«Նախ` Նաիրա Զոհրաբյանն Անվտանգության խորհրդի նիստի չի մասնակցել: Երկրորդ`Անվտանգության խորհրդի նիստում ինքը խոսել է միայն հինգ տարածքների հանձնման մասին: Վիճակը ծայրահեղ լինելու մասին, ոչինչ չի ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`իր հասցեին համացանցում շրջանառվող քննադատությանը:
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Ուլոյանը գրել էր, ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները «Իմ քայլի» հետ պատասխանատու են այս մղձավանջի համար. «Եթե այլ հանգամանքներ չնշենք էլ, նրանք, այո, ԱԺ ամբիոնից պատերազմով հարցը լուծելու մանդատ են տվել Փաշինյանին: Ո՞վ էր նրանց երաշխավորել, որ իրավիճակը հանգուցալուծվելու է իրենց ցանկացած հաղթանակով: Ո՞վ»:
Այս գրառմամբ, իր էջում կիսվել էր նաեւ ՀԱԿ իրավական հանձնախմբի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:
Օգտատերը նկատի ունի սեպտեմբերի 27-ի, ԱԺ հատուկ նիստում ԲՀԿ խմբակցության անունից Նաիրա Զոհրաբյանի ելույթը: Իր ելույթում, Նաիրա Զոհրաբյանը, մասնավորաբար, ասել էր. «Մենք գործ ունենք մի թշնամու հետ, ում հետ խոսել խաղաղության լեզվով, մեր կարծիքով, հնարավոր չէ: Մտածել, որ մենք առաջիկա տարիներին Թուրքիայում և Ադրբեջանում ունենալու ենք այնպիսի քաղաքական էլիտա, որոնց հետ հնարավոր է նստել խաղաղ բանակցությունների և գնալ ադեկվատ քննարկումների ու փոխզիջումների, եկեք ընդունենք, որ դա միֆ է: Նրանք այնպես են թունավորել իրենց հասարակություններին ատելությամբ, որ մտածել՝ առաջիկա տարիներին ունենալու ենք այնպիսի քաղաքական էլիտա այդ երկու երկրներում, որոնց հետ հնարավոր է լինելու նստել խաղաղ բանակցությունների և գնալ ադեկվատ քննարկումների և փոխզիջումների, միֆ է»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ