Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ՖԲ էջում հայտնում է. «Այսօր Հերացի համալսարանական հիվանդանոցում անչափելի ուրախության, անսահման երջանկության ականատես եղանք… Շուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը` մեր բուժքույր Հասմիկը, զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ…
Ասում են, երբ խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է գոյություն ունենալուց: Տեսնում ենք թե քանի ընտանիք է տառապում, ապրում անչափելի դաժան օրեր…
Աստված տա շատ ընտանիքներում վառվի հույսի լույսը…
Հ.Գ. Այս օրերին հետևում էի տիկին Հասմիկին, թե ինչ հոգատարությամբ է խնամում մեր վիրավոր զինվորներին, բոլորին դիմավորում էր սրտաբաց, ժպիտով… երբեմն անհետանում էր կարճ ժամանակով, հետո կրկին շարունակում էր իր գործը` մեղմ ժպիտով, սակայն թաց աչքերով…