Զրուցակիցս Արցախյան նորօրյա պատերազմի մասնակից Անդո Օհանյանն է։
-Անդո, առաջին օրից լծվել ես հայրենիքի պաշտպանությանը։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեիր այդ օրերին և հիմա:
-Այո, սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց ընկերներիս հետ առանց վարանելու վեր կացանք, ու գնացինք հայրենի հողը պաշտպանելու: Այդ օրերին և հիմա մեծամասամբ զգացողություններս նույնն են։ Զգում ու գիտակցում էի, ինչի համար եմ պայքարում, և հիմա առավել մեծ է վրեժի զգացումը: Դեռ շատ անելիք ունենք, մեր հայրենի հողերը պետք է հետ վերցնենք ու մեր զոհված հերոսների վրեժը լուծենք։
-Պատերազմը ի՞նչ փոխեց քո մեջ:
Կարդացեք նաև
-Դժվարանում եմ պատասխանել, թե պատերազմը ինչ փոխեց իմ մեջ….ուղղակի կասեմ, որ պատերազմը հիմնովին փոխեց ինձ:
-Մեծ ցավ ենք ապրում մեր հերոս տղաների համար, ովքեր անմահացան և լույս դարձան։ Մարտական և զինակից ընկերներիդ կորուստը կարծում եմ, որ կյանքին ուրիշ տեսանկյունից նայելու պատգամ է նաև, որ մի օր Հայրենիքը իր գիրկն է տանում… Ի՞նչ հուշեր ունես այդ օրերից:
-Շատ մեծ ցավ, անասելի մեծ։ Հուշեր միայն հիշողությունների տեսքով….լիքը հիշողություններ, որոնք մեծամասամբ միայն ցավ են պատճառում… Հիմա կլռեմ, մի օր ավելի մանրամասն կխոսենք հիշողություններից ու հուշերից։
-Շոկոլադե սալիկի պատմությունը, որը մեծ տարածում գտավ, կպատմե՞ս:
-Ջաբրայիլում էինք, եկել էինք հանգստանանք, որ գնանք հերթափոխի։ Դե քանի որ մեր ընկերական շրջապատում ամենաշատը ես եմ քաղցր ուտում ընկերներիցս` Հրաչը բերեց ցույց տվեց շոկոլադը ու էլի պահեց։ Դե, մի քիչ ջղայնացնելուց հետո եկավ տվեց ինձ ու ասեց` պահի, որ ես, դու, Արթուրը ուտենք… Երբ դրեցի գրպանս, էդ պահին գրադի արկերը թշնամին շաղ տվեց մեզ վրա, որտեղ հանգստանում էինք, որ փոխեինք տղերքին… այդտեղից շատերին, որոնց մեջ նաև ես էի` տեղափոխեցին ամենամոտ բուժկետ (հոսպիտալը) ու շոկոլադը մնաց գրպանումս…. Մինչև հիմա մոտս է, որ միասին ուտենք։
– Եթե նորից առերերսվեիր պատերազմին, առաջինն ի՞նչ կասեիր նրան…
-Կասեի` միայն հաղթանակ։
-Ի՞նչ հերոսական դրվագների ես ականատես եղել։ Ընկերն ընկերոջ օգնելու, վիրավորին փրկելու։
-«Նահանջ» հրամանից հետո նահանջ չանելու տարբեր դրվագների, վիրավոր վիճակում նորից կռվելու, ու էլի շատ-շատ հերոսական դրվագներ, որ չեմ առանձնացնի, որովհետև ժամերն ու օրերը չեն հերիքի պարզապես…
-Ներքին վստահություն ունե՞ս ապագայի հանդեպ:
-Համոզված եմ, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու։ Հայը երբեք չի ծնկել ու չի ծնկելու։ Հարցից մի փոքր շեղվեմ ու կոչ անեմ ժողովրդիս, որ պառակտվելու փոխարեն մտածենք միայն ավելի ու ավելի հզորանալու մասին, որպեսզի թշնամուն կարողանանք տանք արժանի հակահարված՝ հարկ եղած դեպքում։ Մաքրենք թուրքանման հայերին մեր միջից, քանի որ մենք պարտվեցինք ոչ թե թուրքական մեծաքանակ զորքերին, այլ մեր ներսի թուրքանման դավաճաններին, որոնց ամաչում եմ հայ անվանել։ Մենք առաջնագծում չենք պարտվել, մեզ հաղթեցին մեր երկրի ներսում…
Զրույցը` Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ