Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները հրաժարվում են խմբակների հաճախել պարապմունքների գնալ. հետպատերազմակա՞ն, թե՞ հետվիրուսային տրավմա

Նոյեմբեր 24,2020 22:11

«Երեխաս հետ է վարժվել, չի ուզում գնալ խմբակների», «Տղաս ամբողջ օրը հեռավար դաս է անում, դասից հետո արդեն այնքան հոգնած է լինում, որ չի ուզում ֆուտբոլի գնալ, մինչդեռ ժամանակին, երբ դպրոց էր հաճախում, մեծ հաճույքով էր ֆուտբոլի գնում»: Ծնողներն այս օրերին այսպիսի մտահոգություններ ունեն, երկարատև դադարից, անկանոն կերպով պարապմունքների հաճախելու պատճառով կարծես հետ են վարժվել իրենց առօրյա գրաֆիկից:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում հոգեբան Մարինե Մելոյանից հետաքրքրվեց ի՞նչ երևույթներ են սրանք, ինչպե՞ս կարելի է հաղթահարել: Հոգեբանը նշեց. «Ես այդ երևույթը ոչ թե կբնութագրեի որպես հետ վարժվել, այլ դա ավելի շատ կապված է Քովիդի հետ, և պատերազմից հետո հետընթաց ենք ապրում: Նաև վախի պատճառ է»:

Հոգեբանի համոզմամբ մենք գործ ունենք հետպատերազմական և հետվիրուսային տրավմաների հետ, որոնք արտահայտվում են նաև երեխաների վարքում: Նա նշված իրավիճակը հաղթահարելու հարցում կարևորեց ծնողի խոսքը ու մանրամասնեց. «Եթե ծնողը կարողանա ճիշտ ու գրագետ ներկայացնել իրավիճակը, երեխան ինքը կգիտակցի նաև տնից դուրս գալու անհրաժեշտության կարևորությունը, կենդանի շփման կարոտը: Եթե ծնողն ինքն է հետ վարժվել, բնականաբար, իր երեխան էլ պետք է մտածի այդպես»:

Ըստ հոգեբանի՝ ամենադժվարը երեխայի՝ տնից դուրս գալն է. երբ դուրս է գալիս տնից, հասնում պարապմունքի վայր, արդեն ընկնում է հունի մեջ: Մարինե Մելոյանն իր դստեր օրինակը բերեց. «Իմ աղջիկը գնում է երաժշտական դպրոց: Դժվարը մեր՝ տնից դուրս գալն է: Երբ տնից դուրս ենք գալիս, մոռանում ենք ամեն ինչի մասին. հրաշալի նվագում է, բարձր տրամադրությամբ վերադառնում ենք տուն: Ես՝ ինքս էլ, հետ եմ վարժվել, մինչդեռ պետք է մտածենք, որ մեկ-երկու ամիս հետո ի վերջո մենք վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին»:

Հոգեբանի վստահեցմամբ՝ նախ ծնողն ինքը պետք է գիտակցաբար մոտենա ստեղծված իրավիճակին, որպեսզի կարողանա իր երեխային էլ ուղղորդել:

Մարինե Մելոյանի ձևակերպմամբ՝ հակասական իրավիճակ է. մի կողմից մարդիկ ցանկանում են շփումներ ունենալ, մյուս կողմից վախենում են, ինչը օբյեկտիվ պատճառ է. «Չկա որևէ իրավիճակ, որը մարդն անկարող է հաղթահարել: Եթե կա փորձություն, կան նաև դրա հաղթահարման միջոցները: Պարզապես մենք՝ ինքներս մեզ պետք է համոզենք, որ մենք ի վիճակի ենք հաղթահարել և դա փոխանցել մեր երեխաներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30