«Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք որոշակի քաղաքական պատասխանատվության հետ` ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի մասով, այլ նաեւ մեր մասով»,-այս մասին Երեւանի ավագանու նիստում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նրա խոսքով, իրենք, որպես Երեւանի ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտեն երկրում տեղի ունեցող իրավիճակների վերաբերյալ. «Դիրքորոշում արտահայտենք այն իշխանությանը, վարչապետին, որը երկիրը, կարելի է ասել, վթարի ենթարկեց, եւ յուրաքանչյուրս մեր մասով կրենք մեր բաժին պատասխանատվությունը, դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ, իսկ դրա համար ֆեյսբուքյան պատերը բավարար չեն»:
Պարոն Խաժակյանի խոսքով, կոլապսի ենթարկված պետական ապարատը եւ դրա ղեկավար վարչապետն իրենց անգործունակության պայմաններում խնդիրները չեն կարող լուծել. «Եթե որոշում ընդունվի, ապա Երեւանի ավագանին դիմելու է կառավարությանը, վարչապետին եւ ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, որը, 2,5 տարի սեւ ու սպիտակի բաժանելով, անարդյունավետ, ձախողակ, տգետ կառավարում ցուցաբերելով, պետք է հրաժարական տա»:
Դավիթ Խաժակյանի համոզմամբ, ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքը ձախողել է, եւ գտնում է, որ դրա գնահատականը պետք է տրվի նաեւ Երեւանի ավագանիում: «Մենք ներկայացնելու ենք այդ նախագիծը եւ առաջարկենք քաղաքապետին կամ քաղաքապետի պաշտոնակատարին այդ պահին, արտահերթ նիստով ներկայացնել այդ նախագիծը, որպեսզի մեր դիրքորոշումները ներկայացնենք»:
Նրա խոսքով, հիմա ԱԺ փոխնախագահը եւ շատ այլ պաշտոնյաներ անվտանգության աշխատակիցներով են շրջում, հավանաբար մարդկանց աչքերին նայել չեն կարող. «Անկախ նրանից` մարդիկ ճանաչում են այդ դիրքորոշումը, թե ոչ, մենք պետք է ցուցաբերենք այդ դիրքորոշումը: Առաջարկելու ենք, որպեսզի նախագիծը դրվի քվեարկության եւ այն չի ենթադրելու առանձին կուսակցական դիրքորոշում, կառուցվածքը լինելու է շատ պարզ: Այն ենթադրելու է ուղերձ կառավարությանն ու կառավարության ղեկավարին՝ անցնցում հեռանալու, որից հետո հնարավոր կլինի մյուս գործընթացների շարունակում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ