«Դասավանդիր Հայաստան» ծրագրով Արցախում անգլերենի ուսուցիչ Մհեր Մելիքյանը և պատմության ուսուցիչ Արթուր Կիրակոսյանը պատերազմի պատճառով լքել են Արցախը և այժմ Դիլիջանում ժամանակավոր ապաստանած արցախցի փոքրիկներին ապահովում են կրթությամբ։
«Ես Հադրութի շրջանի Ջրակուզ գյուղում էի դասավանդում, սակայն պատերազմի պատճառով մենք փոխեցինք մեր աշխատանքի վայրը։ Հազարավոր երեխաներ ապաստանեցին Հայաստանի տարբեր մասերում, ու Դիլիջանը այդ համայնքներից մեկն էր, այդ իսկ պատճառով մի խումբ ուսուցիչներ տեղափոխվեցին տարբեր հյուրանոցներ՝ ապաստանած արցախցի երեխաներին օգնելու իրացնել իրենց կրթության իրավունքը»,- նշում է անգլերենի ուսուցիչ Մհեր Մելիքյանը։
Ուսուցչի փոխանցմամբ՝ իրենց հիմնական առարկայից բացի, իրենք փորձում են երեխաների հետ այլ հետաքրքիր դասընթացներ ու քննարկումներ կազմակերպել՝ օրն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար. «Դպրոց չհաճախող երեխաների հետ մենք նկարչության դասեր ենք անցկացնում, մեծերի հետ նաև քննարկումներ ենք ունենում տարբեր թեմաներով»։
Կարդացեք նաև
Ուսուցչի խոսքով՝ բոլոր արցախցիներ միանշանակ ցանկանում են վերադառնալ Արցախ, և իրենց կյանքն ու ապագան կառուցել այնտեղ. «Ես չեն հանդիպել մի երեխայի, ով չի ուզում վերադառնալ Արցախ։
Այս երեխաների ապագան առաջին հերթին տեսնում են Արցախում, սակայն պետք է հասկանանք, որ ոչ բոլորը կարող են վերադառնալ, և շատերը ստիպված պետք է մնան Հայաստանում, սակայն մեր նպատակն է ամեն ինչ անել, որ ամբողջության իրացվի երեխաների կրթության իրավունքը»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ