Լրահոս
Օրվա լրահոսը

«Մա′մ դու չգիտես, իրենք արնախում են, եթե գան, հասնեն քեզ ու քույրերիս, ես կմեռնեմ, ավելի լավ է մեռնեմ, քան հասնեն ձեզ». զոհված հերոս Եփրեմի վերջին զրույցը մոր հետ

Նոյեմբեր 24,2020 18:03

«Մա′մ ջան, դուխներդ տեղը, չնեղվեք, մեկ սմ հող չենք տալու»,- հոկտեմբերի 16-ին Եփրեմ Հարությունյանը վերջին անգամ մոր հետ այսպես է խոսել: Մայրը խնդրել է՝ բալե′ս, գոնե ինչ-որ տեղ թաքնվիր, որ կրակի բերան չլինես, նա ասել է՝ մա′մ դու չգիտես, իրենք արնախում են, եթե իրենք գան, հասնեն քեզ ու քույրերիս, ես կմեռնեմ, ավելի լավ է մեռնեմ, քան իրենք հասնեն այդտեղ:

Եփրեմ Հարությունյանը ծնվել է 2001 թվականին, ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում: Եփրեմը ընտանիքի փոքր զավակն էր, ունի երեք քույր:

Aravot.am-ի հետ զրույցում Եփրեմի հորեղբոր դուստրը՝ Անուշ Հովհաննիսյանը, պատմեց՝ ծնողները երկար տարիներ են սպասել Եփրեմի ծնվելուն, դժվարություններից հետո վերջապես ունեցել են նրան:

Բարձրահասակ, կապուտաչյա այս գեղեցկադեմ հերոսին բոլորն առանձնահատուկ են սիրում, քանի որ մեծին հարգող, համեստ և ընկերասեր տղա էր: Եփրեմ Հարությունյանը ժամկետային զինծառայող էր. ծառայում էր Մատաղիսում, հետո Թալիշում: Նա վիրավորվել է Թալիշի շրջանում:

Նա տանկիստ էր, ավագ մեխանիկ: Քույրը պատմեց՝ հոկտեմբերի 19-ին են իմացել, որ Եփրեմը վիրավոր է: Նա մանրամասնեց. «Իրեն տարել են Դրմբոն, հետո այնտեղից Ստեփանակերտ, վիրահատել են և ուղարկել Հայաստան: Խնդիրներ են եղել. ոչ իր անուն ազգանունով են ուղարկել Հայաստան: Վեց օր փնտրում էինք Եփրեմին, չենք կարողացել գտնել: Հետո արդեն նկարներով ենք փնտրել ու արդեն դիահերձարանից ենք գտել»:

Անուշ Հովհաննիսյանը պատմեց՝ մի քանի օր առաջ զրուցել են եղբոր հրամանատարի հետ: Անուշը փոխանցեց հրամանատարի խոսքերը. «Եփրեմն այն զինծառայողներից է եղել, որ իրեն սիրել եմ իմ երեխայի պես: Ինքը, որ ավագ մեխանիկ է եղել, տանկում երեք-չորս հոգի են, որ պետք է մտնեն դաշտ ու դուրս գան, ու ամբողջ տևողությունը լինի երեք րոպե, պետք է դուրս գան, կրակեն, հետ գան, իրենց տեղը փոխեն, որ հակառակորդը չկարողանա ֆիքսել իր գտնվելու վայրը: Եփրեմն այնքան արագ էր կողմնորոշվում, դուրս գալիս ու ետ գալիս՝ երկու րոպեում՝ երեքը չլրացած, հետ էր գալիս, նույնիսկ չէին հասցնում իր տանկը լիցքավորել, նորից դուրս էր գալիս: Բոլոր հրամանատարներով կռիվ էինք անում, թե ում հետ է Եփրեմը դուրս գալու: Եթե ինչ-որ բան էր լինում, ասում էին՝ ով է գալիս, առաջինը Եփրեմն է ասել՝ ես, պարո′ն հրամանատար: Տղաներ կային փախչում էին, ասում էր՝ ամոթ է, եկեք իմ հետ. ձեր ու իմ քույրերի համար ենք այստեղ կանգնած»:

Քույրը վստահեցնում է՝ Եփրեմը որքան համարձակ, այդքան էլ համեստ էր: Անուշ Հովհաննիսյանը մեկ այլ հերոսական դրվագ ներկայացրեց եղբոր ծառայությունից. «Առաջին անգամ, երբ իրենց վրա ԱԹՍ-ն գցել են, երեք տանկերի արանքում է ընկել այն, ու իր պիջակը լրիվ վառվել. իր տանկը չի փրկվել: Իր տանկիստ երեք ընկերներին օգնել է, միասին դուրս են եկել, ու երկրորդ տանկը, որ խփել են, դիմացն էլ ադրբեջանցիների տանկ է եղել: Եփրեմը տանկը կիսախարխուլ վիճակով բերել է: Հրամանատարն ասել է՝ Եփրե′մ ջան, էս ինչո՞ւ ես բերել, ասել է՝ պարո′ն հրամանատար, տուն է, թող լինի, ի՞նչ իմանանք՝ ինչի համար պետք կգա, եթե բան էլ չլինի, սրա շվաքին տղերքը կնստեն, գոնե հաց կուտեն»:

Այս պատմությունից երեք օր հետո՝ հոկտեմբերի 19-ին, Եփրեմն ու ընկերները հաց ուտելիս են եղել, Եփրեմն ասել է՝ տղե′րք, վեր կենանք, հասնենք մեկ անգամ, հետ գանք, վեր են կացել որ գնան, վերևից ԱԹՍ-ն ընկել է, Եփրեմին մեջքի կողմից է հարվածը եղել, ինքը քիթ ու բերանի վրա ընկել է: Քույրը շարունակեց. «Եփրեմին երբ արդեն բերել են Աստղիկ բժշկական կենտրոն, ներքին օրգանները բոլորը պայթած են եղել. միայն սիրտն է աշխատել: Գլխից է հարված ստացել՝ բեկորային, գլխի հետևի մասը լրիվ բաց է եղել, դե էլ ձեռքերի ու ոտքերի մասին չասած»:

Քույրը հիշում է, թե ինչպես, երբ հարցրել է եղբորը՝ Եփրե′մ ջան, բայց ուզո՞ւմ ես գնալ Ղարաբաղ, ասաց՝ քո′ւր, բա որ ես չգնամ, էլ ո՞վ գնա, բա պիտի գնանք, մերն է: Քույրն ասաց, որ Եփրեմը շատ էր խոսում ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս տղաների մասին. «Ասում էր՝ Կյաժին (ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մականունը.-խմբ) ես չեմ ճանաչում, բայց Կյաժն իմ ախպերնա, և եթե ես էլ իր տեղը լինեի, ես էլ էի նույնն անելու»:

Անուշն արցունքն աչքերին պատմեց. «Իրենք մտերիմ հինգ ընկերներ էին մանկության, որոնցից մեկը ևս զոհվել է: Նրանք հինգն էլ սովորություն ունեին. ոտքից գլուխ սև էին հագնում՝ նույնիսկ թաշկինակներն էին սև: Բանակի քեֆի օրը հարցրի՝ ինչո՞ւ եք սև հագնվել, ախր սա ուրախության առիթ է, ասացին՝ քո′ւյրս, դա կապ չունի. սևը մերն է, մեր գույնն է: Ցավալի է, որ մենք այսօր հիշել ենք դա, թե ինչքան էին սևի մեջ, ու այսօր, ցավոք, երկուսն իրոք սևի մեջ են»:

Եփրեմը դեռ փոքրուց է աչքի ընկել իր բնատուր խելքով, շնորհքով ու մեծերի նկատմամբ հարգանքով: Անուշը պատմեց, թե ինչպես է բոլորին զարմացրել, երբ 4 տարեկանում տրակտորն ինքն է քշելով բերել տուն, քանի որ հոր ոտքը վնասվել է:

Գյուղի բնակիչները բազում հիշողություններ ունեն Եփրեմի հետ կապված. նրանցից մի կին պատմել է, թե ինչպես է Եփրեմն իրեն տեսել ծանր բեռներով գնալիս, կանգնել է, նստեցրել մեքենան ու հասցրել տուն: Եփրեմի մայրն աշխատում է Սոլակի համայնքապետարանում: Անուշ Հովհաննիսյանը պատմեց, թե ինչ է ասել Եփրեմը մայրիկին. «Ասում էր, մա′մ ջան, պա′պ ջան, տան վերանորոգումը հին է, տանը ձեռք չտաք. գնամ բանակ, գամ, բոլորն իմ ուզածով եմ սարքելու: Ասել է՝ մա′մ ջան, գնալու եմ, գամ, էլ չես աշխատելու, գալու եմ, ես եմ աշխատելու, քեզ պահելու: Լիքը թոռներ ես ունենալու, այս տունը այնքան է լցվելու էրեխեքի ճիչով, որ կյանքի դառնությունները լրիվ անցնեն»:

Եփրեմի պապիկն էլ մեծ նպատակներ ուներ թոռան հետ կապված: Անուշը մեզ փոխանցեց, թե ինչպես է սգացել պապիկը. «Պապն ասում էր՝ թոշակս հավաքում եմ, որ Եփրեմս գա, ավտո առնեմ: Թաղման օրը պապը լացելով ասում էր՝ Եփրե′մ ջան, ես իմ թաղման փողը չէի հավաքում, հավաքում էի, որ քեզ ավտո առնեմ, տղե′ս, ինչի՞ չեկար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Եփրեմ Հարությունյանի քույրը՝ Անուշ Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30