Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս դիմել «Զինվորների ապահովագրության հիմնադրամ»-ին. գործադիր տնօրենի պարզաբանումները

Նոյեմբեր 24,2020 13:23

«Այս պահին մենք ունենք 104 հատուցում, որոնք տեղի են ունեցել պատերազմից հետո: Մինչ պատերազմ ունեինք 416 շահառու ընտանիք»,- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Զինվորների ապահովագրության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Նա հայտնեց՝ այսօր ևս ունեն հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կունենան մի քանի տասնյակ նոր հատուցումներ: Պլանավորում են, որ յուրաքանչյուր շաբաթ հիմնադրամը կատարի մի քանի տասնյակ հատուցումներ:

Հարցին՝ ովքե՞ր են հիմնադրամի շահառուները, Վարուժան Ավետիքյանը պատասխանեց. «Շրջանակը հստակ է՝ օրենքով նախատեսված: Կա հստակ ցանկ: Նրանք են զոհվածի կամ անհայտ կորածի ծնողները, ամուսինը կամ կինը և երեխաները, բացառիկ դեպքերում կարող են լինել քույր կամ եղբայր: Կարող է հարց առաջանալ, թե ինչու են հատուցումները ձգձգվում: Ընտանեկան, ծնողական և ամուսնական կապերը պետք է հաստատվեն, և դրա համար հավաքագրվի համապատասխան փաստաթղթային փաթեթ. դիմումներ, որոնք կատարելու համար այս պահին ներգրավված են ՀՀ-ում մարզպետարանները և Երևանի վարչական շրջանները, կա համայնքային աջակցություն, որպեսզի մեր զոհված կամ անհայտ կորած, հաշմանդամ զինծառայողներին աջակցեն և նրանք փաթեթները ներկայացնեն ՊՆ»:

Վարուժան Ավետիքյանն ասաց՝ այս պահին զոհվածների ընտանիքներն են միայն ստանում աջակցություն, որովհետև վիրավոր զինծառայողն առաջին հերթին պիտի բուժվի, բուժման արդյունքում առողջության վերականգնում պիտի տեղի ունենա, որից հետո որոշակի փուլի, մակարդակի, երբ հասել է զինծառայողը կան նախատեսված գործընթացներ, երբ տվյալ զինծառայողն անցնում է համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա նրան տրվում է հաշմանդամության կարգ և դրանից հետո տվյալ զինծառայողն ինքն է դառնում հիմնադրամի շահառու:

Իսկ թե ինչպես պետք է գտնել հիմնադրամին և դիմել, Վարուժան Ավետիքյանը տեղեկացրեց. «Մեզ գտնելու կարիք չկա: Կառավարությունը հանձնարարել է ՏԻՄ-երին, որպեսզի աջակցեն այս գործընթացին: Ընտանիքները պետք է դիմեն իրենց ՏԻՄ-երին, Երևանում վարչական շրջաններին, որոնք ուղղորդում են քաղաքացիներին հավաքագրել այդ փաստաթղթերը՝ ապացուցելու այդ ընտանեկան կապերը և պատրաստել դիմումները: Որից հետո փաթեթն ուղարկվում է ՊՆ, ՊՆ-ն որոշակի գործընթաց իր մոտ է իրականացնում, ապա ուղարկում է հիմնադրամ: Եթե ընտանիքը չդիմի ՏԻՄ-ին, ապա ՏԻՄ-ն է գտնելու այդ ընտանիքին: Ժամկետային սահմանափակում չկա. տարիներ անց էլ այդ իրավունքը պահպանվում է»:

Հիմնադրամը տրամադրում է ֆինանսական հատուցումներ, որոնք տրվում են միանվագ և երկարաժամկետ: Հիմնադրամի տնօրենը մանրամասնեց. «Զոհված, առաջին կարգի հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքին տրամադրում ենք միանվագ 10 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, այնուհետև 20 տարի շարունակ յուրաքանչյուր ամիս վճարում ենք 200-300 հազար դրամ դրամական հատուցում՝ պայմանավորված զինծառայողի ունեցած աստիճանով: Սպաները 300 հազար դրամ է ստանում: Եթե երկրորդ կարգի հաշմանդամ է, գումարը կիսվում է, և տվյալ զինծառայողը կստանա 5 միլիոն դրամ միանվագ գումար, այնուհետև 100-200 հազար դրամ: Եթե տվյալ զինծառայողն ունի երեք և ավելի երեխա, հիմնադրամը կվճարի լրացուցիչ 100 հազար դրամ լրավճար»:

Վարուժան Ավետիքյանն ասաց՝ բազմաթիվ գործատուներ դիմում են իրենց, որպեսի մասնակցեն նախաձեռնությանը, որի շրջանակներում գործատուն հնարավորություն է ունենում իր աշխատողների կողմից վճարվող հազար դրամները բազմապատկել՝ կրկնապատկել, եռապատկել, քառապատկել, գործատուներ կան, որոնք բազմապատկումը թողնում են իրենց աշխատողներին: Նա պարզաբանեց՝ դա անելու համար հիմնադրամի կայքում պարզ պայմանագիր է տեղադրված նվիրաբերության: Գործատուն պիտի այն ներբեռնի ու ուղարկի հիմնադրամին, և դրանից հետո կդառնան այդ նախաձեռնության մասնակից: Վարուժան Ավետիքյանի խոսքով՝ յուրաքանչյուր շաբաթ մոտ 40-50 նոր գործատուներ են միանում նախաձեռնությանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30