Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնտեղ այնպիսի խառնաշփոթ է եղել, որ հայը հայի վրա էլ է կրակել, չեն իմացել հայը որն է, թուրքը որն է»

Նոյեմբեր 24,2020 15:15

«Լավ տղերքին եմ ասում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Ռուսաստանի, այն մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն մեր ազգին, այս սգավոր խեղճ ծնողներին օգուտ տված լինեն: Կարող է մեկը ունի լավ ընկեր՝ ինչ-որ «կրուգի», եթե կարող են՝ թող օգնեն: Մենք իրոք արդեն անելանելի վիճակի մեջ ենք հայտնվել, որովհետեւ 50 օրից ավելի է՝ մեր խնդրին լուծում չկա: Դրա համար այսօր արդեն եկել ենք ՌԴ դեսպանատան մոտ, որ խնդրենք ՌԴ դեսպանին մեզ աջակցի այս հարցով: Բոլորին եմ դիմում, լավ տղերքին, թասիբով, նամուսով տղերքին, ովքեր կարող են մեզ օգուտ տալ իրենց շրջապատով: Խնդրում եմ, տղե՛րք, միացեք եւ օգնեք»,- այսօր այսպես ՌԴ դեսպանատան մոտ անհետ կորած զինծառայողների ծնողների եւ հարազատների հավաքի ժամանակ ասաց զինծառայողներից մեկի հորեղբայրը:

Երեկ վարչապետը հանդիպել էր անհետ կորած զինծառայողների 25 ծնողի հետ ու կարծես հանդիպումից գոհ էին: Այսօր ծնողներն ասում էին, որ ոչ թե գոհ էին, այլ չբավարարեց այդ հանդիպումը ու մանրամասներ ներկայացրեցին. «Վարչապետին այնքան երկար հարցուպատասխան չի եղել, ընդամենը մի 40-45 րոպե է եղել մեր զրույցը, որից մի քանի րոպեն վարչապետը իր ներողությունն է խնդրել ծնողներից: Դրանից հետո մի քանի հարցուպատասխան է եղել, որից հետո ինքն ասաց, որ շտապում է կարեւոր հանդիպման, որը վերաբերում է հենց մեր հարցին, ասաց՝ կարեւոր հանդիպման եմ, շտապում եմ: Դրանից հետո Տիգրան Ավինյանի հետ էր հանդիպումը բավականին երկար՝ մոտ 3 ժամից ավելի:

Բազմաթիվ հարցեր են բարձրացվել՝ սկսած այն օրվանից, երբ մենք ասում էինք՝ վիրավոր տղերք կան, շրջափակման մեջ տղերք կան ընկած, որ իրենց պետք էր օգնության հասնել, մարդիկ պատճառաբանում էին՝ գիտեք ինչ կա, այս պահին այդ տարածքները Ադրբեջանի հսկողության տակ են, մենք չենք կարող: Ես անմիջապես հենց այնտեղ ասացի՝ ստո՛պ, այդպես չի, եղել է դաժե դեպք, որը անմիջապես իմ հետ է կապված, ինձ զանգել է իմ եղբոր տղան ամսի 10-ին ժամը 5 անց 40, ասել է՝ հոպար, այսպես է վիճակը, մենք շրջափակման մեջ ենք, ես 3 րոպե հետո հեռախոսազանգը փոխանցել եմ Գորիսի ռազմական ոստիկանություն, ասել ենք, որ անմիջապես օպերատիվ ուղիղ կապով կապվեք, շտապ հաղորդագրություն է, միջոցներ ձեռնարկեք անմիջապես: Ես իմ միջոցներով իմացա, որ այնտեղ այնպիսի խառնաշփոթ է եղել, որ հայը հայի վրա էլ է կրակել, չեն իմացել՝ հայը որն է, թուրքը որն է: Եղել են մեր հայկական համազգեստով հագնված: Բայց անգամ 3 րոպե հետո տված տվյալը, որ արդեն հաղորդագրությունը կա, օպերատիվ բաժինը տեղյակ է, անգամ այդ ժամանակ ինչ-որ գործողություն չեն արել, որ երեխաներին այդ անտառներից հանեն:

Հիմա ինչի՞ մասին է խոսքը, թե Ադրբեջանի տիրապետության տակ են այդ տարածքները: Հա, հասկանում ենք, տարածքներ կան, որ արդեն իրենց տիրապետության տակ են: Ի՞նչն է խնդիրը, դեռ երեկ չէ առաջին օրը պետք է Կարմիր խաչը մտներ Հադրութում աշխատեր, բայց իմացանք, որ Ադրբեջանը փակել է, չի թողնում մտնել Ջաբրայիլ, Հադրութ, նույնիսկ Հորադիզի ուղղությամբ չեն թողնում: Գիտենք, որ այնտեղ այնքան կան թե՛ վիրավոր, թե՛ զոհված, շատ-շատ կան: Ասեմ, պատերազմի ընթացքում ամենաշատ զոհերի քանակը եղել է Ջաբրայիլի տարածքում, պատերազմը սկսելուց առաջ 2100 հոգանոց գունդ է եղել դա, որոնց վրա հարձակվել է ադրբեջանական երկու կորպուսը՝ 8-10 հազար հոգի է: Պատերազմի մարդ է պատմել, ասում էր՝ հողը ոտներիս տակ դղրդում էր խրամատներից, առաջնագծից, օրինական «շպալներով» սարքած խրամատներից, ասում է՝ 60 հատ տանկ էր գալիս վրեքներս»:

Ծնողները նամակ-խնդրագիր են ստորագրել ու իրենց տվյալներով փոխանցել ՌԴ դեսպանին: Հարազատները տեղեկություն ունեին, որ ՀՀ վարչապետը իրենց հարցով հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ներկայացուցիչների հետ ու վերջիններս Ադրբեջանի ղեկավարությանը կշտամբել են՝ հիշեցնելով, որ համաձայնագրում այդպիսի կետ կա՝ վիրավորների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30