Որոշ շրջանակներից մեղադրանքներ են հնչում խորհրդարանական ընդդիմության հասցեին առ այն, որ պատերազմական գործողությունների մեկնարկին նրանք ոչինչ չեն արել հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու համար։ Ավելին, սեպտեմբերի 27-ին խորհրդարանում ռազմական դրության հայտարարումից հետո իրավունքի ուժով գումարված նիստի քննարկումները մանիպուլացվում են և ներկայացվում այնպես, թե իբր ընդդիմությունը համամիտ է եղել վարչապետի իրականացրած գործողությունների հետ։
Այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայտարարվեց ռազմական դրություն, ընդհանուր զորահավաք, գործողության մեջ դրվեց ՀՀ Զինված ուժերի կիրառման պլանը, ՀՀ Զինված ուժերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվեցին պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի: Այդ նույն որոշման համաձայն՝ Հայաստանում հայտարարվեց պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:
Ռազմական դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշման հրապարակումից հետո իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ՝ համաձայն Սահմանադրության 119-րդ հոդվածի 2-րդ մասի։
Հատուկ նիստի ընթացքում ելույթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալը.
Կարդացեք նաև
«(…) Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ տեղի ունեցածի մեջ, ըստ էության, ռազմավարական առումով՝ անսպասելի որևէ բան չկա: Ինչո՞ւ. որովհետև, ըստ էության, այս պատմության կոնտեքստը հետևյալն է. մեր ժողովրդի առաջ խնդիր էր դրվում և շարունակում է դրվել և դեռ կդրվի, կամ երկընտրանք է դրվում՝ ըստ էության, հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ: Այսինքն, ես ուզում եմ՝ մենք շատ հստակ արձանագրենք, որ այս ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ էության, եղել է այսպիսին, և բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել է այս գիծը. կա՛մ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության իրավունքներից, ինքնորոշման իրավունքից, կա՛մ ստանում ենք պատերազմ: Եվ այս կոնտեքստն է, որ այսօր մեզ բերում է այսպիսի կոնֆլիկտի: (…)
Ես ուզում եմ, որ մենք բոլորս սա հստակ արձանագրենք, որովհետև ես գիտեմ, որ լինելու են հարցեր և հարցադրումներ. արդյոք կարո՞ղ էինք խուսափել և ի՞նչ պիտի անեինք, որ խուսափեինք այս իրավիճակից: Սա շատ կարևոր նյուանս է. պիտի անեինք մի բան. համաձայնեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, ինքնավար մարզ, եթե ոչ ինքնավար մարզ, գուցե, մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել (դահլիճում հնչում են «ոչ, ոչ» բացականչություններ): Ուզում եմ, որ Հայաստանի խորհրդարանն արձանագրի, և ես ուղիղ եմ հարց տալիս, որովհետև, ասում եմ՝ սա քննարկման և բոլորին է հետաքրքրում. մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման, եթե, այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը (դահլիճում հնչում են «ոչ, ոչ» բացականչություններ): Ես չէի էլ կասկածում, որ այդպիսին է մեր հավաքական դիրքորոշումը: (…)»։
Այսպիսով, ըստ Փաշինյանի՝ նա կարող էր պատերազմը կանգնեցնել, եթե խորհրդարանը համաձայներ Արցախը տալ Ադրբեջանին։ Դրանից հետո ընդդիմությունը և ողջ խորհրդարանը պատասխանում է՝ ոչ, իսկ ընդդիմադիր պատգամավորները բնականաբար խոսում են հայանպաստ լուծումներից։
Այժմ՝ խայտառակ պարտությունից և կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրելուց հետո, իշխանական քարոզչամեքենան պնդում է, որ Փաշինյանը եկել է Ազգային ժողով և ասել, որ ինքը պատրաստ է կանգնեցնել պատերազմը, սակայն ընդդիմությունը դեմ է եղել և պատերազմը շարունակվել է։
Արձանագրենք, որ նա ներկայացել էր Ազգային ժողով ոչ թե ճշտելու, թե արդյոք պատգամավորները կողմ են, թե դեմ հող հանձնելուն, կողմ են, թե դեմ պատերազմը կանգնեցնելուն, այլ եկել էր ասելու այն մասին, որ ինքն արդար է, որ կարող էինք և կարող ենք կանգնեցնել արյունահեղությունը, եթե ամեն ինչ տանք։ Եվ խորհրդարանը բնականաբար ասում է, որ դեմ է այդ ընտրությանը։
Վերհիշենք, թե ինչ էր եղել մինչ այդ.
Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական էջին հուլիսի 3-ին հրապարակել է կարճ տեսանյութ՝ հետևյալ գրառմամբ՝ «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ։»։
Հուլիսի 15-ին վարչապետը իր նույն՝ պաշտոնական ֆեյսբուքյան էջից հրապարակել էր մեկ այլ տեսանյութ՝ ««Սու-30СМ»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»։
Սեպտեմբերի 17-ին՝ պատերազմից 10 օր առաջ, Փաշինյանի կողմից հապարակվել էր «Առաջին անգամ մեր չորս «ՍՈւ-30СМ»-ները միասին դուրս են եկել հերթապահության:)» վերտառությամբ տեսանյութ։
Սեպտեմբերի 25-ին՝ ռազմական գործողությունների սկզբից 2 օր առաջ, Փաշինյանը հայտարարում է. «Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մեզ հետ պետք չէ խոսել ուժի լեզվով»։ Դրանից առաջ՝ հուլիսյան մարտական գործողությունների ընթացքում, ամեն կերպ մեզ հրամցվում էր, որ Հայաստանն ունի այնպիսի ռազմական պոտենցիալ, որ անհնար է մեզ հաղթել։
Դրանից ավելի առաջ՝ 2019թ. մարտի 30-ին, Նյու-Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարում է. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: (…) Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:
Իշխանությունն անդադար բոլորիս համոզում էր, որ ինքն այնպիսի գնումներ է կատարել, այնպիսի գործողություններ ձեռնարկել, որ անհնար է մեզ հետ ուժի լեզվով խոսելը։ Արձանագրենք նաև, որ այդպիսի եզրակացություններին հանգելը կամ դրանք հերքելը կպահանջեր մի շարք ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տիրապետում, ինչն իհարկե սահմանափակված էր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանակով։
Վերադառնալով սեպտեմբերի 27-ի նիստին՝ վերհիշենք, որ կառավարությունը հայտարարել էր ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Եվ միայն դրանից հետո վարչապետը գալիս է Ազգային ժողով։ Այնինչ, եթե Փաշինյանը միտք ուներ առաջարկել խորհրդարանին կանգնեցնել պատերազմը՝ որոշ փոխզիջումներով, ապա ինքն առնվազն Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ հայտարարվելիք ռազմական դրությունը չպետք է հայտարարեր և խորհրդակցեր ընդդիմության հետ՝ ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարելուց առաջ։
Սակայն Փաշինյանը ռազմական դրություն էր հայտարարել, ապա նոր ժամանել Ազգային ժողով։ Ընդ որում՝ իր ելույթում նա անդադար խոսում էր պարտության մասին, ասում, որ ինքը պատրաստ է զոհվել։
Ընդդիմությանը մնում էր միայն փորձել հանել վարչապետին այդ ընկճված վիճակից, ասել, որ այժմ այդ մասին խոսելու պահը չէ և որ պետք չէ ռազմական դրության պայմաններում խոսել պարտության մասին, երբ զորքը կենաց-մահու կռիվ է տալիս սահմանին, ռմբակոծվում են թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։
Այդպիսով, ընդդիմությունը հայտարարեց, որ բոլորս միասնական ենք պատերազմի ժամանակ և պատրաստ մինչև վերջ գնալու։ Բայց այս հարցը պետք է մեկընդմիշտ լուծվի։
Պատերազմի ավարտից հետո պարզվում է, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը պատերազմի 4-րդ օրը վարչապետին զեկուցել է, որ մենք չենք կարող շարունակել պատերազմը, քանի որ ռեսուրսները սպառվում են և մենք պարտվում ենք։ Այնինչ, Փաշինյանը որևէ կոնսուլտացիա, որևէ քննարկում չի կազմակերպել և մինչև վերջ մեզ տարել է պարտության՝ օրենքով սահմանափակելով առկա խնդիրների մասին բարձրաձայնելու իրավունքը։
Հոկտեմբերի 5-ին՝ Արցախից վերադառնալուց հետո, պահանջել եմ Ազգային ժողովի խորհրդի փակ նիստ՝ վարչապետի մասնակցությամբ, որը մեծ դժվարությամբ կազմակերպվեց հոկտեմբերի 11֊ին։ Նիստի ընթացքում ասվել է, որ մեր վիճակը շատ վատ է, և մենք փաստացի պարտվում ենք, սակայն ոչ մի գործողության կամ այսպես կոչված բեկում մտցնելու պլան չի ներկայացվել։ Ավելին, վարչապետը, ի պատասխան մեր պնդումների, որ ռուսական կողմի միջնորդությամբ պետք է պատերազմը դադարեցվի, պատասխանել է, որ ինքը կարող է զանգել նախագահ Պուտինին և ասել, որ համաձայն է պատերազմը դադարեցնել և Ադրբեջանին զիջել այն, ինչի համար նրանք պատերազմում են։ Այդտեղ խոսքը գնում էր Լավրովի պլանով նախատեսված շրջանները զիջելու մասին։ Հաջորդ հարցերը վերաբերել են վարչապետի պլանին, և ես պահանջել եմ ռացիոնալ լուծում՝ պլան, գործողությունների շարք ներկայացնել մեզ, որին ի պատասխան նա ինձ ասել է, որ ռացիոնալ պլան չկա։ Ասում է, որ պետք է հոկտեմբերի 9-ին հայտարարված հրադադարին հասնել, վերախմբավորվել և որ այս պատերազմը մեր Սարդարապատն է, պետք է պատերազմենք մինչև վերջ։
Այսպիսով, իմ այն պնդմանը, որ անպայման պետք է կանգնեցնել պատերազմը, Փաշինյանը հայտարարում է, որ «սա Սարդարապատ է», մենք պետք է կռվենք, այո, չկան ռեսուրսներ, բայց պետք է կռվենք՝ միևնույն ժամանակ չկարողանալով որպես գերագույն հրամանատար և պետական գործիչ գնահատել հնարավորությունները՝ կարո՞ղ ենք «Սարդարապատ անել», թե՞ ոչ և թե ինչ ուժեր են մեր դեմ կուտակված։
Հոկտեմբերի 19-ին հրավիրվում է ընդլայնված կազմով Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կրկին ներկայացվում է իրավիճակը, ըստ որի՝ մենք պարտվում ենք։
Հոկտեմբերի 19-20-ին տեղի ունեցած բանակցությունների մասին մանրամասն խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա մասնավորապես նշել է, թե ինչպիսի հնարավորություն ենք ունեցել պատերազմը կանգնեցնելու և պահպանելու Շուշիի նկատմամբ հայկական վերահսկողությունը, որը, ի զարմանաս ՌԴ նախագահի, մերժվել է ՀՀ վարչապետի կողմից։
Եվ հիմա, այսքանից հետո փորձել բեռը բարդել ընդդիմության վրա, թե իբր վարչապետն եկավ խորհրդարան ու ասաց կարող եմ պատերազմը հենց հիմա դադարեցնել, բայց ընդդիմությունը դեմ էր, ուղղակի ողորմելի ու խղճուկ քարոզչություն է։
Բնականաբար այս մի հոդվածի սահմաններում անհնար է բացել ու բացահայտել այդ օրերին տեղի ունեցած բոլոր դեպքերի խութերը, բայց օգտագործելու ենք բոլոր առիթներն ու հարթակները, որպեսզի թույլ չտանք ժողովրդին մոլորեցնել և խաբել՝ տեղի ունեցած արհավիրքի պատասխանատվությունից խուսափելու նպատակով։
Վերջում հիշեցնեմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջարկել է ստեղծել պարիտետային փաստահավաք խումբ, որը կքննի նախապատերազմյան շրջանը, պատերազմի ընթացքն ու ավարտը, կուսումնասիրի ՀՀ Զինված ուժերի սպառազինության մատակարարման հարցերը, պատերազմի նախապատրաստությունը, ամեն մի տարածքի կորստի, մեր զինծառայողների զոհվելու, գերի ընկնելու, անհետ կորելու բոլոր դեպքերը։
Հայ ժողովուրդը պետք է լիարժեք տեղեկանա, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես անել, որ այլևս երբեք մենք նման աղետալի իրավիճակում չհայտնվենք։
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ
Հատուկ «Առավոտի» համար