Հարցազրույց կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանի հետ
– Ի՞նչ ես կարծում` կրթության միջոցով հասարակությանը դեպի լավը տանելու մեխանիզմն այսօր օգուտ կբերի՞ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված։
– Մեր երկիրն այժմ լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած։ Գրեթե բոլոր ոլորտները կաթվածահար վիճակում են, իսկ դրանից դուրս գալու միակ ելքն ազգային համախմբումն է, մեր ներուժը ճիշտ օգտագործելը եւ ամեն բան անելիս մեր ավելի լավ ապագան պատկերացնելը։ Քաղաքական որեւէ հարցի չեմ ուզում անդրադառնալ…
Այս ամենի համար անչափ կարեւոր է կրթության դերը։ Հենց մարդու մտածողության փոփոխության միջոցով ենք մենք հասնելու ոչ թե մտացածին, այլ իրական հաջողությունների։ Մեր երկրում, ցավոք, կրթության մակարդակը դեռեւս հեռու է բավարար լինելուց։ Մարդու մտավոր ներուժի բացահայտումը, դրա ճիշտ ուղղորդումը, ազգային արժեքների նկատմամբ անկեղծ ու անշահախնդիր վերաբերմունքը ձեւավորվում է հենց դպրոցում։ Իմ կարծիքով, մեր կրթությունը պետք է ընդգծված ազգային բնույթ ունենա՝ հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները։ Իհարկե, այդ ամենը պետք է համադրել միջազգային կրթական փորձի լավագույն ձեռքբերումների հետ։
Մի միամիտ միտք է հաճախ շրջանառվում, թե հումանիտար, հասարակական առարկաների փոխարեն պետք է դպրոցներում դասավանդել միայն ճշգրիտ գիտություններ, ֆիզիկական դաստիարակություն, ռազմագիտություն, ռոբոտիկա եւ այլն, քանի որ մենք պատերազմական երկիր ենք։ Ես սա համարում եմ խիստ միակողմանի եւ անհեռանկար մոտեցում։ Նախ ազգային արժեքները երեխայի մեջ սերմանվում են հենց հումանիտար առարկաների միջոցով, իսկ բնագիտամաթեմատիկական առարկաները զարգացնում են երեխայի մտահորիզոնն այլ ուղղությամբ։ Սրանք ոչ թե հակադրելի, այլ համադրելի երեւույթներ են։ Այսինքն՝ նախ պետք է ազգայինի նկատմամբ ձեւավորել վերաբերմունք, իսկ հետո այդ վերաբերմուքն ինքն իրեն վերածվում է հայրենասիրության, հող ու ջրի նկատմամբ նվիրումի եւ սիրո։
Կարդացեք նաև
– Պատերազմի ընթացքում ոտնահարվել է Արցախի 24.000 աշակերտների կրթության իրավունքը։ Չբացառենք նաեւ, որ շատերը սթրես են տարել ու տանում։ Ի՞նչ կասես այս հարցի շուրջ։
-Այո՛, Արցախի երեխաների տարրական իրավունքները ոտնահարվեցին։ Հնարավորություն եմ ունեցել այս ամենն ասելու նաեւ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, ԵՄ դեսպանին, տարբեր հարթակներով բաց նամակներ եմ հղել միջազգային հանրությանը։ Նշել եմ, որ իրենց աչքի առջեւ ոտնահարվում է երեխայի տարրական իրավունքները, իսկ իրենք այդ ամենի լուռ վկան են… Մեր ազգը վտանգի պահին համախմբվելու բացառիկ շնորհ ունի։ Այս անգամ էլ բացառություն չէր։ Բոլորը լծվել էին արցախցի ընտանիքներին տեղավորելու հարցերով, հնարավորինս արագ լուծվեց նաեւ նրանց կրթության շարունակականության հարցը։ Նրանք տեղավորվեցին ՀՀ տարբեր շրջանների դպրոցներում, կամավորական ուսուցիչների, հոգեբանների խմբեր էլ աշխատեցին նրանց հետ։ Թե՛ հանրակրթական, թե՛ մասնավոր դպրոցները սիրով ընդունեցին երեխաներին, ամեն բան արեցին, որ նրանք ոչ մի բանի կարիք չունենան։ Պետք էր տեսնել, թե ինչ սիրով ու ջերմությամբ էին հայաստանցի երեխաները դիմավորում իրենց արցախցի հայրենակիցներին։
Իմ դասավանդած խմբերում էլ կան արցախցի փոքրիկներ։ Բոլորը շատ պայծառ, խելացի, ուժեղ երեխաներ են։ Նրանցից շատերը շուտով վերադառնալու են իրենց հայրենի տուն, հաճախելու են իրենց դպրոցները։ Երեխաները կարոտում են իրենց տունը, դպրոցները։ Իսկ այն ընտանիքները, որոնք մնալու են ՀՀ-ում կամ Արցախի այլ բնակավայր են տեղափոխվում, պետք է պետության հոգածության տակ լինեն։ Պետք է մտածել նախ այդ ընտանիքների աշխատանքի, սոցիալական այլ հարցերով, իսկ դպրոցներում ամեն բան արվում է, որ երեխաների կրթության իրավունքը չտուժի։
– Ի՞նչն է պակասում կրթության ոլորտում, որը գերխնդիր է այսօր։
-Կրթության ոլորտում, ըստ իս, առաջին հերթին բացակայում է տարբերակված մոտեցումը։ Կարեւորում եմ նաեւ կրթություն կյանքի համար սկզբունքը։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք ուզում ենք բոլորին նույն մարդը դարձնել։ Ստիպողաբար տարիներ շարունակ «անցնում» են տարբեր առարկաներ, անցնում են ու գնում առաջ՝ հաճախ նույնիսկ առանց մեկ երեւույթ հասկանալու այդ դասից։ Մեր կրթությունը խիստ տեսական է ու երեխային չի պատրաստում կյանքի իրական մարտահրավերներին, չի մղում հասկանալու, վերլուծելու, գնահատելու իրենց արած աշխատանքը, բացահայտելու իրենց ներուժը, հասկանալու՝ ինչ կարող են ավելի լավ անել, ինչ անել, որ հանրային բարիք ստեղծեն։
Իհարկե, մասնավոր դպրոցներ կան, որտեղ երեխաները փայլուն կրթություն են ստանում, բայց դրանք եզակի օրինակներ են, իսկ ընդհանուր առմամբ՝ անելիքներ դեռեւս շատ կան։ Հուսանք, որ մեր ղեկավարները կհասկանան, որ հաղթանակի հասնելու առաջին պայմանը կրթության որակի բարելավումն է եւ խիստ գործնական քայլերի կանցնենք։ Պետք է ճիշտ օգտագործել նաեւ ուսուցչի ներուժը։ Մեր դպրոցների մեծ մասը խարսխված է մի քանի փորձառու, բանիմաց ուսուցիչների վրա։ Ես նկատում եմ, որ ուսուցիչների մեծ մասը պատրաստակամ է նոր բան սովորելու, ավելին անելու, սակայն դա իրագործելու համար չունի ուղղորդող, հաճախ չունի մոտիվացիա։ Պետք է ուսուցչի կողքին լինել, խրախուսել, օգնել ավելին անելու հարցում։ Ի վերջո, կրթական բարեփոխումների իրագործողն առաջին հերթին հենց ուսուցիչն է։
– Կրթության արդյունավետության նոր մեթոդներ մշակե՞լ ես, որը որոշ չափով կփոխի կրթության մակարդակը ու որն ըստ քեզ` ավելի լավը կարող է լինել, քան եղել է։
– Ես դասավանդում եմ հայոց լեզու եւ գրականություն։ Իմ փորձից կարող եմ ասել, որ առաջին հերթին աշխատում եմ իմ առարկայի նկատմամբ երեխայի վերաբերմունքի ձեւավորման ուղղությամբ։ Եթե երեխան սիրում է առարկան, հասկանում դրա տրամաբանությունը իր սովորածը, վերլուծում ձեռքբերումները, գիտակցում է՝ ինչ է սովորում եւ ինչու է սովորում։ Ի վերջո, մեր նպատակը չէ բոլորին լեզվաբան, գրականագետ, քիմիկոս կամ ֆիզիկոս դարձնելը, այլ երեխային տալ այն ամենակարեւոր բանալիները, որոնք նա հետագայում կկիրառի իր ինքնաիրացման համար, այն, ինչ իրեն պետք կգա ողջ կյանքի ընթացքում, տրամաբանական այն առանձնահատկությունները, որոնք նա կկարողանա կիրառել նաեւ այլ ոլորտներում։ Լեզվի դասավանդման առումով խիստ կարեւորում եմ գործնականությունը, բանավոր եւ գրավոր խոսքը կատարելագործումը։ Հենց լեզվի միջոցով է ձեւավորվում մարդու ազգային լեզվամտածողությունը։ Ամեն ինչ պետք է անել, որ հայ ու հայաստանցի երեխան լավ տիրապետի հայոց լեզվին, հասկանա բառի արժեքը, կարողանա իր խոսքը ծառայեցնել իր ամենատարբեր կարիքների բավարարմանը։
Զրույցը՝
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
24.11.2020