Մոսկվան ջանքեր է գործադրում պահպանելու եռակողմ փաստաթուղթը
Ռուսաստանն ու Թուրքիան ակնհայտ է, որ ունեն տարաձայնություններ՝ ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի շուրջ հարցերում: Կարելի է ենթադրել, որ տարաձայնություններն առնչվում են թե՛ տեղակայման վայրերի, թե՛ կողմերի գործառույթների իրականացման հարցերին:
Ստացվում է, որ Անկարան, այն պետությունն է, որը եռակողմ հայտարարության պայմաններից դժգոհություն ունեցող կողմն է: Եվ եթե Թուրքիայի համար ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, այսպես ասած, քողարկված դժգոհության առիթ է, ապա ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործառույթների հարցն ավելի ցայտուն է, քանի որ արդեն 2 շաբաթ է ռուս-թուրքական բանակցություններն այդպես էլ չեն ամփոփվում:
Ռուսական կողմն, իրականում, մեծ ճնշումների տակ է գտնվում նաեւ Արեւմուտքի կողմի: Պուտինը ստիպված եղավ խմբագրումներ անել անցյալ շաբաթ ռուսական հեռուստաեթերով հեռարձակված ռեպորտաժի հետ կապված, որը պատմում էր եռակողմ հայտարարության կազմման ու ստորագրման դրվագների մասին, երբ Պուտինին խնդրել էին մեկ անգամ եւս վերընթերցել հայտարարության տեքստը, ինչին ի պատասխան նա հակադարձել էր. «Ինչո՞ւ կարդամ, ես եմ գրել…»:
Կարդացեք նաև
Օրերս Պուտինը ճշգրտեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության հեղինակները ստորագրած երեք կողմերն էին: «Տեքստի վրա աշխատում էինք երեքով՝ բնականաբար ես, Ալիեւը եւ Փաշինյանը։ Այլ կերպ հնարավոր էլ չէր: Ըստ էության, դա համաձայնություն էր երկու կողմերի միջեւ, իսկ Ռուսաստանը միայն միջնորդի դեր էր կատարում, ինչպես նաեւ, ըստ այդ փաստաթղթի, իր վրա էր վերցնում ուժերի խաղաղ տարանջատման պարտավորությունը»։
Պուտինը վերջերս սկսել է բավական ծավալվել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը չճանաչելու հանգամանքի վրա: «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Դա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից եւ՛ Լեռնային Ղարաբաղը, եւ՛ նրան հարող տարածքները եղել են եւ կան Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժան մաս»,- նշել էր նա օրեր առաջ:
Հարկ է նկատել, որ նաեւ Ռուսաստանը եւ մյուս համանախագահող պետությունները չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ավելին՝ նրանք պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եվ եթե այսօր Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից պետություն՝ կճանաչի՞ Արցախը, կսատարի՞ այդ հարցում Հայաստանին… Պատասխանը, կարծում ենք, պարզ է:
Այնպես որ Պուտինի ակնարկներն այս թեմայով մանիպուլյատիվ են: Նույն դաշտում են նաեւ վերջին պատերազմում Հայաստանի ԶՈՒ-երի՝ ամբողջական չմասնակցության վերաբերյալ մեղադրանքները ռուսական կողմից: Երաշխիք կա՞ր եւ կա՞, եթե Հայաստանը պաշտոնապես ներգրավում է Արցախում պատերազմական գործողություններում՝ պատերազմը չի տեղափոխվելու Հայաստանի տարածք… Նույնիսկ ՀՀ ԶՈՒ-ի ուղիղ չմասնակցության պայմաններում վերջին պատերազմում Հայաստանի գյուղերը գնդակոծվում էին, հակառակորդի անօդաչուները խախտում էին Հայաստանի օդային տարածքը, բայց պաշտոնական Մոսկվայից որեւէ արձագանք չի եղել այդ փաստերի առթիվ, հետեւաբար Պուտինի հետեւյալ դիտարկումը, թե՝ «ՀՀ տարածքի նկատմամբ ոչ մեկ ոտնձգություն չի կատարել, եւ դա մեզ որեւէ իրավունք չէր տալիս ուղղակիորեն մասնակցել ռազմական գործողություններին», իրականությանը չի համապատասխանում, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգություններ եղել են պատերազմի ընթացքում, նույնիսկ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել:
Ինչեւէ, այս պահին, թեեւ ռուսական կողմի ջանքերով Արցախում բնականոն կյանքի վերադառնալու գործընթաց է տեղի ունենում, ակնհայտ է, որ ռուսական կողմն առայժմ ջանքերը գործադրելու է, որպեսզի թույլ չտա վերանայել եռակողմ հայտարարությունը: Պուտինի խոսքով`«ստեղծվել են պայմաններ ղարաբաղյան ճգնաժամի երկարաժամկետ եւ ամբողջական կարգավորման համար, «ընդ որում արդար հիմքի վրա` հաշվի առնելով ադրբեջանցիների, ինչպես նաեւ հայերի շահերը»:
Մոսկվան պատասխանատու է հայտարարության համար, որում կարգավիճակի մասին որեւէ բառ չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անցյալ շաբաթ նշեց, թե՝ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»։ Ալիեւը վերջերս հաճախ է սկսել կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական կարգավորման փուլ է մտել, իսկ Ադրբեջանը հարցը լուծել է ռազմական ճանապարհով։ Հետեւաբար, արձանագրենք, որ եթե, օրինակ, վաղվանից սկսվեն բանակցություններ՝ ԼՂ-ի կարգավիճակի հարցը դարձյալ փակուղում է:
Լավրովի ու Շոյգուի այցը Երեւան եւ Բաքու
Նոյեմբեր 21-ին Հայաստան բավական ներկայացուցչական կազմով ժամանեց ռուսական պատվիրակություն, որի կազմում էին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: ՌԴ կառավարական պատվիրակության կազմում էին նաեւ ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը եւ Ալեքսեյ Նովակը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը:
Լավրովը Երեւանում վերահաստատեց ՌԴ «աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին»: Փաշինյանի հետ հանդիպմանը նա նշեց, որ շահագրգռված են դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների ողջ համալիրն այն բանից հետո, այն իրավիճակում, երբ նոյեմբերի 9-ին ձգձգվող բանակցություններից հետո ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի երեք առաջնորդների հայտարարությունը: Հայտնի է, որ քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարբեր ոլորտներում մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, կորոնավիրուսի դեմ պայքարի եւ այլ ուղղություններով համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Երեւանում կայացած ճեպազրույցում Լավրովը շեշտեց, որ հայկական կողմի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ երկրի ներսում եւ արտերկրում այդ փաստաթուղթը կասկածի տակ դնելն ընդունելի չէ․ «Մենք հաստատել ենք մեր վճռականությունը՝ ամեն ինչ անել, որ այդ համաձայնագիրը շարունակի իրագործվել: Հայաստանի ղեկավարությունը՝ ՀՀ նախագահը, վարչապետն ընդգծել են, որ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, օգնել է փրկել կյանքեր, եւ նրանք ամբողջությամբ հակված են, որպեսզի այդ պայմանավորվածությունն այսուհետ էլ իրագործվի»:
Պաշտոնական Երեւանի կողմից մի հրապարակային հայտարարություն ի ցույց է դնում այն անորոշությունը, որում այսօր գտնվում է Արցախի բնակչությունը: «Բաց են մնում հարցերը, թե հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանի բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք եւ որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ», – ասել էր Փաշինյանը: Ի պատասխան Լավրովը շեշտեց, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը «հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերն այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում»։ «Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարության՝ միջգերատեսչական կենտրոնը, որը ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով եւ արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով», հավելել է Լավրովը։
Բաքվում արդեն Լավրովը շեշտեց, որ Մոսկվան ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծմանը։ «Անկասկած, մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք երկար տարիներ, Ռուսաստանի հետ միասին ղեկավարում էին քաղաքական գործընթացը, կմիանան այս խնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը եւ հիմնվելով այդ փաստաթղթի դրույթների վրա»։
Ադրբեջան կատարած այցի ավարտին տված մամուլի ասուլիսում նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում հաստատվել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնության այլընտրանքային լինելը: Նա կարծիք հայտնեց, որ կան եռակողմ համաձայնագիրը կասկածի տակ դնելու փորձեր. «Այո, կան նման փորձեր, բայց կարծում եմ դրանք չեն հաջողվի, քանի որ ԵԱՀԿ համանախագահները բազմիցս շեշտել են խնդրի կարգավորման այն սկզբունքները, որոնք իրականացվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Հակամարտության հարցում պետք է առաջին հերթին մտածել այն մասին, որ մարդիկ չմահանան, որ տարբեր էթնիկ ու կոնֆենսիոնալ պատկանելության մարդիկ խաղաղ ապրեն միասին։ Եթե սա դնենք առաջին տեղում, ապա որեւէ կասկած չպետք է ունենանք։ Իսկ եթե աշխարհաքաղաքական հավակնությունները դնենք առաջին տեղում, ապա այստեղ ոչինչ անել չենք կարող, բայց մենք հաստատակամ ենք հետ մղելու նման փորձերը հետ մղելու»,- ընդգծել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը հավատարիմ է տրանսպորտային, տնտեսական եւ ենթակառուցվածքային շրջափակումն հանելու գաղափարին. «Երբ հանվեն բոլոր սահմանափակումները, որոնք գործել են 30 տարի շարունակ, ապա շատ տպավորիչ հեռանկարներ կտեսնենք։ Դրանք թույլ կտան տարածաշրջանի տնտեսությանը լիաթոք շունչ քաշել»։
Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպմանը, ապա ինչպես Հայաստանի ՊՆ-ն հաղորդեց, այդ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները եւ հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել են ԼՂ-ի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:
Փաշինյանի հետ հանդիպմանը Շոյգուն ավելի վաղ հայտնել էր. «Մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին եւ աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` եւ՛ ռազմական, եւ՛ ռազմատեխնիկական ուղղությամբ»:
Ռուսական պատվիրակության այցերը Երեւան եւ Բաքու պետք է դիտարկել որպես Մոսկվայի կողմից արձանագրում, թե ով է «տան տերը»՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո: Համաձայնության եւ պայմանավորվածությունների պահպանումն ու կիրառումը Պուտինի համար իմիջի հարց է՝ դատելով Արցախում իրավիճակի վերաբերյալ ռուսական մեդիայի ուշադրության ու թեմայի լուսաբանման ծավալներին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ