Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյոմը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը. մերօրյա հերոսները. Արտյոմ Առաքելյան

Նոյեմբեր 24,2020 15:35

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառումը

Արտյոմը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը․․․

Արտյոմ Առաքելյանը ԵՊԲՀ այն սովորողներից է, որի մասին ևս պատերազմի հետևանքով ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով։
Ժպտադեմ երիտասարդը ծնվել է 1997 թվականին Երևանում։ Սովորել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։ 2015 թվականին ընդունվել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետ։ Մեկ տարի անց փոխել է ֆակուլտետը և ուսումը շարունակել Ստոմատոլոգիական ֆակուլտետում։ Նպատակ ուներ դառնալ ստոմատոլոգ՝ շարունակել իր երջանկահիշատակ հայրիկի գործը։ Տան միակ տղան էր, ուներ ավագ քույր։

«Շատ բարի, հոգատար, խաղաղասեր ու մարդասեր ընկեր էր։ Այս տեսակ մարդ գտնելը մեր օրերում շատ դժվար է, իսկ այդպիսի ընկեր ունենալն արդեն մեծ բախտավորություն։ Սովորելու հետ զուգահեռ ակտիվ ուսանողական կյանք էր վարում։ Միասին կազմակերպել և մասնակցել ենք տարբեր ուսանողական միջոցառումների»,-պատմում է Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5- րդ կուրսի ուսանող Ստյոպա Ասրյանը, ով Արտյոմի հետ սովորել է երեք ու կես տարի՝ մինչև չորրորդ կուրսի կեսը։

Նրա խոսքով՝ Արտյոմն անհամբերությամբ էր սպասում ծառայությունից վերադառնալուն, որպեսզի միասին իրականացնեին հզոր համալսարան ունենալուն ուղղված բազմաթիվ ծրագրեր։

Ապագա ստոմատոլոգը շատ էր սիրում բժշկականը։ Ընկերներին խոստովանել է, որ կարոտել է համալսարանի հետ կապված ամեն ինչ։
«Հաշվի առնելով իր խառնվածքն ու բնավորությունը՝ վստահ կասեմ, որ բժշկի մասնագիտությունն ամբողջությամբ իր համար էր»,- նկատում է Ստյոպա Ասրյանը։

Արտյոմ Առաքելյանը բանակ զորակոչվել էր 2020 թվականի ձմռանը։ Ծառայում էր Մատաղիսում։ Բավականին կարճ ժամանակում հարմարվել էր ծառայությանը, հիմնական ծառայակիցներն իրենից տարիքով փոքր էին։

«Պատերազմական գործողությունների ժամանակ՝ Մատաղիսից տեղափոխվել են, բայց մեզ տեղը չէր ասում։ Միայն ասում էր, որ ամեն ինչ լավ է, չանհանգստանանք։ Վերջինն ինձ հետ է հեռախոսով խոսել՝ հոկտեմբերի 20-ին։ Ասաց նորից տեղափոխվում են, հնարավոր է կապ չլինի»,- նշում է համակուրսեցին։

Այդ օրվանից հետո մեկ շաբաթ չի զանգահարել։ Կարճ ժամանակ հետո տեղեկացել են, որ Արտյոմ Առաքելյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին։ Ծառայության ընթացքում երիտասարդ մարտիկը հասցրել է աչքի ընկնել հերոսությամբ՝ խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը։

Հոկտեմբերի 31-ին մեր օրերի հերոսը կդառնար 23 տարեկան։ Շատ էր սպասում այդ օրվան: Պատերազմից առաջ հույս էր հայտնել, որ այդ օրը արձակուրդում կլինի և ընկերների հետ կնշի ծննդյան տարեդարձը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30