայի իր աղբյուրներին, Reuters-ը օրերս հաղորդել էր, թե Անկարան ուզում է համատեղ այս կենտրոնից բացի նաև սեփական՝ անկախ դիտորդական կետը բացել Ադրբեջանում՝ տարածաշրջանում իր ազդեցությունն է’լ ավելի ամրապնդելու համար։ «Ամենամեծ տարաձայնությունը Ադրբեջանի տարածքում թուրքական դիտակետ բացելու շուրջ է», – ասել էր Reuters-ի աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով։ «Ռուսաստանը կարծում է, որ դրա կարիքը չկա, Թուրքիան, սակայն, այլ կարծիքի է, և ակնկալվում է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում։ Թուրքիան հույս ունի, որ ի վերջո իրեն կհաջողվի փոխզիջման հասնել», – հաղորդել էր Reuters-ը։

Պաշտոնական Մոսկվան, Անկարան, Բաքուն կամ Երևանն այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։

Մինչ այդ, Թուրքիայի նախագահը ռուս գործընկերոջ հետ երեկվա հեռախոսազրույցում ընդգծել է՝ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը խուսափի եռակողմ համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից։ «Ադրբեջանի համար իր տարածքի լիակատար վերադարձը զգայուն հարց է», – ասել է Ռեջեփ Էրդողանը, ով մինչ այդ էլ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, Ադրբեջանի շահերը պաշտպանելու և Բաքվին ամեն կերպ աջակցելու առիթը բաց չէր թողնում։

Երեկվա հեռախոսազրույցն, ի դեպ, կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Էրդողանի զանգից առաջ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ և ի թիվս այլ հարցերի քննարկել «տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրը»։ Այլ մանրամասներ Կրեմլը չէր հաղորդել։

Ադրբեջանի նախագահական նստավայրը ևս փաստել էր՝ «Ալիև-Պուտին զրույցի ընթացքում քննարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և հաղորդակցության միջոցները բացելու հարցերը՝եռակողմ համաձայնագրի դրույթներին համապատասխան»։ Ժամկետներ կամ այլ մանրամասներ Բաքուն ևս չէր նշել։

Հայաստանի վարչապետի գրասենյակը Պուտին-Փաշինյան զրույցի մասին առայժմ պաշտոնապես չի հաղորդել։

Նոյեմբերի 9-ին կողմերի միջև ստորագրված հայտարարության վերջին՝ 9-րդ կետում նշվում է, որ կողմերը համաձայնել են բացել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Բացի այդ, Հայաստանը հանձն է առել ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Թե երբ է սկսվելու այս քայլերի իրագործումը և ինչպես, փաստաթուղթը չի հստակեցնում, նշվում է միայն, որ Հայաստանի տարածքով անցնող, Ադրբեջանը Նախիջևանին կապող այդ ճանապարհի անվտանգությունը պետք է երաշխավորեն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի սահմանապահ ուժերը։

Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30