Լիլիթ Մեջլումյանը ցավով, բայց եւ հպարտությամբ է խոսում հայրենիքի համար անմահացած սիրելիի` 29-ամյա կապիտան Հայկ Ալեքսանյանի մասին, ասում է` հոկտեմբերին Հայկը պետք է մեկ ամսով արձակուրդ գար, ամուսնանային, բայց պատերազմը խանգարեց իրենց երջանկությանը. «Հայկի մայրն ասում էր` մեր ուրախության սեղանը դարձրին սգո սեղան»
Նշանածի մասին խոսելիս Լիլիթը հավելում է. «Հայկը նժդեհական տեսակ էր, շատ է սիրում Նժդեհին, հաճախ նրա գերեզմանին էր այցելում, նաեւ Եռաբլուր էր գնում, խոնարհվում տղաների շիրիմների առաջ, նրանց մեջ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված իր ընկերներն էին»:
Լիլիթը պատմում է, որ Հայկը գերազանց սովորել էր դպրոցում, այնուհետեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, վերապատրաստվել Լեհաստանում, Ֆրանսիայում: Համալսարանն ավարտելուց հետո 2013-ից մինչեւ իր կյանքի վերջին օրը Հայկ Ալեքսանյանն անմնացորդ ծառայել է հայրենիքին: Նա սիրում էր կարդալ, սիրում էր հայկական մշակույթը, այն ամենը, ինչը հայկական էր:
«Իր քեռին պատմում էր, որ երբ երեխա ժամանակ գումարն էին տալիս, որ Սնիկերս գնի, Հայկն այդ փողով գրենական պիտույքներ էր գնում»,-ասում է Հայկի նշանածը:
Կարդացեք նաև
Լիլիթը պատմում է, որ նշանածի մահից հետո բլոկնոտ է գտել ու նրա ձեռագրով արված հետաքրքիր գրառումներ գտել, ասում է՝ Հայկը կարծես մայիսին կանխատեսել էր, որ պատերազմ պետք է լինի: «Իմ խորին համոզմամբ, էսօրվա թուրքի դեմ կհելնենք համատարած, փախչողները կլինեն քիչ` ի հակառակ, ասենք, 1918թ Լոռու կամ Իջեւան-Դիլիջանի կողմերի…Այդ միտքն իհարկե, ուրախալի է: Երանի գար, կայանար Նոր Հայը, տեսնեինք կամ լինեինք Նժդեհի ասած էդ սերունդը»,-գրել էր կապիտանը:
Հայկի դասախոս Անժելա Կիրակոսյանը գրել է, որ Հայկը չափազանց համեստ ու բարեկիրթ մարդ էր ու հզոր ներուժ ուներ: Իսկ Հայկի ընկեր Արմենի խոսքով, Հայկի մեջ ուրիշ հայրենիք կար, ինքն ուրիշ կերպ էր սիրում հային ու Հայաստանը, նրա մասին հիացմունքով են խոսել այլ սպաներ ու իր զինվորները:
«Հայկն ինձ ասում էր՝ սպայի սիրելի լինելն էլ է մասնագիտություն, ու ես սովորեցի այդ մասնագիտությունը։ Իսկ հիմա անմահ հերոսի սիրելի լինելու մասնագիտությունը պետք է սովորեմ»,-հուզված նշում է Լիլիթը:
Նա հիշում է նաեւ նշանածի հարցազրույցներից մեկում ասված այն միտքը, որ խաղաղությունը կյանքի գին արժի: Լիլիթը նշում է` Հայկը կարեւոր 3 դիրքերը պահելուց հետո վիրավորվել էր հոկտեմբերի 9-ին, ութ օր փնտրել էին վիրավորների մեջ, հետո արդեն մահացած գտել: Վերջին անգամ նրա հետ խոսել էր հոկտեմբերի 9-ի լուսադեմին, ասում է՝ մայրը չգիտեր, որ որդին Արցախում է: «Առաջինը բանը, որ ինձ հարցրեց, հետեւյալն էր` մաման հո չի՞ վախեցել»,-հիշում է Լիլիթը:
Լիլիթն ասում է, որ Հայկը տուն, ընտանիք էր երազում, երազում էր առաջնեկը աղջիկ լինի. «Ասում էր տղաներ շատ ունեմ, նկատի ուներ իր զինվորներին, երազում էր, որ երեխաներին Կոմիտասի երգերով քնեցնենք: Հայկը սիրում էր ազգային պարերը, ինքը ինքնուս սովորել է դրանք: Շատ էր ուզում, որ բանակում ռազմապարեր ուսուցանվեն, գիտեր պարերի ծագումնաբանությունը, ինչու են մարդիկ պարել, որ շարժումը ինչ իմաստ ունի, եւ խոսքով էր կարողանում բացատրել, եւ ցույց էր տալիս, շատ էր սիրում Գագիկ Գինոսյանին:
Հայկը հրետանավոր էր, իր հուղարկավորությունը հոկտեմբերի 19-ին էր, իսկ այդ օրը հենց Հրետանավորի օրն էր…Հայկն ահավոր հայրենասեր էր, հոգատար…Մինչեւ վիրավորվելը իր բոլոր զինվորներն անվնաս են եղել, մինչեւ վերջին պահը ինքը հասցրել է փրկել իր երեխեքին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Մեջլումյանը: