Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ զարմանա, որ մեկ ամիս հետո պարզվի, որ ինչ-որ միութենական հանրապետության պայմանագիր ենք ստորագրում ՌԴ-ի հետ՝ ընդհանրապես ամեն ինչ տալ». Թեւան Պողոսյան

Նոյեմբեր 24,2020 13:33

Այսօր «Հոդված 3» ակումբում՝ «Հայաստանն ու Արցախը պատերազմից հետո. արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով առցանց քննարկման ժամանակ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանն ասաց, որ Ալիեւն ու Էրդողանը իրենց համատեղ երջանկություններն են փորձում կյանքի կոչել, Էրդողանն ասել է, որ իր համար Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհն ավելի մեծ նշանակություն ունի, քան բոլոր գրավյալ տարածքները իրենց կողմից: Ու այս ամենի հետ մեկտեղ մեր ներքին խնդիրները կան. «ՌԴ-ն հասկանում է, որ երկար կմնա Արցախում, բայց պատերազմը դեռ չի ավարտվել, մենք պետք է արագ պատրաստվենք հաջորդ պատերազմին, իսկ մենք զբաղված ենք այլ խնդիրներով»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց. «Դժվարանում եմ ասել՝ Հայաստանը արտաքին քաղաքականություն ունի՞, թե՞ չունի, ինչպես է Հայաստանն իրեն դիրքավորելու նոր իրողությունների պարագայում դիվանագիտական հարթակում, արտաքին հարաբերությունների մեջ: Պատերազմն ավարտվել է, բայց կարծես թե պատերազմում ներգրավված որեւէ կողմ  բավարարված չէ այն իրավիճակով, որն ունի: Ադրբեջանն ամբողջ Արցախն էր ուզում, բայց ստացել է 7 շրջաններն ու Արցախի մոտավորապես կեսը: Թուրքիան դժգոհ է, որովհետեւ ցանկանում էր այլ տեսակի ելք ու ցամաքային ուղիղ կապ Ադրբեջանի հետ Սյունիքով, որն, ըստ էության, չի իրականացել: ՌԴ-ն դժգոհ է, որովհետեւ չէր պլանավորել, որ իր խաղաղապահները պետք է տեղակայվեն, ըստ էության, Արցախի տարածքի մի հատվածում: Հայաստանն էլ բնականաբար չի կարող գոհ լինել այն իրավիճակից, որն այսօր կա: Դեռեւս լարվածությունը չունի պակասելու միտում, ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ ներքաղաքական կյանքում հետցնցումներ են, այլեւ ոչ մեկը գոհ չի: Գոհ չէ նաեւ Վրաստանը, որովհետեւ Վրաստանի հարեւանությամբ ռուսական ներկայությունը մեծանում է: Չի բացառվում, որ ՌԴ-ն ցանկանա նաեւ հայ-վրացական սահմանի պահպանության հարցը բերել օրակարգ, որովհետեւ հայ-վրացական սահմանը ոչ միայն ԵԱՏՄ, ՀԱՊԿ արտաքին սահմանն է, այլ նաև ԱՊՀ արտաքին սահման է»:

Տարածաշրջանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն էլ ասաց, որ բավականին բարդ իրավիճակ է մեր տարածաշրջանում:

Թեւան Պողոսյանը աղետալի որակեց իրավիճակն ու ասաց. «Պետությունը ձեւավորվում է այնպիսի երեւույթներից, ինչպիսին են բանակը, ինքնիշխանությունը, բայց մենք տեսանք, որ այդ ամեն ինչը զրոյացավ: Ես չեմ զարմանա, որ մեկ ամիս հետո պարզվի, որ ինչ-որ միութենական հանրապետության պայմանագիր ենք ստորագրում ՌԴ-ի հետ՝ ընդհանրապես ամեն ինչ տալ: Չեմ զարմանա, որ այդպիսի նորություն լսենք»:

Թեւան Պողոսյանն ասաց, որ հարց է՝ մենք հասկացե՞լ ենք արտաքին բոլոր վտանգներն ու սպառնալիքները. «Ռուսական երկրորդ բազան, որը ձեւավորվում է Արցախում՝ խաղաղապահների, ինժեներական զորքերն են արդեն մտել, ինչը նշանակում է շինարարություն է լինելու, փրկարարներն են մտել, դրանք նշանակում են մեծ լոգիստիկ խնդիրներ, կարող է այնպես անեն վաղը, որ օդանավակայանն էլ սկսի աշխատել: Եթե դժվար խնդիրներ լինեն, իսկ ո՞վ ասեց, որ ՌԴ-ն Վրաստանով ճանապարհ չի իր համար ապահովելու: Բացելը բանակցությունով կլինի, թե այլ կերպ՝ չեմ կարող ասել: Մենք ամեն սցենարի զարգացման պետք է պատրաստ լինենք»:

Թեւան Պողոսյանն ասաց, որ գուցե մեր պապերը ճիշտ էին, որ մտածում էին՝ ուրիշի թեւի տակ լինել մի 70 տարի, մինչեւ ուժեղանանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Արսեն ՍՈՒԼԹԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ուրիշի թևի տակ ստվերոտ է -հազիվ թե ուժեղանանք՝պատմության տարբեր շրջաններում շատ անգամներ ենք ուրիշի պարանով ջրհորը մտել և ամեն անգամ ,,ուրիշը,,իր պարանը վերցրել գնացել է մենք մնացել ենք հորում….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30