Ոստիկանությունն այսօր խուզարկություն է իրականացրել նաեւ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանի բնակարանում: «Որեւէ բան չեն առգրավել: Կասկած ունեին, թե ես պատրաստվում եմ առաջիկայում անօրինական հավաքներ կազմակերպել եւ տվյալներ ունեին, թե իմ բնակարանում դրա համար նախապատրաստված նյութեր կան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Կարապետյանը:
Նշենք, որ Սարգիս Կարապետյանն առնչվում է սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու գործին:
Նա պատմեց. «Ամսի 26-ին են հրավիրել՝ մեղադրանք առաջադրելու համար: Ես այս օրերին հավաքների չեմ մասնակցել: Թբիլիսյան խճուղում օրեր առաջ քաղաքացիները ճանապարհ էին փակել, ես էլ եմ այնտեղ եղել: Բայց դա եղել է ինքնաբուխ»:
Մեր զրուցակցի խոսքով. «Որեւէ մեկը որեւէ բան չի կազմակերպել: Ինձ մեղադրում են կազմակերպիչ լինելու համար: Դատարանն իմ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչեց եւ ազատ արձակեց, եւ հիմա փորձում են ճնշումներ գործադրելով՝ վախեցնել մարդկանց, որ ազատ կամքը չարտահայտեն: Ես իմ ազատ կամքն եմ արտահայտել Թբիլիսյան խճուղում, եւ շատ մարդիկ են ինձ հետ համաձայն եղել: Որեւէ մեկին չեմ հրավիրել, չեն ստիպել»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքների մասնակիցներն այս օրերին բերման են ենթարկվում, նրանց մեղադրանքներ են առաջադրվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ