Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՌԴ դեսպանատան մոտ էին հավաքվել անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք նամակ-խնդրագիր են ստորագրել ու իրենց տվյալներով փոխանցել ՌԴ դեսպանին:
«Մենք ամեն ճանապարհ փորձեցինք՝ ՊՆ, Կարմիր խաչ, ՀՀ կառավարություն: Երեկ հանդիպում եղավ վարչապետի հետ: Մեզ չեն բավարարում այն քայլերը, որոնք կատարել են, չենք տեսնում արդյունքներ: Մենք խնդրում ենք Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ ինքը աջակցի եւ ինչ-որ ձեւով ազդի Ադրբեջանի վրա, թողնեն գոնե խաղաղապահ ուժերին ու Կարմիր Խաչի ներկայացուցիչներին մտնել Ջաբրայիլ, որ գոնե ծնողները կարողանան ստանալ իրենց զոհված հերոսների դիերը: Վարչապետն ասեց՝ աշխատանքներ են կատարվում ինչ-որ հանձնաժողով է ստեղծվում: Հանձնաժողովը, գիտեք….մեր երեխան արդեն 43 օր է՝ անհայտ կորած է եւ պատկերացնո՞ւմ եք ինչ հետեւանքներ կարող են լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայող Եղիշե Զաքունցի հարազատը: Նա նշեց, որ վերջին անգամ Եղիշեի հետ խոսել են հոկտեմբերի 10-ին:
Զինվորներից մեկի մայրն էլ պատմում էր, որ մեկ ասել են՝ որդիդ վիրավոր է, մեկ ասել են՝ զոհվել է. «Հոկտեմբերի 9-ից գրել են զոհվածների ցուցակի մեջ: Եթե դու ինձ ոչ մի բան չես տվել, ինչի՞ ես գրել զոհվածների ցուցակի մեջ: Մենակ իմ երեխուն չես վնասել, իմ ընտանիքի անդամներին էլ ես վնասել, բոլորս կիսամարդ ման ենք գալիս, հոգեկան վիճակը խանգարված է, լացակումած ման են գալիս, չես կարողանում մի երեխու հետ խոսալ, աչքերը լցնում է, ես ծնող եմ, ինչի՞ համար: Տվել եմ նորմալ ձեզ երեխա, եթե մի օր ուշացնեի, ռազմականից կմտնեին իմ տուն ու կքանդեին: Որդիս 1,4 տարի ծառայում էր: 55 օր սուտ ու փուչ խոսքեր ենք լսում, ես ՌԴ դեսպանատնից էլ ոչ մի բան չեմ ակնկալում»:
Կարդացեք նաև
Հարազատներն ասացին, որ այս պահին մոտ 280 ծնողներ փնտրում են իրենց որդիներին: ՌԴ դեսպանատան նամակի տակ հավաքվել էր մոտ 150 ծնողի տվյալ: Դեսպանատնից նամակը վերցրել են, այն անձամբ կարդացել է ՌԴ դեսպանի խորհրդական Անդրեյ Վիկտորովիչ Շանինը. «Ինքը հուզվեց ու ասեց՝ ամեն ինչ կանենք, որ ՌԴ-ի կողմից օգնենք»: Դեսպանատնից վստահեցրել են, որ նամակն այսօր կլինի Մոսկվայում ու կանեն ամեն ինչ, որ օգնեն: Դեսպանատուն նամակը փոխանցած Եղիշե Զաքունցի հարազատը հարցրել է՝ ի՞նչ է լինելու դրա արդյունքում, խորհրդականը պատասխանել է, որ նամակին ընթացք են տալու հենց հիմա. «Ինքը փոխանցելու է դեսպանին, այդ նամակը մեր խնդրանքով հասցնելու են Մոսկվա կառավարության սեղանին»:
Այս պահին անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարության առջեւ են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ