Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախիջեւանում կանգնում էիր, խորհրդային «եղբայր» Ադրբեջանի երեխաները քարկոծում էին, ներս թափվում գնացք: Պատկերացնում եք՝ հիմա՞ ինչ կարող են անել»

Նոյեմբեր 25,2020 14:30

Իրանագետ Էմմա Բեգիջանյանի համար անընդունելի է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն ու ցամաքային Ադրբեջանը կապող ճանապարհի կառուցումը. նրա համոզմամբ՝ այս հարցով պետք է համագործակցել Իրանի հետ, նրան էլ ձեռնտու չէ:

«Այդ տրանսպորտային ճանապարհը վտանգավոր է Հայաստանի եւ Իրանի համար»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածության մասին հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է միջանցքի ստեղծում, որը կապում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն ու ցամաքային Ադրբեջանը: Սա ոչ մեծ հատված է, եւ ստացվում է, որ դրանով լինելու է երկու ուղղությամբ երթեւեկություն՝ Հայաստանից դեպի Իրան եւ Նախիջեւանից դեպի Ադրբեջան։ Հայաստանի ու Իրանի միջեւ միակ անցակետն՝ Ագարակ-Նորդուզը, Նախիջեւանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է։

Ակնհայտ է, որ եթե այդ հատվածում օգտագործվի եղած ճանապարհը, այն լարվածության աղբյուր կլինի բոլոր կողմերի համար, այդ թվում՝ Իրանի: Էմմա Բեգիջանյանի համոզմամբ՝ հենց այս խնդիրն է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ նոյեմբերի 23-ին կայացած հանդիպման եւ դրանից հետո քննարկումների առանցքային հարցերից մեկը: Այս առիթով իրանագետն ասաց. «Չի բացառվում՝ Իրանի համար գերակա խնդիր է համաձայնագրի 9-րդ կետը՝ միջանցք տրամադրելը, ու ԱԳ նախարարների հանդիպման առանցքային հարցը հենց դա է: Իրանական ԶԼՄ-ներում էլ շատ լուրջ քննարկումներ են այս թեմայով, քանի որ դա Իրանին ուղղակի հարված է»:

Էմմա Բեգիջանյանի փաստմամբ՝ մինչեւ օրս Իրանն Արդբեջանին կապող միակ ճանապարհը Իրանի տարածքով էր, եւ այսպիսով հիմա Իրանը զրկվում է որպես տարանցիկ տարածք լինելով, մյուս կողմից էլ Թուրքիան տարեսկզբից հայտարարել էր, որ գազամուղ է կառուցելու դեպի Նախիջեւան, իսկ առ այսօր Իրանն էր Նախիջեւանին գազ մատակարարում. «Ինչքան էլ ասեն՝ դա միայն տրանսպորտային ճանապարհ է, ՀՀ տարածքի անվտանգության խնդիր չէ, բայց, միեւնույն է, դա վտանգավոր է մեր եւ Իրանի համար»: Էմմա Բեգիջանյանը պատմեց՝ երբ կարդացել է այդ հայտարարությունը, 9-րդ կետին հասնելով՝ ասել է՝ պիտի ամեն ինչ անենք, որ այդ ճանապարհը չկառուցվի: Նա անհանգստացած է՝ հինգ տարի ռուսական կողմը վերահսկելու է, իսկ հետո՞: Նա փաստեց՝ ավտոմայրուղի է, թուրքերը կիջնեն, ՀՀ-ում ինչ կուզեն, կանեն, սահմանը կփակեն: Իրանագետը վստահ է՝ այդ ճանապարհը մեզ ոչինչ չի տա: Հիշեցրինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ երկաթուղային ճանապարհի գործարկումը կարող է ՀՀ համար շրջադարձային լինել ու նշել. «Մենք ուզում ենք, որպեսզի, օրինակ, Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի Նախիջեւանով: Մենք խոսում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին»:

Էմմա Բեգիջանյանը հակադարձում է՝ չի կարծում, թե դա մեզ առանձնապես լուրջ բան կտա. «Ավելի լավ են մեզ համար ավտոմայրուղիները, քան այդ գնացքը, որը ոչինչ մեզ չի տա: Եվ նույնիսկ խորհրդային ժամանակներում մեկ անգամ այդ գնացքով գնացել եմ Կապան, փորձելու համար, քանի որ այդ ճանապարհով էի Իրանից եկել Հայաստան: Նախիջեւանում կանգնում էիր, խորհրդային «եղբայր» Ադրբեջանի երեխաները քարկոծում էին, ներս թափվում գնացք: Պատկերացնում եք՝ հիմա՞ ինչ կարող են անել: Ո՞նց կարող է հայկական գնացքը հանգիստ անցնել Նախիջեւանով: Դա մեզ ի՞նչ է տալու»:

Էմմա Բեգիջանյանը վստահ է՝ Իրանի հիմնական բանակցությունների մեխը լինելու է դա: Նա ցավով նշեց, հիմա, երբ այսպես ասած բանը բանից անցել է, բոլորը սկսել են անհանգստանալ. «Իրենք մինչեւ հիմա լռում էին, հիմա տեսան, թե դա ինչի հանգեցրեց: Դրան գումարած հիմա կսկսեն արդեն եվրոպացիներն անհանգստանալ, քանի որ Ադրբեջանն ասում է՝ ես խնդիր չունեմ Կիպրոսը ճանաչել որպես անկախ պետություն»:

Վարչապետի հավաստիացումներին՝ թե երկաթուղային ճանապարհը մեզ համար կլինի շահավետ, Էմմա Բեգիջանյանը պատասխանում է. «Ոչ մի շահ տարածքային ամբողջականությանը չի կարող գերակա լինել: Մենք այս հարցում պետք է աշխատենք Իրանի հետ, որ երբ այս հայտարարությանը հաջորդի համաձայնագիր կամ այլ փաստաթուղթ, այնտեղ այդ կետը չլինի: Ռուս-իրանական հարաբերությունները հիմա շատ բարեկամական են, այո, շանսեր կան, Իրանի հետ պետք է համագործակցել: Ես չեմ պատկերացնում, երբ հինգ տարի հետո, երբ կարող է խնդիր առաջանալ ռուսների հետ, նրանք կարող է գնան, ու ճանապարհը կառուցած լինեն, ի՞նչ պիտի անենք»:

Էմմա Բեգիջանյանն ասաց՝ անգամ որոշ իրանցիներ գրում են, թե այդ միջանցքը լինելու է հինգ կիլոմետրանոց, բայց ըստ էության հայտարարության մեջ նման բան չկա:

Էմմա Բեգիջանյանը կարծում է՝ պիտի որ Իրանին հաջողվի կասեցնել այս ճանապարհի կառուցումը: Էմմա Բեգիջանյանն ասում է՝ պետք է ամեն ինչ անել, որ դա իրականություն չդառնա, անգամ պատրաստ է գնալ եւ պառկել այդ տարածքում, թող իր վրա ասֆալտ լցնեն, բայց թույլ չի տալու այդ ճանապարհի կառուցումը: Իրանագետը վրդովված է. «Թուրքը գա, իմ երկրով անցուդարձ անի, զենք տանի, նավթ տանի… ամենաառաջնային հարցն է այն, որ դա իրականություն չդառնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30