Արցախի տարածքների հանձնում եւ ռուս խաղաղապահների տեղակայում սահմանող եռակողմ հայտարարության, Վլադիմիր Պուտինի շեշտադրումների եւ Արցախում իրավիճակի հնարավոր զարգացումների մասին «Առավոտ»-ը զրուցել է «Ադրբեջանահայերի ասամբլեա» հ/կ ղեկավար, պատմաբան, Ադրբեջանի հարցերի փորձագետ Գրիգորի Այվազյանի հետ:
– Պարոն Այվազյան, ռուս խաղաղապահների մուտքը տարածաշրջան խաղի ինչպիսի՞ կանոններ է սահմանում հայկական կողմի եւ Ադրբեջանի համար, որտեղ, նկատենք, ռուսական ներկայության մասին տարբեր ուժգնության ազդակներ են հնչում:
– Արձանագրենք, որ ադրբեջանական կողմը չափազանց շուտ է սկսել տոնել թվացյալ հաղթանակը: Փաստացի, տեղի է ունեցել հետեւյալը. հիմա հայկական ներկայության փոխարեն տարածաշրջանում մենք ունենք Ռուսաստանի՝ համաշխարհային մեծագույն խաղացողներից մեկի ներկայությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները հստակ մատնանշեցին, որ Արցախի կարգավիճակի հարցում ինքն Ալիեւին իր տեղը դրեց՝ ի պատասխան վերջինիս հոխորտանքի, որը ոչ թե МГИМО ավարտածի խոսք է, այլ ամենավերջին փողոցային բառապաշար: Դա վերաբերում է նաեւ Էրդողանին: Պուտինը հստակ մատնանշեց, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ: Նա հիշեցրեց, որ երբ ժամանակին վրացական իշխանությունները փորձեցին ձեռք բարձրացնել ռուսական ներկայության՝ ռուս խաղաղարարների վրա, դա վերջացավ Աբխազիայի եւ Օսիայի ճանաչմամբ Ռուսաստանի կողմից: Սա հստակ ուղերձ էր Իլհամ Ալիեւին: Կարեւոր է նաեւ, որ Պուտինը հիշեցրեց, թե ինչպես է ծագել հակամարտությունը. այն սկսվել է Բաքվում եւ Սումգայիթում հայերի ցեղասպանությունից: Սա եւս Էրդողանին եւ Ալիեւին հղված ուղերձ է: Ավելին, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում եւ դա ամրագրված է ՌԴ օրենսդրությամբ, որ եթե ԽՍՀՄ նախկին քաղաքացիները չունեն որեւէ հանրապետությունում գործող քաղաքացիություն (իսկ Արցախն այդ գոտում է գտնվել), ապա նրանք բոլորն իրավունք ունեն հավակնելու ՌԴ քաղաքացիությանը: Սա նշանակում է, որ արցախցիները, հատկապես ՀՀ-ում ապաստանած փախստականները, պետք է օր առաջ վերադառնան Արցախ, որովհետեւ հիմա Արցախը որոշ չափով դառնում է Ռուսաստանի պրոտեկտորատը: Այս պարագայում շատ կարեւոր է դա նշել: Այս պատերազմում Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե հաղթած, այլ պարտված կողմերն են, մուղամ երգելու եւ շամպայն բացելու ժամանակը դեռ շուտ է Ադրբեջանի համար, որովհետեւ նա հիմա ոչ թե հայկական, այլ ռուսական ուժերի հետ գործ ունի: Իր համար ավելի նախընտրելի կլիներ հայկական ներկայությունը, քան ռուսականը: Ռուսներին հեշտ է ներս թողնելը, իսկ ահա դուրս հանելը՝ բավականին դժվար: Այնպես որ, թող շատ չուրախանան: Կարծում եմ՝ այն օրերը, որոնք Ալիեւը փորձում է Ադրբեջանի պատմության մեջ ոսկե տառերով գրել, իրականում սեւ տառերով են գրվելու: Իմ համոզմամբ՝ սխալ է այն մոտեցումը, որ ասում են՝ «հայ ժողովուրդը պարտվել է, բոլորս մեղավոր ենք»: Ոչ: Հայ ժողովուրդը չի պարտվել, եւ մեզանից որեւէ մեկը մեղավոր չէ դրանում: Պարտված եւ պատասխանատու է միայն ռազմաքաղաքական ղեկավարությունը:
– Ի՞նչ զարգացումներ ակնկալել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից, առանց որոնց ստորագրվեց եռակողմ հայտարարությունը:
Կարդացեք նաև
– Երկու համանախագահող երկրների ղեկավարություններին չի բավարարում այն փաստը, որ իրենք փաստացի դուրս մղվեցին հակամարտության լուծումից: Արդեն ակնհայտ է, որ մի կողմից ԱՄՆ-ից, մյուս կողմից՝ Ֆրանսիայից, որոշակի հայտարարություններ են հնչում առ այն, որ եթե այդ երկրները չգտնեն ստեղծված իրավիճակում իրենց համապատասխան տեղը, կարող են եւ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
– Այս համատեքստում ինչպիսի՞ նշանակություն կունենա ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ այն չճանաչվեց այս պատերազմի ընթացքում:
– Նախ, 2016թ.-ի ռազմական գործողությունների ընթացքում Արցախի անկախությունը ճանաչելու ժամանակը խայտառակ ձեւով բաց թողնվեց: Նույն կերպ այս պատերազմի ընթացքում ՀՀ-ն չճանաչեց Արցախի անկախությունը, ինչը մեծագույն բացթողում է: Բայց ամեն ինչ դեռ կորած չէ. Ադրբեջանը հայկական կողմին է ներկայացնում հսկա թվով փոխհատուցման պահանջագիր, եւ այստեղ փոքրիկ հնարավորություն կա. այն վիճակում, երբ ռուսական զորքերը, հավաստիացնում եմ, զենքի եւ թվաքանակի առումով իրականում կրկնապատիկ են, եւ երբ ամեն օր տարբեր անվանումների տակ մտցվում են զենք-զինամթերք, զորք, ժամանակն է ճանաչելու Արցախի անկախությունը՝ այնտեղ ռուսների գտնվելու պայմաններում: Թեկուզ եւ ուշացած, բայց պետք է ճանաչել, որպեսզի ապացուցենք, որ մենք օկուպանտ չենք: Քանի որ հայտարարությունն արդեն ստորագրված է, այդ կերպ կարող ենք բացատրել, որ մենք ճանաչել ենք Արցախը եւ համապատասխան տարածքներում պահում ենք մեր փոխօգնության զորքերը, ուստի մեր հանդեպ Ադրբեջանի պահանջատիրական թեզերը վերանում են, որովհետեւ մենք ճանաչում ենք Արցախի անկախությունը: Ինչո՞ւ մեր զորքերը դուրս բերենք, եթե չենք օկուպացրել Ադրբեջանի սուվերեն տարածքները: Ի դեպ, այստեղ շատ կարեւոր է Վլադիմիր Պուտինի այն ակնարկը, որ ժամանակին, երբ արդարացիորեն Ղրիմը հայտարարեց իր անկախության մասին, Ռուսաստանը հարգեց Ղրիմի ժողովրդի կամքը եւ վերջնական փուլում ընդառաջեց՝ ՌԴ կազմում ընդգրկվելու հարցում: Պուտինը երբեք իզուր ակնարկներ չի անում: Այսպես նա Արցախում մնացած տարածքին եւ ռազմաքաղաքական ղեկավարությանն ակնարկում է դժվար իրավիճակից դուրս գալու ճանապարհներից մեկը՝ շեշտելով, որ Արցախի անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն այլեւս Հայաստանը չէ, այլ Ռուսաստանը: Դա պետք է գիտակցեն Երեւանում եւ Ստեփանակերտում: Եթե որեւէ փուլում Արցախի բնակչության նշանակալի մասը ստանա Ռուսաստանի քաղաքացիություն, հռչակի անկախություն, իսկ անկախություն հռչակողները դիմեն ՌԴ-ին՝ որպես վերջինիս կազմում ինքնավար հանրապետություն ընդգրկվելու հարցում, չի բացառվում, որ Ռուսաստանն օրերի ընթացքում կընդառաջի այդ հարցում: Համոզված եմ, որ ադրբեջանական վերնախավում արդեն գիտակցում են սա եւ սթափության են գալիս: Ադրբեջանում հարց է հասունանում՝ այդքան զոհ են տվել, որ հայկական ժամանակավոր ներկայությունն Արցախում փոխարինվի ռուսական մշտական ներկայությա՞մբ……հավաքներ են Բաքվում՝ «Պուտին հեռացիր», «Էրդողան, պաշտպանիր մեզ Պուտինից» կարգախոսներով: Բայց արդեն ուշ է, գնացքը գնացել է: Այնպես որ, խուճապային տրամադրությունների ժամանակը չէ, սակայն Հայաստանում քաղաքացիական բախումներն Ադրբեջանի համար ամենամեծ նվերը կլինեն, ուստի արցախյան ռազմաճակատը չի կարելի տեղափոխել Երեւան:
– Ի՞նչ եք ակնարկում՝ կապված Արցախի բնակիչների՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հետ:
– Նկատի ունեմ, որ առաջին քայլը հետեւյալն է. Արցախից գնացած բոլոր փախստականները որքան հնարավոր է շուտ վերադառնան հայրենիք: Հետագա քայլերում համապատասխան հարաբերություններ պետք է կառուցվեն ՌԴ-ի հետ՝ ոչ միայն միջնորդավորված ձեւով, այլեւ ուղղակի: Եվ երբ պահը հասունանա, որն, ի դեպ, արդեն նկատի է ունենում Ռուսաստանը, Արցախի ժողովուրդն ու ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստ լինեն այդ սցենարին: Ադրբեջանում արդեն սթափվում են եւ հասկանում, թե ինչ սխալ են արել: Ադրբեջանն անգամ Թուրքիայի օգնությամբ չի կարողանա առճակատման գնալ Ռուսաստանի հետ: Այո, Արցախը պետք է պատրաստ լինի (եթե Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն ռուսական ներկայության եւ Արցախի մնացած տարածքներում հայկական ուժերի վրա) անկախություն հռչակելու եւ դիմելու ՌԴ-ին՝ վերջինիս կողմից այդ անկախությունը ճանաչելու: Ի դեպ, եթե մինչ այդ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, գործընթացը կարագանա: Արցախը պետք է պատրաստ լինի ստեղծված պայմաններում գործել մթնոլորտին համապատասխան: Ես չեմ ասում, որ Ռուսաստանը հենց հիմա պատրաստում է Արցախը կլանելու գործընթաց, բայց ռուսական ներկայությունն այնտեղ արդեն իսկ ապացուցում է, որ ՀՀ-ում, Տավուշում կամ Զանգեզուրում գտնվող բնակչությունը հիմա ավելի քիչ է պաշտպանված, սահմաններին կուտակումներ են: Մեր բանակը շատ բան է արել: Եթե մեր դիվանագիտությունը բանակի արածի մի մասն աներ, ապա հիմա ավելի նպաստավոր պայմաններ կունենայինք հակամարտության այս փուլի հանգուցալուծման մեջ: Օրինակ՝ Հադրութի վերադարձի հարցն ինչո՞ւ չենք բարձրաձայնում: Դառն իրականության դեմքին պետք է նայենք եւ հաշտվենք այն փաստի հետ, որ այլեւս գործ չունենք Հայաստան-Արցախ-Ադրբեջան-Թուրքիա առճակատման հետ, որովհետեւ այլեւս հակամարտության ուղիղ կողմն է Ռուսաստանը: Վերջինս ոչ մի վատ բան չի մոռանում: Ոչ թե եկել են մեզ լավություն անելու, այլ հենց իրենց շահերից է բխում Արցախում ամրապնդվելը, որովհետեւ եթե Ռուսաստանը կորցնի Արցախը, մեկընդմիշտ կկորցնի Հարավային Կովկասը եւ գերտերություն կոչվելու իրավունքը:
– Խոսեցիք Հայաստանի սահմանին կուտակումների մասին: Համացանցում տեղեկություններ կան Թուրքիայի կողմից Իգդիրի հատվածում եւ Նախիջեւանի հատվածում զորքերի եւ զինտեխնիկայի կուտակումների մասին: Ի՞նչ սպասել այս համատեքստում:
– Նախ, Ադրբեջանը վաղուց է հայտարարել անգամ Երեւանի հանդեպ հավակնությունների մասին: Հիմնականում Իգդիրում Թուրքիայի զորքերի խոշոր կուտակումներ են: Գաղտնիք չէ, որ թուրքական բանակը վաղուց կանգնած է Նախիջեւանում, եւ Նախիջեւանն իրականում ոչ թե Ադրբեջանի մասն է, այլ օղակ, որը մայր Թուրքիան կապում է իր վիլայեթ Ադրբեջանի եւ նահանգապետ Ալիեւի հետ: Առաջնահերթ, մենք չպետք է կորցնենք զգոնությունը եւ սեփական երկրում չպետք է հայի արյուն թափենք: Քաղաքացիական պատերազմն անթույլատրելի է: Հիշեք, որ դա մեծ նվեր կլինի Էրդողանին եւ Ալիեւին: Վտանգը չի նահանջել, եւ հիմա, առավել քան երբեւէ, պետք է զգոնությունը չկորցնենք: Մեր բանակը սխալմամբ են քննադատում, որովհետեւ եթե դիվանագիտական դաշտում արվեր այն, ինչ բանակն է արել, հաստատ փայլուն արդյունք կունենայինք: Եթե իրավիճակը չվերածվի քաղաքացիական պատերազմի, դեռ ուշ չէ, սա դեռ փակված էջ չէ: Մեր դաշնակիցների հետ քարոզչաբացատրական աշխատանքի կարիքը շատ կա: Ցավոք, այս երեսուն տարում մասնագիտական, վերլուծական, համայնքի ներկայացուցիչները ներգրավված չեն եղել այդ հարցում, դրա համար եմ ասում, որ ժողովուրդը չի պարտվել այս պատերազմում: Ուստի պետք չէ ասել, որ բոլորս մեղավոր ենք: Թուրքիան չի բավարարվել այս հանգուցալուծումից: Ալիեւը որքան ցանկանում է՝ կարող է ժպտալով սելֆիներ անել՝ իրանցի դիպուկահարների տեսադաշտում: Եթե սա հաղթանակ են համարում… Եթե կարողանանք մեր երկրում ներքին կայունությունը պահպանել, սահմանադրական ճանապարհով բոլոր հարցերը լուծել՝ առանց արյունահեղության, կտեսնենք, որ չնայած հոխորտանքին՝ Ադրբեջանը հիմա ավելի վատ վիճակում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.11.2020