Համընդհանուր կարանտինից հնարավոր է խուսափել, եթե խստորեն պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։
Նրա ներկայացմամբ՝ համընդհանուր լոքդաունի գնալը կախված է տվյալ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության մակարդակից․«Քովիդ-19 –ի դեմ պայքարում խիստ մեթոդներն անհրաժեշտ են, բայց պետք է հաշվի առնել վնասները, այն դժվարությունները, որոնց մարդիկ առնչվում են այս սահմանափակումների ժամանակ։ Օրինակ՝ գենդերային բռնությունը, աշխատանք կորցնող մարդկանց թիվը, հաշմանդամություն ունեցող մարդկանց քանակը եւ այլն։ Բացի այս, պետք է այնպես անել, որ առողջապահության համակարգը հնարավորություն ունենա զբաղվել նաեւ այլ հիվանդությունների բուժմամբ։ Լոքդաունը ծայրահեղ միջոց է, որին պետք է տվյալ պետությունը գնա»։
Նա նշեց՝ չնայած ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսով հիվանդացության 18% աճով, բայց կան երկրներ, որտեղ իրավիճակը կայունանում է, բայց եթե անգամ երկրում իրավիճակը սրվում է, դա չի նշանակում, որ անհրաժեշտ է գնալ համընդհանուր սահմանափակումների, պարզապես հարկավոր է տեղային խստացումների ճանապարհով գնալ, եւ իհարկե, պահպանել կանոնները՝ դիմակներ կրել, հետեւել հիգիենայի կանոններին․ «Եվ սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել սուրբծննդյան տոներից, պարզապես պետք է խուսափել զանգվածային միջոցառումներից»։
Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութի մասին էլ պարոն Կլյուգեն ասաց, որ նախորդ շաբաթ միջազգային համաժողով է տեղի ունեցել, որին մասնակցում էին նաեւ ռուս մասնագետները․ «Մենք պատվաստանյութի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում ենք արել, հիմա այդ գործընթացն արագացրել ենք»։
Կարդացեք նաև
Ռուսական պատվաստանյութը ԵՄ-ում գրանցելու հավանականության մասին հարցին ի պատասխան ԱՀԿ-ի մասնագետներն ասացին, որ գրանցման համար արտադրողը պետք է տվյալ երկրում հայտ ներկայացնի, իսկ ԵՄ-ում դեղերի գրանցման համար կոնկրետ պահանջներ կան եւ կարգավորող մարմինն էլ խիստ պահանջներ է ներկայացնում։
Կրկնավարակի դեպքերի մասին էլ ԱՀԿ մասնագետներն ասացին, որ նոր են ուսումնասիրում, թե վարակվելուց հետո օրգանիզմում որքան են պահպանվում հակամարմինները։ «Անցյալ շաբաթ գիտական հրապարակում է եղել, ըստ մասնագետների, կորոնավիրուսով վարակվելուց եւ բուժվելուց հետո օրգանիզմը դիմադրողականություն է ձեռք բերում մեկ ամսով»,-ասաց ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների հարցերով ավագ մասնագետ Կատրին Սնոուվուդը։ Այնպես, որ ԱՀԿ մասնագետները խորհուրդ են տալիս՝ անկախ նրանից, հիվանդացե՞լ եք կորոնավիրուսով, թե՞ ոչ, պահպանեք կանոնները, եւ հատկապես կրեք դիմակներ։
Ընդ որում, մասնագետները վստահեցրին, որ չի կարելի կանխարգելման եւ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար հակաբիոտիկներ ընդունել, նույնիսկ հիվանդության թեթեւ դեպքերում խորհուրդ չի տրվում, քանի որ հակաբիոտիկները քովիդ-19 -ի բուժման դեպքում չեն աշխատում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ