Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ պատրանքների մասին

Նոյեմբեր 25,2020 10:00

Ուզում եմ հակիրճ ամփոփել, թե ինչ մեղադրանքներ են ինձ առաջադրում կամ ինչ թեմայով են ինձ հետ վիճում իմ ֆեյսբուքյան ընկերները:

1/ Ես օբյեկտիվ չեմ ներկայացնում իրականությունը:

Ներկայացնում եմ իրականության իմ ընկալումը. մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, ունենք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր գաղթականներ, տնտեսական եւ հումանիտար կոլապս, եւ դրա գլխավոր պատասխանատուն ներկայիս վարչապետն է: Ո՞րն է այստեղ սուտ, սխալ կամ ոչ օբյեկտիվ պնդում:

2/ Ես ինչ-որ բան ունեմ անձնապես Նիկոլ Փաշինյանի դեմ:

Ճիշտ հակառակը՝ գտնում եմ, որ նա տաղանդավոր լրագրող է, նույնքան տաղանդավոր հռետոր, որոշակի հեղինակություն ձեռք բերած քաղաքական գործիչ: Համաձայն չեմ, որ նա դավաճան է, կտրականապես դեմ եմ նրա հասցեին անձնական վիրավորանքներին: (Ի դեպ, դեմ եմ նաեւ Աննա Հակոբյանի մասին անպարկեշտ խոսակցություններին՝ նա ինձ համար մասնավոր անձ է, նաեւ՝ գործընկեր: Պատասխանատվության պետք է ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնք մասնավոր անձին «դոպուսկ» են տվել այնպիսի տեղեր, որտեղ նա չպիտի լիներ): Նիկոլ Փաշինյանը պարզապես շատ վատ, ահավոր վատ, աղետալի վատ կառավարիչ է, նա չունի պետությունը ղեկավարելու համար անհրաժեշտ որակներ:

3/ Կանխատեսումներս չափից դուրս հոռետեսական են:

Այստեղ, իհարկե, կարող եմ սխալվել՝ քաղաքագետները, հավանաբար, ավելի ճշգրիտ կանխատեսումներ կանեն: Ես ուղղակի առաջնորդվում եմ պարզ տրամաբանությամբ. եթե լուցկին տվել են ոչ կոմպետենտ մարդու, որն անզգուշորեն այրել է տան կեսը, ապա, լուցկին նրա ձեռքը մնալու դեպքում, վաղ թե ուշ կայրվի ամբողջ տունը:

4/ «Крепитесь, Запад нам помօжет»:

Դա, իմ կարծիքով, պատրանք է: Ֆրանսիայի եւ Միացյալ նահանգների համար մեր խնդիրները 10-երորդական նշանակություն ունեն: Նրանք կարող են հանդես գալ «բարոյապես սատարող» հայտարարություններով (նաեւ Սենատի մակարդակով), ուղարկեն հումանիտար բրինձ-լոբի, բայց ոչ ավելին: Այս տարածաշրջանում շահեր ունի, անշուշտ, Ռուսաստանը: Բայց այս որակի, արտաքին քաղաքականության հարցերում այս աստիճանի «բոբիկ» ղեկավարության պարագայում շատ հնարավոր եմ համարում, որ ռուսները կրկին պայմանավորվեն թուրքերի հետ, եւ վերջիններս մեզ այստեղից, այսինքն՝ բուն Հայաստանի Հանրապետությունից քշեն: Այդ պարագայում կարելի է ակնկալել, որ Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները մեզ նոր «նանսենյան անձնագրեր» կտան:

5/ «Բա որ Նիկոլը գնա, ո՞վ կգա»:

Հարցի հասցեատերը ես չեմ՝ կա խորհրդարան, կան կուսակցություններ: Կա, ի վերջո, Սահմանադրություն, որն այդ հարցերը կարգավորում է: Որեւէ մի քաղաքական ուժի նկատմամբ առանձնակի համակրանք կամ հակակրանք չունեմ:

Վերջում մի խնդրանք: Հարգելի ՊՈԱԿ եւ ֆան-ակումբի անդամներ: Ժամանակ մի՛ ծախսեք՝ ինձ վիրավորելու վրա: Այո, ես ինձ խորապես վիրավորված եւ նվաստացած եմ զգում, բայց ոչ թե ձեր հայհոյանքներից, այլ այն փորձանքից, որը ձեր կուռքը (կամ գործատուն) բերել է մեր ժողովրդի գլխին: Այդ աղետի համեմատ՝ բոլոր բառերը խամրում են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «Բա որ Նիկոլը գնա, ո՞վ կգա»:
    Երբ զանգվածները փողոցներ էին փակում՝ մերժելով Սերժին, և մինչև այն պահը, երբ Նիկոլն իրեն հռչակեց վարչապետ, որևէ մեկը գիտե՞ր, թե ով է լինելու Սերժից հետո: Իհարկե, չգիտեր, բայց դա չխանգարեց, որ մերժեն Սերժին:

  2. henri says:

    Արդեօք եթէ Սերժիկը մնալու ըլլար աւելի լաւ պիտի ըլլայինք ։Նիկոլ շատ լաւ էր մինչեւ Հանրապետութեան հրապարակ ժամանելը ։ Ցաւօք ժողովուրդը այնքան զզուած էր հանրապետականներէն , չանդրադարձաւ որ նոր եկողը երբ սկսաւ ՛՛ասֆալթին փռել – պատերուն խփել ՛՛ ազգին կէսէն աւելին ,լաւ բան չէր խոստանար,մանաւանդ որ այդ՛՛ ասֆալթին փռուելիքները ՛՛ մինչեւ այսօր ազատ կը շրջին և բերման կ՛ենթարկուին ամէն անոնք որ այս երեւոյթին դէմ կը բողոքեն…
    Ափսոս եթէ ՛՛յայտնի պոռոտախօսները,առիթէն օգտուելով ՛՛ չխառնուէին ժողովուրդին և քաօսային վիճաակ չստեղծէին,շատ աւելի դիւրին պիտի ըլլար լուծում գտնել այս ՛՛անբացատրելի վիճակին ․Կովկասի մէջ ասացուածք մը կար
    « Վերը թքնեմ պեխս կայ – վարը թքնեմ ..Մօրուքս ․մենք հիմա այս վիճակի մէջ ենք ։Պ.Աբրահամեանը ,ըստ իս շատ իմաստուն անձ է ,կը զգայ վիճակին ծանրութիւնը և ահազանգ կը հնչեցնէ որպէս խմբագիր,ես համաձայն եմ իրեն լիուլի ։

  3. Իրատես says:

    Պարոն Աբրահամյան, 5+2 շրջաններն է՞լ եք հաշվում Արցախի մեջ։ Առանց այն էլ շատ բան ենք կորցրել։ Մեզ ուրիշի հողը ինչի՞ է պետք, որ հուզական ազդեցությունը ուժեղանա՞։ Հումանիտար կոլապսը Առաջին հանրապետության տարիներին էին, երբ գաղթականները պատերի տակ մեռնում էին համաճարակներից ու սովից։ Նիկոլից ազատվեք առանց մարդկանց հուսալքելու։ Ձեր տված վնասը ոչ թե Նիկոլի հրաժարականը պահանջելն է, այլ նույն կարգախոսը, որով Նիկոլն ու իր անլիարժեք թիմը եկան իշխանության, որպես ելք ու փրկություն առաջարկելը։ Մի՛ մերժեք Նիկոլին։ Ողջունեք, ասենք թե, Նախագահին։ Նիկոլին հայհոյելուց մենակ սիրդ կհովանա, ուրիշ օգուտ չկա։ Հիմա սիրտ չի պետք, ոչ էլ բիլակ։Ուղեղ ա պետք։ Քամու ուղղությամբ թքելու փոխարեն, կոնկրետ առաջարկեք էս պառլամենտական մունդռիկությունը թարգեն ու հետ գան նախագահական կառավարման։ Հայաստանի պրոբլեմը համակարգային է։ «Մանդռաժ» մի ընկեք։ Էլ բեթարից աստված կազատէ, մենակ հուզական ֆոնը իջացրեք։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30