«Որ ասում եք՝ ուր է ձեր պետությունը՝ չգիտեմ: Ես հույս ունեմ, որ կգա այդ գիտակցությունը՝ փոփոխություն անել ու այդ ժամանակ պետությունը կձեւավորվի: Այսպես շարունակելով՝ չենք ունենալու պետություն, բայց եթե մի բան էլ փոխենք, կարող ենք շանս ունենալ»,- այսօր «Հոդված 3» ակումբում՝ «Հայաստանն ու Արցախը պատերազմից հետո. արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով առցանց քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը:
Նա ասաց. «Տեղում ինչ-որ փոքրիկ խնդիրներ ենք լուծում, նայում ենք, ասում ենք՝ վա՜յ, ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարը եկել, այցելել է Արայիկ Հարությունյանին, բայց հետո պարզվում է՝ ամբողջ մի գյուղ մեկ շաբաթից զանգում է, ասում է՝ մենք ինչ պետք է անենք, իրենց ասում են՝ մնացեք տեղում, բայց պարզվում է՝ թուրքն է մտնում իրեն ասում՝ գնացեք այստեղից: Հիմա դա պետությո՞ւն է, թե՞ ոչ: Մենք ներողություն լսեցի՞նք այդ մարդկանցից, որ 7 օր անընդմեջ իրենց խաբել են: Դուք ասում եք՝ խնդիրներ ունենք, օրինակ, մեքենաներով տարհանման եւ այլն, իսկ գիտե՞նք ինչքան մասնավոր մեքենաներ ունենք այն տարածքներում, որոնք պարզապես առանց մեկ կրակոցի տվեցինք Ադրբեջանին: Քո ներքին հայրենակիցների հանդեպ ի՞նչ վերաբերմունք է: Այն, ոնց դու ես վերաբերվում, քո հանդեպ են վերաբերվում, եթե դու քո ներքին հարցերը չես բարձրացնում, բնականաբար, ուրիշներն են քո տեղը այդ հարցերը լուծում: Որ ասում եք՝ որտե՞ղ է ձեր պետությունը, իսկապես չգիտենք ուր է, որովհետեւ հասարակ խոսք չենք լսում, կարեկցանք չենք տեսնում, ամեն ինչ զոռով է ստացվում: Պետք է գնան ժամերով ծնողները ցույց անեն, որ իրենց հետ մարդիկ հանդիպեն…Էդիկ Բաղդասարյանն է գրում՝ խնդրում եմ, ովքեր տեղյակ չեն՝ իրենց գյուղում իրենց տունը կա-չկա, հանկարծ չգան, իսկ պետական մարմինն ի՞նչ է ասում՝ բոլորդ վերադարձեք: Վերադառնում են՝ պատուհանը չկա, դուռը չի կարողանում փակի, ցրտի մեջ նստում է, հոսանքը երկու ժամ են տալիս: Ի՞նչ անեն: Պետությունը սկսում է առնվազն ազնվությունից, այ երբ որ ազնիվ լինենք, այս ամեն ինչի հանդեպ երեւի այլ մոտեցում կլիներ: Արտաքին քաղաքականությունը միշտ էլ ներքինի շարունակությունն է, ոնց ներքին կյանքում ենք, այդպես էլ արտաքին դաշտում ենք»:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած վերջին կադրային փոփոխությունների մասին՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ դրանք հանրությանը շեղելու համար են, նման կոսմետիկ փոփոխությունները չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ հասարակական տրամադրությունների վրա, այն ձեւավորված փոփոխությունների, որոնք այսօր կան. «Ես չեմ հիշում իրավիճակի նման լարվածություն մեր երկրի պատմության մեջ, ոչ 2008-ին, ոչ 1999-ին, ոչ 98-ին, նման լարվածություն, օտար ատելություն, երկփեղկվածության մթնոլորտ ես մեր երկրի պատմության մեջ չեմ հիշում: Դրա համար այս կոսմետիկ փոփոխությունները լուծում չեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ