Քիչ առաջ ավարտվեց ԱԺ խորհրդի նիստը, որտեղ քննվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին հարցը:
Խորհրդի նիստին մասնակցել է 14 պատգամավոր: 10-ը «կողմ» են քվեարկել որոշմանը: Նրանք բոլորն էլ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից են: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները նիստին չեն մասնակցել:
Հիշեցնենք, օրեր առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի հարցով անհամատեղելիության եզրակացություն էր ներկայացրել: Մինչ այդ, հարցը կրկին բերվել էր օրակարգ, սակայն, հետաձգվեց:
Սահմանադրական դատարանը 30-օրյա ժամկետում քննելու է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Միջնորդության հիմքում Գագիկ Ծառուկյանի`բիզնեսով զբաղվելու փաստն է:
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս խորհրդի նիստը զուտ քաղաքական հետապնդում են համարում: Նրա գնահատմամբ, պատերազմական գործողություններից հետո Հայաստանում կան հարյուրավոր խնդիրներ` կապված ռազմագերիների, գերիների հետ, տեղահանված մարդկանց իրավունքների հետ եւ փոխարեն իշխանությունները ամեն վայրկյան զբաղվեն այդ խնդիրներով, լծվել են Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով: Իր մատնանշած խնդիրներով, ըստ մեր զրուցակցի, իբրեւ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ, ինքն իր լիազորությունների շրջանակում աշխատում է այլ, մասնավորաբար, ՌԴ գործընկերների հետ:
«Արդեն որերորդ անգամ արձանագրում եմ, որ Հայաստանում քաղաքական օրակարգ չի ձեւավորվում, իրական խնդիրները, որոնք կանգնած են պետականության եւ ժողովրդի առջեւ, ետ են մղվում, դրանց մասին չի խոսվում եւ բերվում է օրակարգ, ըստ էության, քաղաքական վենդետա»,- ասաց Վահե Էնֆիաջյանը`հավելելով, որ փաստաբանները հաստատել են իրենց մոտեցումը, քանի որ միջնորդությունը իրավական հիմնավորում չունի: Վահե Էնֆիաջյանը դժվարանում է կանխատեսել, թե ՍԴ-ն ինչ որոշում կընդունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ». Ավելի ուշ ԱԺ կայքում հրապարակվեց հետեւյալ պաշտոնական հաղորդագրությունը. «Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Օրակարգում եղել է «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը՝ մանրամասնելով վարույթի մասնակցի ներկայացրած դիրքորոշումն ու պարզաբանումները, անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վարույթի շրջանակում պարզված, ինչպես նաեւ պատգամավորական գործունեությանն ու առեւտրային ընկերություններում բաժնեմասնակցությանն առնչվող տեղեկությունները:
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Սուքիասյանն իր փաստարկներն ու պարզաբանումներ է ներկայացրել, առարկություններ հայտնել եզրակացության մի շարք եզրահանգումների առնչությամբ: Նա առաջարկել է դեմ արտահայտվել այս եզրակացությանը, քանի որ այն զուրկ է փաստական ու իրավական հիմքից:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կարծիք են հայտնել, որ կեղծ օրակարգ է բերվել խորհրդարան, որի նպատակը քաղաքական ճնշումներն են, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից որեւէ համոզիչ ապացույց չի ներկայացվել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը քաղաքական ճնշումների առումով արված հայտարարություններին ի պատասխան հիշեցրել է, որ Սահմանադրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքնավար մարմին է: Նշվել է, որ այս պահին հանձնաժողովի 4 անդամները Կառավարության, ԲԴԽ-ի, «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներն են, իսկ հանձնաժողովից ստացվել է 4 ստորագրությամբ եզրակացություն:
Հայկուհի Հարությունյանն իր հերթին ընդգծել է, որ հանձնաժողովը վարույթը հարուցել է դեռեւս հուլիսին, երբ երկրում ոչ պատերազմական դրություն էր:
Քննարկումների արդյունքում հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Ազգային ժողովի խորհուրդը որոշել է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան»: