Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երեւանի գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիներ հավաք էին կազմակերպել։ Նրանք փորձում էին պատասխաններ ստանալ անհետ կորածներին հայտնաբերելու, գերիներին հնարավորինս շուտ վերադարձնելու աշխատանքների վերաբերյալ։ Հավաքին մասնակցում էր օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, դերասան Հրանտ Թոխատյանն ու այլ դերասաններ եւ հանրային գործիչներ։
Հավաքի մասնակիցները նամակ փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երեւանի գրասենյակի խոսնակ Զառա Ամատունուն։
Կարդացեք նաև
Զինադադարից հետո բավական ժամանակ է անցել, ի՞նչ է արվել, որո՞նք են խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս մեր ռազմագերիներին վերադարձնել, գտնել անհայտ կորածներին։ Այս հարցին ի պատասխան Զառա Ամատունին նախ պարզաբանեց, որ Կարմիր խաչը չեզոք, մարդասիրական կազմակերպություն է, որն ունի միջնորդի դեր նաեւ այս գործընթացում․ «Այս պահին կազմակերպությունն աշխատում է տեղում, նոյեմբերի 13-ին որոնողական աշխատանքներ են իրականացվում, որոնք ուղղված են հնարավոր վիրավորների եւ զոհվածների աճյունները գտնել եւ փոխանցել հարազատներին»։
Կազմակերպությունը աշխատանքներն իրականացնում է ՌԴ խաղաղապահների հետ համակարգված, սակայն բուն որոնողական աշխատանքներ Կարմիր Խաչը չի կատարում․ «Մենք այնտեղ ենք, որպեսզի գործընթացը չկանգնի, շարունակվի, որոնողական աշխատանքները կատարում են հայերն ու ադրբեջանցիները՝ երկու կողմից»։
Թե քանի աճյուն է փոխանցվել, Կարմիր Խաչը չի կարող հայտնել, քանի որ կա նույնականացման խնդիր, որի հետ կապված պատասխանատվությունը ՊՆ-ինն է, որը եւս գրանցում է այն անունները, որոնց փնտրում են հարազատները։ ՊՆ-ի ստեղծած հատուկ հանձնաժողովն է պատասխանելու ընտանիքներին հուզող հարցերին, եւ ԴՆԹ նմուշների հավաքագրումից եւ հետազոտությունից հետո, այդ հանձնաժողովն է կրում պարտավորություն հարազատներին փոխանցել տեղեկատվություն։
Ռազմագերիների մասին հարցին ի պատասխան տիկին Ամատունին ասաց՝ այն տեղեկություններով, որոնք ստանում են թե՛ համացանցից, թե՛ ընտանիքից, հարազատներից, Կարմիր Խաչը զբաղվում է․ «Մենք գնում ենք յուրաքանչյուր դեպքի հետեւից, եւ մի շարք զինվորականների եւ քաղաքացիական անձանց մեր կազմակերպությունը կարողացել է տեսակցել հոկտեմբերի 19-ից մինչեւ այսօր։ Սակայն տեղեկություններ մենք երբեք չենք հանրայնացնում, դրանք ստանում են միայն հարազատները, հետո իշխանությունները։ Կարմիր Խաչի աշխատակիցների՝ գերիների հետ տեսակցության նպատակն է ստուգել նրանց պահման պայմանները, օգնել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակագրության տեսքով, ստուգել նրանց առողջական վիճակը»։ Հետո կազմակերպությունը այդ բոլոր հարցերը փոխանցում է տվյալ երկրի իշխանությանը։
Անհայտ գերիներ կան, որքա՞ն պիտի մնան այդ վիճակում, որքա՞ն պիտի մնան, մինչեւ մահանա՞ն, անկլավներում էլ մնացած զինվորականներ կան, պարզ չէ՝ ողջ են, թե ոչ, նրանց գտնելու ուղղությամբ ի՞նչ է արվում։ Այս հարցին պատասխանելով, Զառա Ամատունին ասաց՝ միայն որոնողական աշխատանքները կարող են թույլ տալ խոսել մարդկանց ողջ կամ մահացած լինելու մասին, այլ հնարավորություն չկա։ Իսկ որոնողական աշխատանքների քարտեզագրումն ու ժամանակացույցը որոշում է պաշտպանության նախարարությունը, այսինքն՝ որ տեղանքում կատարել այդ աշխատանքները, Կարմիր Խաչը որեւէ լիազորություն չունի, քանի որ, ինչպես ասաց տիկին Ամատունին, միայն հակամարտությանը մասնակիցները գիտեն, թե որտեղ ինչ է կատարվել, եւ հետեւաբար, որտեղ է պետք տվյալ աշխատանքները կատարել։
Տիկին Ամատունու փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքները շատ բարդ են, նախ տեղանքը սար ու ձոր է, ամբողջ տարածքում չպայթած զինամթերքներ են, որպեսզի սկսեն որոնողական աշխատանքները, այդ տեղանքում նախ սակրավորներ են աշխատում, ցավոք, որոնողական աշխատանքները շատ երկար գործընթաց է եւ բավականին ժամանակ է պահանջում։
Անհայտ կորած զինվորականների եւ պատերազմի ժամանակ շրջափակման մեջ հայտնվածներ մասին պատասխանն էլ պետք է ՊՆ-ն տա։
Տիկին Ամատունու փոխանցմամբ՝ այս օրերին հակամարտող կողմերից ռազմագերիներ չեն վերադարձվել։
Թե քանի ռազմագերու են տեսակցել, տեղեկատվությունն, ինչպես ասաց Զառա Ամատունին, չի հանրայնացվում, բայց նրանցից նամակներ են փոխանցել հարազատներին․ «Հույս ունենք, որ կկարողանանք ռազմագերիների ամբողջական ցանկն ունենալ, այսինքն, բացի նրանից, թե ում հետ ենք տեսակցել, հասկանանք՝ էլ ովքեր են ռազմագերիները»։
1990-ական թվականներից սկսած տարածաշրջանում, ըստ Զառա Ամատունու, 4500-ից ավելի մարդ անհայտ կորած է համարվում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ