«Երբ որ ասում եմ՝ ինչ-որ մարդկանց ընտրում են Արցախում, գնացեք Արցախ, էդտեղ սպառնալիք չեմ տեսնում: Երբ ասում եմ՝ դատեք ու գույքը բռնագանձեք, սպառնալիք չեմ տեսնում: Երբ որ Խաչատուրով Յուրիի որդին՝ Իգորը, ասում է, որ վարչապետը դավաճան է ու ծախել է Շուշին, ես իրեն ասում եմ՝ գիտես, եղբայր, քո պապան է փողերով ծախել Շուշին՝ ուտելով զինվորի հացը, ու քրեական գործեր կան հարուցված Յուրի Խաչատուրովի վրա հենց ֆինանսական հարցերով: Նմանատիպ մարդիկ, որ ասում են՝ ծախել են, թող մի հատ նայեն իրենց դղյակներին, չեմ կարծում, որ գեներալի աշխատավարձով կարող են նմանատիպ կարողության տեր դառնալ» ,- Aravot.am-ի հետ զրույցում facebook-ում քաղաքական գրառումներով ու մեկնաբանություններով հայտնի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն այսպես է բացատրում իր ակտիվությունը:
Անդրադառնալով նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին վիրավորական բնորոշումներ տալուն, մեր զրուցակիցը չընդունեց, որ վիրավորական արտահայտություններ են. «Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գերիների ծնողներին ասում է՝ դիմեք ինձ, կօգնեմ: Արփինե, բա մինչեւ վարչապետի հետ հանդիպումը նման օժանդակություն ցույց տայիր, թե՞ իրենց քաղաքական պապան Ալիեւի հետ արդեն համաձայնության է եկել, որ գերիներին չտան, մինչեւ իրենք չխառնվեն գործին… Դա փնթիություն է, երբ ինքը 40 օր չի ասում՝ եկեք, ինձ դիմեք, կօգնեմ, բայց երբ տեսնում է՝ իշխանությունն արդեն կոլապսից փորձում է դուրս գալ, քայլեր անել, գործ է սկսում անել, ինքը նոր սկսում է խոսել»:
Մեր զրուցակիցը պատմեց, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը եղել է մարտի դաշտում ու որեւէ օլիգարխի զավակ, որեւէ պաշտոնյայի տղա այնտեղ չի տեսել: Մեր հարցին, իսկ Նիկոլ Փաշինյանի որդուն տեսե՞լ եք, Ներսես Պողոսյանը պատասխանեց, որ նա եղել է այլ ճակատում, դրա մասին փաստերը բազմաթիվ են. «Թե ինչպես էին դավադրաբար հանձնում Արցախը, դա ես եմ տեսել»:
Մեր հարցին՝ ովքե՞ր դավադրաբար հանձնեցին, մեր զրուցակիցը պատասխանեց՝ չգիտի. «Ես չգիտեմ՝ ովքեր էին հանձնում, հետաքննություն արեք ու իմացեք՝ ինչպես ընկավ Չանախչի գյուղը, ինչպես Կարագուլախը, որը հետ էր գրավվել մեր կողմից, չգիտեմ՝ ինչ էր նշանակում այդ տակտիկական քայլերը, թե թողնում ենք առաջ գան, որ կոտորենք: Թողեցին, թողեցին ու այսօր ունենք այն, ինչ ունենք: Ու որ գոռում էին՝ Շուշին ընկել է, հանձնվել է, այդ օրն արդեն Երեւանում էի, ունեի մարտական ընկերներ, որոնք կռվում էին Շուշիում, կապ հաստատեցի հետները, նոյեմբերի 9-ին Շուշիի մատույցներում եղել են ծանր մարտեր, բայց մեր վերահսկողության տակ է եղել, բայց արցախցի շատ գեներալներ ասում էին, որ Շուշին ընկել է: Ես գրել էի՝ ղարաբաղյան նախկին կլանը ինչ-որ խաղ է պատրաստվում խաղալ, բայց ինչ խաղ խաղաց, միայն իրենց է հայտնի: Բայց հուսով եմ, որ բոլոր պատասխանատուները պատասխան են տալու: Շուշին իր պատմության մեջ մի անգամ է գրավվել: Շուշին անառիկ ամրոց էր, չէր կարող գրավվել, եթե չլիներ դավաճանություն»:
Կարդացեք նաև
Ներսես Պողոսյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ով է դավաճանություն արել՝ հաշվի առնելով, որ այսօր դավաճանության մեջ մեղադրում են միայն Նիկոլ Փաշինյանին, որը ստորագրեց եռակողմ համաձայնագիրն իր բոլոր հետեւանքներով: Ի պատասխան մեր զրուցակիցը չհստակեցրեց. «Այսօր տեսնում ենք ՝ ովքեր են հրապարակում հայտնվածները եւ ինչի համար են ցույցեր անում: Մի քանի հարյուր հոգով հավաքվում են, գոռում են՝ Նիկոլ, հեռացիր: Մարդիկ են հավաքվում, խոսում են, բայց այդ նույն մարդիկ միլիոնանոց տներ ու ռեստորաններ ունեն ու կարող էին, երբ տեսան, որ իշխանությունը ծանր վիճակում է, լուրջ հարցերում օժանդակեին, որովհետեւ մենք էնտեղ կանգնած նաեւ իրենց միլիարդներն էինք պաշտպանում: Բայց իրենց ոչ մեկի ազգականներից, տան անդամների մասին էլ չեմ խոսում, առաջնագծում չեն եղել»:
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ հանրահավաքի կազմակերպիչ ուժերից բազմաթիվ ջոկատներ են ունեցել թե ՀՅԴ-ն, թե ջոկատ է ունեցել նաեւ «Հայրենիքը» եւ այլն:
Անդրադառնալով բարձրաստիճան զինվորականների բնորոշումներին, թե Նիկոլ Փաշինյանը ոչ թե դավաճանությամբ, այլ իր անգրագիտությամբ այս ամենին հասցրեց, մեր զրուցակիցն, որը Ժիրայր Սեֆիլյանի գործով նախկին մեղադրյալ է ու մեղադրվել է կազմակերպած խմբի կազմում ապօրինի զենք շրջանառելու, Երևանի հեռուստաաշտարակը և զորամաս զավթելու նախապատրաստության համար՝ այսպես արձագանքեց. «Պարտադիր չէ, որ երկրի վարչապետն իր գիտելիքներով լինի ռազմական մասնագետ, զինվորական»: Մեր հարցին, իսկ ի՞նչ է վարչապետի համար պարտադիր, պատասխանեց. «Երկուսուկես տարի թավիշ պետք է չլիներ; Այդտեղ մեղադրում եմ մեզ՝ բոլորիս, երբ որ դիմացինդ խուլիգան է, ինքը չի հասկանա, եթե մեկը կալանավորվում է ինչ-որ տատիկների թալանելու համար, ուզում ես իրեն քսան անգամ կալանավորի, ինքը ազատ արձակվելուց հետո էլի գնալու է տատիկ թալանելու: Թավիշը սուտ էր, երկու ամիս հետո արդեն թավիշի վերջը պետք է դրվեր, հասկացողն արդեն հասկացել էր»:
Նա նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին չի համարում պարտված ղեկավար. «Պատերազմը դեռ չի ավարտվել, սա պատերազմի սկիզբն է: Մենք պարտվել ենք միայն հեղափոխությունից հետո, երբ թավիշ արեցինք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ