Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի վախճանումով մեր Եկեղեցին կորցրեց իր նվիրյալ ու քաջակորով սպասավորին». Սրբազանի աճյունը ամփոփվեց Շուշիի հաղթանակին նվիրված խաչքարի հարևանությամբ

Նոյեմբեր 24,2020 16:35

Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վանաձորում նախագահեց Գուգարաց թեմի առաջնորդ լուսահոգի Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հուղարկավորության արարողությունը։

Առավոտյան Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսքով դիմեց հոգևոր դասին, բարեհիշատակ Սեպուհ Սրբազանի վշտակիր հարազատներին և Գուգարաց թեմի հավատացյալներին։

«Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հայրեր,

Սիրելի սգակիր հավատացյալներ,

Կորստի ծանր զգացումով ու խոր վշտով սգում ենք մեր Եկեղեցու բազմավաստակ հոգևորականի՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի անժամանակ մահը։ Ամենքիս համար դժվարին այս պահին Մեր սրտաբուխ աղոթքները թող ուղեկից լինեն լուսահոգի Սրբազանին դեպի երկնային հավիտենական կյանք նրա ճանապարհին։

Սեպուհ Սրբազանին ճանաչել ենք հոգևոր ճեմարանում նրա ուսանողական տարիներից։ Նա ծնվել է Արևմտյան Հայաստանում, Փոքր Հայքի Մալաթիա քաղաքում, ապա մանուկ հասակում ծնողաց հետ ներգաղթել հայրենիք և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում։ Կյանքի ողջ ընթացքին Սրբազանի սիրտն ու հոգին անքակտելիորեն կապված մնացին իր ծննդավայրին՝ մեր պատմական հայրենիքին, մեր սրբություններին, մեր հայրերի ստեղծած հարուստ ժառանգությանը։

Դեռևս ուսանողական տարիներից Սրբազանն առանձնանում էր իր եռանդուն ու աշխույժ բնավորությամբ, մեր ժողովրդի բարօրությանն ու մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը իր ջանքերը բերելու ազնիվ ձգտումներով։ Ավարտելով հոգևոր ուսումնառությունը՝ լուսահոգի Սրբազանը երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվեց կուսակրոն հոգևորական։ Նա վարչական տարբեր հանձնառություններ ստանձնեց Մայր Աթոռում, հովվական սպասավորություն իրականացրեց հայրենիքում և արտերկրում՝ իր կարողություններն ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը։

1997 թվականին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լուսահոգի Սրբազանը ծառայության կոչվեց Գուգարաց թեմի Առաջնորդի պաշտոնին և արժանացավ եպիսկոպոսական օծման՝ նոր ու առավել պատասխանատու հանգամանքով շարունակելու իր ծառայությունը Բարձրյալն Աստծուն ու հավատավոր մեր ժողովրդին։ Բարեհիշատակ Սեպուհ Սրբազանը անսպառ եռանդով քարոզեց Աստծո Խոսքը իր հոգևոր առաջնորդությանը վստահված հավատավոր հայորդիներին, Բարձրյալի և մեր հայրերի հանդեպ պատասխանատվության բարձր զգացումով կարելին ի սպաս դրեց՝ վերարթնացնելու հոգևոր կյանքը Տիրախնամ Թեմում։ Շուրջ քառորդ դար նվիրյալ ծառայությամբ Սրբազանը նախաձեռնեց ու քաջալերեց Թեմի տասնյակ վանքերի ու եկեղեցիների նորոգության ու վերակառուցման աշխատանքները։ Նա եղավ մեկը այն երջանիկ առաջնորդներից, ում պաշտոնավարության շրջանում խորհրդային տարիների փլուզումից հետո Լոռվա աշխարհում Աստծո օրհնությամբ վերստին ղողանջեցին զանգերը մեր վանական համալիրների, բացվեցին դռները փակված եկեղեցիների, շարունակվեց շարականն ու աղոթքը հայ հոգևորականի մեր բոլոր սրբավայրերում։

Հոգելույս Սրբազանը ձեռնամուխ եղավ նաև սոցիալական ու բարեսիրական ծրագրերի իրականացմանը։ Նրա նախաձեռնությամբ Թեմի հովանու ներքո հիմնվեց «Ծիծեռնակ» ճամբարը, որի հարկի ներքո տարիներ շարունակ ամառային իրենց հանգիստը անցկացրեցին բազմաթիվ հայորդիներ կարիքավոր ընտանիքներից։ Գիտենք, թե ինչպիսի ուշադրություն ու սեր էր տածում նա մանկական այդ ճամբարի հանդեպ և հետևողականորեն հոգ տանում, որ հաստատության հարկի ներքո հանգրվանած մանուկների ու պատանիների համար ճամբարային օրերը հագեցած լինեն կրթական ու դաստիարակչական միջոցառումներով։

Վերջին տարիներին Սրբազանի նախանձախնդրությամբ ի կատար ածվեց «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում իր անձնական հեղինակության ու հարաբերությունների շնորհիվ կարողացավ բնակարաններ ապահովել տասնյակ ընտանիքների համար՝ իբրև աջակցություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուց։

Լուսահոգի Սրբազանը իր կարողություններն ու փորձառությունը ծառայեցրեց նաև Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությանը՝ հանձնառություններ ստանձնելով Մայր Աթոռի տարբեր հանձնախմբերում և անդամակցելով Գերագույն Հոգևոր Խորհրդին։ Նրա վաստակը մեր Եկեղեցու անդաստանում Մենք գնահատել ենք շնորհելով հոգելույս Սրբազանին Արքության պատիվ։

Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի վախճանումով մեր Եկեղեցին կորցրեց իր նվիրյալ ու քաջակորով սպասավորին: Սրբազանի մահվան կապակցությամբ այս օրերին Մենք ցավակցություններ ենք ստացել մեր Նվիրապետական Աթոռների գահակալներից՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսից, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանից, թեմակալ առաջնորդներից, մեր բազմաթիվ հավատացյալ հայորդիներից։

Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Բազումողորմ Տերը ամենառատ Իր ողորմությամբ գթա հավատարիմ Իր ծառային՝ նորոգ հանգուցյալ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանին և երկնային երանական հանգրվաններում խաղաղության մեջ ընդունի նրա լույս հոգին` արժանացնելով փառաց անթառամ պսակին: Ամենքիս սգակիր սրտերին մխիթարություն թող լինեն սիրելի Սեպուհ Սրբազանի աստվածասեր կյանքի բարի հիշողությունները և կենարար պատգամը Հիսուս Քրիստոսի. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով Իմ խոսքը լսում է ու հավատում է Նրան, ով Ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը» (Հովհ. 5.24):

Հայցում ենք, որ բարեգութն Աստված Սուրբ Հոգու մխիթարությամբ սփոփի հոգելույս Սրբազանի ընտանիքի անդամների՝ եղբայրների, քույրերի, հարազատների և համայն վշտացելոց սրտերը:

Սրբազանի լույս հիշատակը մշտապես պիտի ապրի Մեր, հոգևորականաց, մեր Սուրբ Եկեղեցու հավատացելոց հոգիներում ու սրտերում։ 

Յիշեսցէ Տէր զհոգի ծառային իւրոյ և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց աստուածութեան իւրոյ. ամէն», – ասաց Վեհափառ Հայրապետը։   

Ս. Պատարագի ավարտին հանգուցյալ Սեպուհ Սրբազանի աճյունը սգո թափորով փոխադրվեց թեմի Առաջնորդարանի բակ, ուր, լուսահոգի Սրբազանի ցանկության համաձայն, ամփոփվեց Շուշիի հաղթանակին նվիրված խաչքարի հարևանությամբ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին           

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30