Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտաղանդ, փնթի քաղաքական հետապնդում է». խուզարկել են Միհրան Հակոբյանի բնակարանը

Նոյեմբեր 24,2020 14:34

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ ոստիկանությունը խուզարկում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանի տունը. «Դատարանի որոշման մեջ գրած է, որ պետք է որոնվեն ցույց կազմակերպելու ապացույցներ, բայց ոստիկաններն առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը»:

Ավելի ուշ Միհրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում իր տան դիմաց մանրամասնեց. «Առավոտ շատ շուտ ոստիկաններն ու քննիչները ներկայացան մեր տուն՝ խուզարկության, այն գործով, որով ինձ մեղադրանք է առաջադրվել»:

Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ Միհրան Հակոբյանը բերման էր ենթարկվել՝ սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու գործի շրջանակում, ապա դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել եւ ազատ արձակել:

«Չեն գտել ոչինչ, ինչ-որ դատարանով որոշվել էր փնտրել: Փոխարենն առգրավել են գործի եւ այս իրադարձությունների հետ կապ չունեցող իրեր: Այս ամենը տեղի է ունեցել մի շարք խախտումներով: Դատարանի որոշման մեջ հստակ արձանագրված է, թե որ քննիչը պետք է կատարի խուզարկությունը, սակայն այն կատարեց բոլորովին այլ անձ: Փնտրում էին ցուցակներ, «ռուպրներ», ապօրինի հավաք կազմակերպելու ինչ-որ պարագաներ: Բնականաբար, չեն հայտնաբերել նման բաներ իմ բնակարանից: Սա շարքային, անտաղանդ, փնթի կազմակերպված քաղաքական հետապնդում է, որը որեւէ արդյունք չի տալու: Սա որակում եմ Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ հրահանգավորած ապօրինությունների շարքի շարունակություն»,-լրագրողներին ասաց Միհրան Հակոբյանը:

Նրա խոսքով. «Օրեր շարունակ անվանական, հանձնարարված քաղաքական հետապնդման ճանապարհով Փաշինյանը փորձում է այդ թվում ինձ լռեցնել: Ես չեմ լռելու: Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժարական տա, որպեսզի մենք եւ պետությունն ապրեն: Մենք հասնելու ենք ազգային նպատակին՝ Փաշինյանն ու իր անտաղանդների բանդան պետք է պատասխան տան պատերազմի եւ Արցախը հանձնելու համար»:

Հակոբյանը հավելեց, որ իր ձերբակալությունը եւս տեղի էր ունեցել կոպտագույն խախտումներով եւ ուղիղ հանձնարարությամբ. «Իրավապահ համակարգը կատարում է Փաշինյանի ապօրինի հրահանգները: Այսօր բնակարան են խուզարկում, վաղը մեքենան կամ աշխատանքի վայրը կխուզարկեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30