P.S. Հիշյալ հոդվածն ավարտել եմ 06.11.20թ., իսկ 09.11.20թ.-ին ստորագրվեց հայերի խայտառակ պարտության խայտառակ փաստաթուղթը: Այստեղ ցանկանում եմ նշել մի քանի հանգամանք, ամենեւին չփորձելով որեւէ կերպ արդարացնել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին տարիների եւ բուն պատերազմի ընթացքում վարած քաղաքականությունը եւ գործողությունները:
Սակայն դառնանք պատերազմին: Ո՞վ հաղթեց եւ ո՞վ պարտվեց: Որ Հայաստանը պարտվեց ակնհայտ է: Բայց հաղթողը հաստատ Ադրբեջանը չէ: Կարծում եմ, ավելի՛ն, համոզված եմ, որ հաղթողը մեկն է՝ Թուրքիան, այլ ոչ թե ադրբեջանաթուրքա-ահաբեկչական եռամիությունը, որովհետեւ եւ՛ ադրբեջանական, եւ՛ ահաբեկչական ուժերին առաջնորդողը Թուրքիան է: Իսկ Ադրբեջա՞նը: Արդեն ասել եմ եւ երկրորդում եմ, որ Ադրբեջանը երբեւէ չի եղել եւ չկա, կա միայն Թուրքիա: Իսկ պատերազմի հաղթական ավարտից հետո առավել եւս Ադրբեջանը առհասարակ վերացավ: Իհարկե այդ հանգամանքը Ադրբեջանում դեռեւս չեն գիտակցում, սակայն հաղթանակի էյֆորիայից հետո այն աստիճանաբար կհասկանան եւ ադրբեջանցիները վերջնականապես կհասկանան, որ իրենք թուրք եղել են, թուրք էլ մնում են, առավել եւս, որ այսօր թուրք լինելը իրենց համար պատվաբեր է: Ինչ վերաբերում է Ալիեւին, ապա Ռուսաստանը հաջողությամբ վերակենդանացրեց Ալիեւների կլանը եւ նա բնականաբար մեծ-մեծ կսկսի ճամարտակել, բայց իհարկե արդեն ինքնուրույն, առանց Էրդողանի թույլտվության որեւէ ինքնուրույն քայլ այլեւս չի կարող կատարել: Այսուհետ նա պարտավորված է պարել թուրքական զուռնայի նվագակցությամբ:
Հայ-թուրքական (ոչ թե ադրբեջանական) պատերազմում պարտվեց ոչ միայն Հայաստանը, այլեւ՝ Ռուսաստանը, Արեւմուտքը եւ Իրանը: Ռուսաստանի պարտության առաջին նախանշանը Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռն է. համոզված եմ, որ ինքնաթիռը խոցվել է թուրքական հրամանով, որքանով էլ Ադրբեջանը ստանձնի այդ հանցավորությունը: Եվ ինչպես թուրքերը հաջողությամբ մարսեցին նախկին խփված ինքնաթիռի, ռուսական դեսպանի սպանության հանցանքները եւ բազմաթիվ այլ Ռուսաստանի հանդեպ կատարած թշնամական քայլերը, այնպես էլ կմարսեն ուղղաթիռի խոցման հաջողությամբ կատարած թշնամական քայլը: Դա երեւում է արդեն այն սպասումներից, որ ցուցաբերում է Ռուսաստանը՝ սպասելով մեղավորների բացահայտմանը: Իհարկե համոզված եմ, որ Պուտինը այն քաղաքական գործիչը, չէ որը կարող է այդ ամենը կուլ տալ։ Նա պատեհ առիթով դեռ թուրքերին շատ բան կհիշեցնի։
Ռուսաստանը պարտվեց, որովհետեւ չկարողացավ կանխել ահաբեկիչների մուտքը Կովկասյան տարածաշրջան, որքանով էլ որ գիտակցում էր այդ վտանգը: Ադրբեջանը չհաղթեց այդ պատերազմում, որովհետեւ նրա նպատակը Ղարաբաղը վերացնելն էր, որը մնաց անիրագործելի: Իսկ Թուրքիային Ղարաբաղը, գոնե այս փուլում, ամենեւին չէր հետաքրքրում, նա ցանկանում էր հաստատվել Կովկասյան տարածաշրջանում եւ հասավ իր նպատակին: Այդ պատճառով է նաեւ այս պատերազմի հաղթողը Թուրքիան, իսկ պարտվողը՝ Ռուսաստանը:
Կարդացեք նաև
Մի հանգամանք եւս: Նախիջեւանը Ադրբեջանին կապող ճանապարհի ստեղծումը ամերիկյան ծրագիր էր, որը պատրաստվել էր դեռեւս Քի-Ուեստում, բայց այն ժամանակ դա չստացվեց, իսկ այժմ Ռուսաստանի թեթեւ ձեռքով ամերիկյան ծրագիրը դարձավ իրականություն: Այդ ճանապարհը Թուրքիայի վաղեմի երազանքն էր եւ Թուրքիան այս հարցում եւս հասավ իր նպատակին: Առայժմ բավարարվենք այսքանով:
Ինչ վերաբերում է Արեւմուտքին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, որոնք եւս պարտվեցին, որովհետեւ չհասան իրենց հիմնական նպատակին՝ Թուրքիան եւ Ռուսաստանը հաջողությամբ խուսանավեցին եւ չբախվեցին:
Արեւմուտքը, որ անընդհատ խոսում է ահաբեկիչների վտանգավորության մասին, չձեռնարկեց որեւէ քայլ՝ կանխելու համար դրանց գործողությունները: Եվ ամենակարեւորը, Արեւմուտքը, որ ձգտում էր ամեն գնով հաստատվել Հարավային Կովկասում, հաջողությամբ ամեն ինչ նվիրաբերեց Ռուսաստանին։ Այժմ Կովկասում հաստատվեց Ռուսաստանը։ Այս հարցում եւս պարտվեց Թուրքիային:
Պարտվեց նաեւ Իրանը, որը թեեւ հայտարարում էր, որ չի հանդուրժի իր սահմանների մոտ որեւէ աշխարհաքաղաքական վերադասավորում, այնուամենայնիվ, մինչեւ վերջ պահպանեց իր անիմաստ, եւ իր շահերից չբխող չեզոքություն, ամեն ինչ հաջողությամբ զիջեց Թուրքիային, որը մոտ ժամանակներում այդ ամենը կփորձի օգտագործել իր դեմ: Առաջին ծիլերն արդեն առկա են՝ նրանք ունեն առաջին զոհերը։ Շարունակությունը դեռ կտեսնենք։
Ռուսաստանն արդեն երեք տասնամյակ հաջողությամբ իրենից վանում է բոլոր եվրոպական մոտ ու հեռու հարեւաններին՝ մերձբալթյան հանրապետություններ, Արեւելյան Եվրոպայի պետություններ, Վրաստան, Ուկրաինա: Փաստորեն միակ վստահելի, հավատարիմ բարեկամ, ռազմավարական գործընկեր պետություն մնացել էր Հայաստանը, բայց ամեն ինչ անում է նրան նույնպես վանելու համար: Ո՞րն է Ռուսաստանի հաղթանակը, որով այսօր հպարտանում է: Իհարկե ասում է, որ փրկեց հայերին վերջնական ջախջախումից, Լեռնային Ղարաբաղը պահպանեց իր գոյությունը: Թե ի՞նչ գնով. հայերն այսօր որքան էլ որ խեղճ են, բայց այդ մասին կհիշեցնեն:
Որպես վերջաբան ասեմ, որ այս չարաբաստիկ պատերազմն իրականում քաղաքակրթական պատերազմ էր եւ իրեն քաղաքակիրթ համարող աշխարհը պարտվեց. հաղթեցին վայրագները, քաղաքակրթությանը ոչ մի նպաստ չբերած վայրենի քոչվոր ցեղերը, որոնք թեեւ արդեն դարձել են փողկապավոր, բայց էությամբ մնացել են միջնադարում:
Դեռ երկար կքննարկվեն այսօրվա իրադարձությունները, եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Արեւմուտքը կփորձեն հասկանալ, թե ինչ կատարվեց: Մի բան պարզ է, որ ամենամեծ վնասը կրեց Հայաստանը, առաջին պարտվողը հենց Հայաստանն է: Որքան հասկանում եմ, այսօր եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Արեւմուտքին անհրաժեշտ է իականացնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։ Դա առաջին հերթին անհրաժեշտ է Ռուսաստանին, որովհետեւ 5 տարի հետո, թուրքերը չեն հանդուրժի ռուս խաղաղապահների առկայությունն այդ տարածքում եւ Ադրբեջան կոչվածը, իհարկե Թուրքիայի թելադրանքով, կփորձի իրականացնել իր վաղեմի երազանքը՝ հայաթափել Արցախը եւ ինչու ո՞չ՝ նաեւ Հայաստանը, ինչն անշուշտ, ձեռնտու չէ Ռուսաստանին։ Այդ տարածքում մնալու համար անհրաժեշտ է որեւէ «ինքնուրույն» սուբյեկտի համաձայնությունը, ինչը հենց կարող է լինել ճանաչված Արցախը։
Բայց ողբալու ժամանակն ավարտվեց, ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու ժամանակն է: Հայաստանը պարտություններ էլի է ունեցել, բայց դրանով պատմությունը չի ավարտվել, այլ՝ շարունակվել է: Հիշեք Հռանդեայի հաղթական պայմանագիրը, որը կնքվեց 64թ.-ին: Իսկ 58թ.-ին Հայաստանը պարտվել էր հզոր Հռոմեական կայսրությանը եւ ավերվել էր Արտաշատ մայրաքաղաքը: Հայոց Արքա Տրդատ Ա-ն նահանջեց իրեն ենթակա Ատրպատական (դա այն Ատրպատականն է, որն այսօր դարձել է Ադրբեջան): Այդ առիթով Հռոմում (ինչպես այժմ Բաքվում) մեծ տոնահանդեսներ կազմակերպվեցին, դրամներ հատվեցին. Հռոմեացիներն իրենք իրենցով հիացած էին: Բայց դրան հաջորդեց այդ նույն Հռոմի անպարտելի բանակի պարտությունը Հռանդեայի ճակատամարտում եւ հռոմեական զորավար Պետոսի զորքը անցավ նվաստացուցիչ լծի տակով:
Սա չմոռանանք եւ հիշենք, որ պարտվել ենք ոչ թե պատերազմում, այլ ընդամենը մի ճակատամարտում, իսկ հաջորդը, որն անպայման կթելադրվի, պետք է դառնա վերջապես պատերազմի հաղթական ավարտը:
Ուրեմն ոտքի՛ եւ մենք կհաղթե՛նք. ավելի քան 5 հազար տարի հայն ապրել է Հայկական լեռնաշխարհում, նա այդքան էլ դեռ կապրի իր Հայրենիքում:
Վ. Պ.
«Առավոտ» օրաթերթ
24.11.2020