Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում ժամանակավորապես հաստատված կինը դժվարությամբ է լքում կացարանը

Նոյեմբեր 24,2020 21:21

Հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտից Վանաձոր եկավ նաեւ Հասմիկ Խանանովան: 17-ամյա տղայի հետ օրեր շարունակ սպասելով խաղաղության, այս ընտանիքը նույնպես ժամանակավոր բնակություն հաստատեց Հայաստանում: Նոր տեղանքին ու նոր միջավայրին տիկին Հասմիկը դժվարությամբ է ընտելացել:

Լոռու մարզի ընտանիքի եւ երեխայի աջակցության կենտրոնի ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիա Աբրահամյանը, որ այս ընթացքում մանկատանն ընդգրկված է կամավոր՝ որպես կառույցի աշխատանքների ղեկավար-համակարգող, հիմա ժպիտով է հիշում ընտանիքի մանկատուն մուտք գործելը. «Սկզբում մեր հոսքը շատ էր, սենյակների քանակը՝ քիչ: Փորձում էինք հնարավորինս տեղավորել: Սա էլ այն կառույցն էր, որտեղ այն մարդիկ էին գալիս, որ իսկապես կացարան չունեին: Հիմնականում ջղային էին եւ ասում էին. «մեզ տեղ չունենք, մեզ ոչ ոք չի տեղավորում եւ այլն»: Գիշերով եկան նաեւ տիկին Հասմիկենք:

Փորձում ենք բոլորին հնարավորինս տեղավորել՝ մեկին մի սենյակում, երկու հոգի, որ տարբեր ընտանիքից են մեկ այլ սենյակում ենք տեղավորում, մինչեւ առավոտյան հասկանանք, թե ինչ է կատարվելու: Հանդիպեցին տիկին Ալվարդն ու տիկին Հասմիկը, որ պետք է մնային նույն սենյակում: Հասմիկն ասում է՝ ես չեմ գնում ու վերջ, ես առանձին սենյակ եմ ուզում»,- հիշում է Լիլիան ու ցավով նշում, որ առաջիկայում այս ընտանիքից նույնպես բաժանվելու են: Հասմիկենք եւս պատրաստվում են Արցախ վերադառնալ:

Տիկին Հասմիկն ու տիկին Ալվարդը համաքաղաքացիներ են, որ մինչ այս իրար չեն ճանաչել, շուտով դառնում են մտերիմներ: Արցախից ստիպված Վանաձոր եկած ընտանիքը հարմարվում է վանաձորյան նիստուկացին, ուշքն ու միտքը Ստեփանակերտի հետ պահելով. «Ճանապարհ էինք եկել, հոգնած էինք, դրա համար էլ ջղայնացած էինք: Բայց առավոտյան լոխ լավ էր: Տիկին Լիլիան եկավ ու ասաց, որ մեր սենյակն արդեն պատրաստ է եւ տղայիս հետ կարող ենք տեղափոխվել: Ասեցի՝ չէ, սենց լավ է, մենք չորսով մի սենյակում կմնանք»,- հիշում է տիկին Հասմիկն ու ասում, որ դժվարությամբ են լքել տունը, սակայն վստահ է՝ վերադառնալուն պես կշենացնեն այն. «Չէինք ուզում գալ, բայց 20 օր դիմադրելուց հետո, համբերության բաժակը լցվեց, երեխային վերցրեցի ու դուրս եկանք»:

Վանաձորում գտնվելու ընթացքում, մանկաբույժ կինը փորձել է օգնություն ցուցաբերել ոչ միայն մասնագիտության շրջանակներում, այլեւ թիկունքից օգնել զինվորներին. «Ինչքան հնարավոր է եղել, ինչքան ես որպես բուժքույր կարողացել եմ օգնել եմ: Պարապ այստեղ չենք նստել: Նաեւ բանակի համար ցանցեր էինք կարում, որ հասցնենք մեր զինվորներին»:

Որքան էլ Վանաձորն ու վանաձորցիները դարձել են իրեն հոգեհարազատ, միեւնույնն է սեփական տնից լավ տեղ չկա. «Ուզում եք գնալ, բայց այնքան ենք ընկերացել, որ այստեղից էլ է բաժանումը դժվար: Մեկ է, պետք է գնանք,- նշում է կինն ու շարունակում, որ պատրաստ է՝ ինքն էլ իր հերթին վերականգնել ու զարգացնել հայրենի Ստեփանակերտը. «Մենք այն ժողովուրդն ենք, որ ամեն ինչ տեսել ենք: Մեր Ստեփանակերտն է, մեր սիրելի քաղաքն է, ինչ ուզում է լինի պետք է վերադառնանք, գնանք մեր աշխատանքին, այլ ելք չկա»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30